Ազատվել ՀՀ քաղաքացի գայլից
Լավ, իսկ ինչո՞ւ են գայլերը մտնում բնակավայրեր. որովհետև Հայաստանում հետևողականորեն ոչնչացվում են անտառները։ Մեր նվաճումները հիմնականում վերաբերում են ոչնչացմանը։ Ոչնչացրել են մարդու ձայնը, այսինքն՝ քվեն, և այն գնահատել 5 հազար դրամ։ Ոչնչացրել են սոցիալական հեռանկարը և «առաջարկում» են արտասահմանը։ Վարչապետը նույնիսկ հպարտանում էր՝ մնային, որ հեղափոխությո՞ւն անեին։ Իմաստազրկել են կյանքի իրավունքը և հիմա ծրագրեր են մշակում գերեզմանոցներն ընդլայնելու և անվճար գերեզմանային տարածքներ հատկացնելու ուղղությամբ։
Իսկ, ի դեպ, ո՞ւր է գայլերի «սոցիալական իրացման» արեալը՝ անտառները։ Հայաստանը անապատային գոտի չէր։ Ոչ ոք մոտ 30 տարի առաջ չէր տագնապում, որ մեր հողային և անտառային ֆոնդը անապատացման նշաններ է ցույց տալիս։ Ոչ մեկին հայտնի չէր դեպք, երբ օձերը «սարից իջնում են քաղաք»։ Բնական միջավայրը Հայաստանում խախտված է։ Կենդանիները, մարդամեջ դուրս գալով, բնազդորեն պահանջում են գոյության իրավունքի իրացում։ Ո՞վ է այդ իրավունքի երաշխավորը։
Վերջերս կենդանաբանական թանգարանում նկարահանումների էի։ Տնօրենը պատմում էր ընձառյուծների մասին։ Նա առանց կատակելու տրամադրության ասում էր, որ վերջին տարիներին Հայաստանի արգելոցներում մնացել էր չորս ընձառյուծ։ Վերջերս պարզել են, որ չորսն էլ գաղթել են Իրան։ Որովհետև որսորդները զարմանալի անխնա են նրանց հանդեպ։ Մրցության են դուրս եկել, թե ով ավելի շատ ընձառյուծ կխփի։ Տնօրենն ասում էր, որ հիմա «հայ» ընձառյուծները Իրանի լեռներից են ծիկրակում իրենց հայրենի լեռնաշխարհին: Ասում է, որ «ռիսկ չեն անում Նյուվադիով Հայաստան մտնել»: Մինչդեռ տնօրենի տվյալներով՝ 1988թ. Հայաստանի արգելոցներում 20 ընձառյուծ կար: Այն տարիներին անտառները դեռ բավարար էին:
Ինչո՞ւ է իշխանությունը գայլերի դեմ պայքարը պատկերացնում զենքով։ Ինչո՞ւ չի փորձում վերականգնել նրանց բնական արեալը. որովհետև նա հասկանում է միայն զենքի լեզուն։ Ես հասկանում եմ, որ սեփական հողատարածք մտած գայլի հետ այլ կերպ վարվել հնարավոր չէ, հնարավոր է մոտերքում երեխա լինի։ Բայց գայլն ինչո՞ւ է իջնում բնակավայրեր։ Վերադարձրե՛ք նրան իր անտառը, որն անխնա հատել եք։ Չեք ուզում վերադարձնել, որովհետև ստիպված եք աշխատել։ Ստիպված եք գործ անել, դա երկարատև ջանք պահանջող գործ է, իսկ դուք կարճաժամկետ «առաքելությունների» ընկալումն ունեք։ Ձեզ համար ոչ մի տարբերություն չկա գայլի ու մարդու միջև։
Ի դեպ, խոսք կա՞ այն մասին, թե ինչպես են հայ գյուղացիները ոչնչացնելու գայլերին։ Եղանո՞վ, թե՞ որսորդական զենքերով։ Հիմա պատկերացրեք այդ մարդուն, որը եղանով ընկել է գայլի հետևից։ Պատկերացրեք, որ գայլը որոշում է ոչ թե փախչել, այլ հարձակվել մարդու վրա։ Ո՞վ է մեղավոր, որ գայլը գոյության այլ տարբերակ չունի։
Ի դեպ, կառավարությունը որքանո՞վ է ուշադիր իր սոցիալական քաղաքականության հանդեպ։ Դա չէ՞ որ մարդուց գայլ ստանալու ամենակարճ ճանապարհն է։ Եվ քանի՞ ընտրություն պիտի կեղծեք, որպեսզի ազատվեք ՀՀ քաղաքացի գայլից։
Թեմա
Մհեր Արշակյան










