Գլխավոր Լրահոս

Քարի փոխարեն մետաղ ու ապակի

Քարի փոխարեն մետաղ ու ապակի

Ակնհայտ է, որ շինարարության անկումը Հայաստանում ստիպում է ցեմենտ արտադրողներին նոր շուկաներ փնտրել: Նշենք, որ Հայաստանում ոչ միայն անկում է ապրում շինարարությունը, այլև փոխվում է շինարարական տեխնոլոգիան՝ քարին ու ցեմենտին փոխարինում են մետաղե ու ապակյա կոնստրուկցիաները:

Շատերն էին համարում, որ ցեմենտի արդյունաբերությունը Հայաստանում դատապարտված է դանդաղ մահվան, սակայն նոր միտումները կարծես թե այլ բանի մասին են վկայում: Քանի որ ցեմենտի արդյունաբերության կենսունակությունը այսուհետ մեծապես կախված է լինելու արտահանման շուկաներից, արժե ուսումնասիրել, թե այդ շուկաներից հատկապես որն է հեռանկարային Հայաստանի համար:

Տարածաշրջանային միտումներ

Իրանը 2007-08 թթ. հասավ ցեմենտի 100% ինքնաբավության և ներկայում տարեցտարի ընդլայնում է ցեմենտի արտահանումը։ Իսկ Իրանն այն երկիրն էր, որը Հայաստանից ցեմենտ էր ներկրում: Հիմա այդ շուկան փակվել է, իսկ իրանական ցեմենտի արդյունաբերությունը մրցակցում է հայկականի հետ: Համենայնդեպս՝ այդ երկիրը ամուր «գրավել է» Պարսից ծոցի շուկաները: Վերջին տարիներին ցեմենտի համաշխարհային արտադրությունն աճում է հենց Իրանի, Հնդկաստանի ու Չինաստանի շնորհիվ:

Վրաստանը նույնպես ավանդաբար համարվում էր հայկական ցեմենտի սպառողներից մեկը: Սակայն 2010թ. այդ շուկան փակվեց, քանի որ Եվրոպայի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ գերմանական Heidelberg Cement-ը, Վրաստանում գործարկեց տարեկան 2 մլն տոննա հզորությամբ ցեմենտի գործարան։ Սակայն այդ գործարանի գործունեության հետ կապված առկա են անորոշություններ: Չեն արդարանում ցեմենտը Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա արտահանելու ծրագրերը, ինչի պատճառով գերմանական ընկերությունը հնարավոր է՝ դուրս գա վրացական շուկայից: Իսկ սա հայկական ցեմենտ արտադրողների համար կվերականգնի կորսված շուկան:

Ադրբեջանական Norm LLC ընկերությունը դեռ 2008թ. հայտարարեց Հարավային Կովկասում ցեմենտի խոշորագույն գործարան կառուցելու մտադրության մասին, որը պետք է տարեկան արտադրի 4 մլն տոննա ցեմենտ։ Նախատեսվում է Բաքվից ոչ հեռու գտնվող այդ գործարանի շինարարությունն ավարտել 2012թ.։ Սակայն այն կանխատեսումները, թե Հարավային Կովկասի երկրներում ցեմենտի նկատմամբ տարեկան պահանջարկը կհասնի 10 մլն տոննայի, չարդարացան: Ներկայում խոսքը ընդամենը 5 մլն տոննա սպառման մասին է: Այդ պատճառով Հարավային Կովկասի բոլոր երկրները ցեմենտի ավելցուկի խնդիր ունեն:

Բայցևայնպես, հայկական ցեմենտի հիմնական մրցակիցը թուրքական արդյունաբերությունն է: Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է գրավում ցեմենտի արտադրությամբ (տարեկան մոտ 50 մլն տոննա) և աշխարհում չորրորդ տեղը՝ արտահանմամբ։ Թուրքական ցեմենտի խոշոր գնորդներից է Ռուսաստանը, իսկ այդ շուկան Հայաստանի համար ամենահեռանկարայինն է, հատկապես 2014թ. Սոչիի օլիմպիադայի հետ կապված լայնածավալ շինարարության տեսանկյունից: Թուրքիայում ցեմենտի գործարանները կառուցվել են 1980-90-ական թթ. համեմատաբար նոր և քիչ ծախսատար տեխնոլոգիաներով։

Թուրքիան տարածաշրջանին մատակարարում է հայկականի համեմատ պակաս որակյալ, բայց էժան ցեմենտ։ Ռուսաստանը նախընտրում է թուրքական ցեմենտը, որն իր որակի համեմատ առաջարկում է մրցունակ գներ։ Ավելին՝ ռուսական ցեմենտ արտադրող խոշոր ընկերությունները ներդրումներ են կատարել Թուրքիայի ցեմենտի արդյունաբերության մեջ։ «Սիբիրսկի ցեմենտ» ընկերությունը, որը համարվում է Ռուսաստանում խոշորագույնը, €600 մլն-ով ձեռք է բերել թուրքական Italcementi Set Group-ը՝ իր չորս գործարաններով։ Իսկ դա նշանակում է, որ թուրքական ցեմենտը ավելի հեշտությամբ ճանապարհ կհարթի Ռուսաստանում, քան հայկականը։

Նշենք, որ Հայաստանում ցեմենտի խոշորագույն՝ Արարատի գործարանը նույնպես տեխնոլոգիական վերազինում է իրականացրել և ցեմենտ արտադրում է չոր եղանակով։ Սակայն գործարանին, թերևս, ժամանակ է հարկավոր ներդրումները վերադարձնելու համար։ Հրազդանի ցեմենտի գործարանը դեռևս աշխատում է թաց տեխնոլոգիաներով, սակայն տեխնոլոգիան փոխելու ակտիվ պլաններ է մշակում (ցեմենտի արտադրության չոր տեխնոլոգիան ավելի քիչ ծախսատար է)։ Հնարավոր է՝ հայկական ցեմենտն արդեն իսկ գնային ներկա առաջարկում (1 տոննան՝ մոտ $65) ավելի մրցունակ լինի թուրքականի համեմատ:

Արտաքին շուկաներում ակտիվ գործունեություն ծավալելու համար խոչընդոտ են նաև տրանսպորտային բարձր ծախսերը, ուղղակի երկաթուղային կապի բացակայությունը։ Ցեմենտի ինքնարժեքը մեծ կախվածություն ունի լոգիստիկ սխեմաներից, իսկ այդ առումով հայկական արտահանողները զիջում են իրենց մրցակիցներին: Այնուամենայնիվ, ցեմենտի հայաստանյան արդյունաբերությունը երկար ժամանակ կարող է պահպանել իր կենսունակությունը՝ տարեկան 500 հազ. տոննայի սահմաններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում