Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալներով՝ անցած տարի ներկրվել է մոտ 92 հազ. տոննա շաքար և արտահանվել է 3,4 հազ. տոննա։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով էլ՝ անցած տարի Հայաստանում շաքարի արտադրությունն ավելացել է 2,2 անգամ՝ կազմելով 72 հազ. տոննա։ Այս թվերից ստացվում է, որ անցած տարի ներքին շուկայում շաքարի պաշարները կազմել են 160 հազ. տոննա, այն դեպքում, երբ Հայաստանում տարեկան սպառվում է 80-90 հազ. տոննա շաքար։ Ըստ էության՝ Հայաստանում կա շաքարի լուրջ ավելցուկ։ Ուշագրավ է, որ 2010թ. էլ Հայաստանում շաքարի ավելցուկը կազմել էր մոտ 50 հազ. տոննա։
Թեև շաքարը արագ փչացող ապրանք չէ, այնուհանդերձ նման ծավալների պահպանումը բավական ծախսատար է, և մեկ տարվա պաշարների կուտակումը արդյունավետ չէ, քանի որ սառեցվում են միջոցները։ Շաքարի բիզնեսը կենտրոնացած է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռքում: Նրա «Ալեքս Գրիգ» ընկերությանը բաժին է ընկնում շուկայի 99,9%-ը (ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների), իսկ «Լուս աստղ շուգր» ընկերությունը (Ախուրյանի շաքարի գործարանը) միակ արտադրողն է։
Հաշվի առնելով ներկրված և արտադրված շաքարի ծավալները՝ չի բացառվում, որ իրականում ներկրված շաքարավազը Ախուրյանի գործարանում փաթեթավորվել է և ներկայացվել որպես տեղական արտադրանք։ Մյուս կողմից, սակայն, գործարանում վստահեցնում են, որ անցած տարի ներկրել են կիսաֆաբրիկատ, և գործարանն արտադրանք է տվել սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։
Եթե հաշվի առնենք, որ գործարանը կարող է տարեկան արտադրել 220 հազ. տոննա կամ ամսական միջինը 18,3 հազ. տոննա, ապա չորս ամսվա ընթացքում գործարանում իսկապես հնարավոր էր արտադրել 72 հազ. տոննա շաքարավազ։
Ստացվում է, որ չորրորդ եռամսյակում եղել է շաքարի արտադրություն, բայց «Ալեքս Գրիգ» ընկերությունը որոշել է ներկրել 31 հազ. տոննա շաքար։ Նման ծավալների ներկրումը նաև անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ չորրորդ եռամսյակում ներկրվել է երրորդ եռամսյակում ձեռք բերված շաքարավազը, իսկ այդ ընթացքում այդ ապրանքի գներն ունեցել են նվազման միտում։
Շաքարը «մաքրվեց»
Շաքարավազի շուկայում անցած տարվա երկրորդ կիսամյակում տեղի է ունեցել լուրջ փոփոխություն՝ Պետեկամուտների կոմիտեն որոշել էր «բարձրացնել» շաքարի մաքսային արժեքը։ Այսպես, եթե առաջին կիսամյակում շաքարավազի միջին մաքսային արժեքը կազմում էր $359/1 տոննա, ապա երկրորդ կիսամյակում այն արդեն դարձել էր $747/1 տոննա։ Երկրորդ կիսամյակում մաքսային արժեքը բավական մոտ է իրականությանը, քանի որ Նյու Յորքի ապրանքային բորսայում երկրորդ կիսամյակում 1 տոննա շաքարի գինը եղել է $488-666, և եթե հաշվի առնենք տրանսպորտային ծախսերը, ապա ՊԵԿ-ի ներկայացված մաքսային արժեքն իրական է։ Ինչ վերաբերում է առաջին կիսամյակի մաքսային արժեքին, ապա այն նույնիսկ ցածր է այդ ժամանակահատվածում համաշխարհային շուկայում գրանցված նվազագույն գնից (Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազագույն գինը եղել է մայիսի 9-ին՝ 1 տոննա/$444)։
Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 39 հազ. տոննա շաքար, և հիմք ընդունենք, որ մաքսային արժեքը իջեցված է մոտ երկու անգամ, ապա կստացվի, որ 1 տոննայի հաշվով քիչ հարկ է վճարվել $107-ի չափով, իսկ ներկրված 39 հազ. տոննայի հաշվով՝ ավելի քան $4 մլն։ Նշենք, որ Հայաստան ներկրվող շաքարավազի մաքսային արժեքը ոչ իրական է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում. դժվար չէ պատկերացնել՝ ինչ ծավալի հարկեր չեն վճարվել։
Civilnet










