Գլխավոր Լրահոս

Ատոմները մոլեկուլ չեն դառնում

Ատոմները մոլեկուլ չեն դառնում

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության 2012թ. գերակա ուղղությունները: Նա ասաց, որ օրերս Երևանում «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն վերահաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է նոր միջուկային էներգաբլոկում ներդնել պահանջվող միջոցների 50%-ը, և առաջարկել է հայկական կողմին ներդնել մյուս մասը, ոչ թե այլ ներդրողներ ներգրավել։

«Մոտեցում է. պարզապես պետք է գնահատենք՝ որն է մեզ համար ձեռնտու։ Որպեսզի մյուս մասը ներդրվի, պետք է ձևավորել պետական պարտք և այդ միջոցներն ուղղել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մեջ։ Բայց մենք նախընտրում ենք, որ եթե լինեն այլ ընկերություններ և երկրներ և կառաջարկեն ավելի լավ պայմաններ, նրանց ներգրավենք այս գործընթացում»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե չլինեն այդ ներդրողները, ապա կառաջնորդվեն ռուսական տարբերակով, որի արդյունքում պետությունը կտնօրինի նոր էներգաբլոկի բաժնետոմսերի 51%-ը։

Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարարը մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ հայկական կողմը հակված է, որ միջուկային էներգաբլոկը կառուցի կոնսորցիումը, և ներդրվեն միջուկային էներգետիկայի երեք լավագույն դպրոցների (ռուսական, եվրոպական և ամերիկյան) տեխնոլոգիաները։ Նախնական գնահատականներով՝ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2 մլրդ, ինչը նշանակում է, որ ռուսական սցենարի դեպքում ՀՀ Կառավարությունը պետք է կատարի $2,6-3,6 մլրդ-ի ներդրում՝ պետական պարտքն ավելացնելով 50%-ով՝ այն հասցնելով մոտ $7 մլրդ-ի կամ ՀՆԱ-ի 60%-ին։

Անդրադառնալով նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացներին՝ Մովսիսյանը նշեց, որ նման կառույցների կառուցման գործընթացում ամենադժվար մասը «մինչև քլունգ խփելն է»։ «Դա բավական բարդ գործընթաց է մանավանդ անցած տարվա «Ֆուկուսիմա»-ի դեպքերից հետ»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ նոր միջուկային էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2019-2020 թթ.։

«Շրջակա միջավայրի վրա նոր միջուկային էներգաբլոկի ազդեցության գնահատում» փաստաթղթում, որը հանրությանն էր ներկայացվել 2008թ., նոր միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետ նշված էր 2017-ը։ «Եթե ատոմակայանը բավարարի միայն Հայաստանի ներքին պահանջարկը, ապա 2017թ. 1000 ՄՎտ-անոց կայանը կաշխատի ակնկալվող 90%-ից շատ ավելի ցածր հզորության գործակցով»,– նշված է այդ փաստաթղթում։ Որ նոր միջուկային էներգաբլոկը պետք է շահագործվի 2017թ., մինչ այժմ բազմիցս հայտարարել է թե՛ էներգետիկայի նախարարը, թե՛ նրա տեղակալները։

Ըստ էության՝ դեռ չսկսած կառուցման աշխատանքները՝ նոր միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետն արդեն տեղափոխվեց 2-3 տարով։

Մեծամորը կերիտասարդանա

«Օրակարգ»-ի հարցին, որ տեխնիկական կանոններով՝ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի 2016թ., և այդ պարագայում ինչպես է փակվելու առաջացող էներգետիկ դեֆիցիտը, Մովսիսյանը պատասխանեց, թե առկա են էներգետիկ հզորություններ, որոնք կարող են փակել այդ դեֆիցիտը, և բացի այդ՝ գնահատվելու է, թե որքանով է հնարավոր երկարացնել գործող էներգաբլոկի կյանքը։ Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է լինելու գնահատել սարքավորումների, հանգույցների պիտանելիությունը, անվտանգության հարցերը։

«Այսօր աշխարհում ընդունված է, որ եթե կայանները գտնվում են տեխնիկական լավ վիճակում, դրանց կյանքը կարելի է երկարացնել, և մենք կփորձենք կայանի շահագործման ժամկետը երկարացնել տասը տարով, մինչև նոր բլոկը կառուցենք»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման կամ կոնսերվացման վերջնական որոշում կընդունվի այս տարի։

Նշենք, որ Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելու համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է $239 մլն, իսկ կյանքը երկարացնելու համար, հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ $100-150 մլն:

«Նաիրիտ»-ի վարկին երաշխիք չեն տվել

Խոսելով «Նաիրիտ»-ի ճակատագրից՝ նախարարն ասաց, որ այս տարվա ընթացքում կսկսվի գործարանի ներդրումային ծրագրի իրականացումը, և այն կսկսի աշխատել։ Ներդրումային ծրագիրը ներկայացվել է չորս ընկերություններին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել։ Առաջիկայում այդ ծրագիրը կներկայացվի անկախ փորձաքննության, որից հետո կընտրվի այն ընկերությունը, որը և կսկսի իրականացնել այն։

Հիշեցնենք, որ անցած տարի էներգետիկայի նախարարությունը ԱՊՀ Միջպետական բանկի հետ համատեղ մշակել էր «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագիրը, որը գնահատվել էր $512,26 մլն։ Ընդ որում՝ այդ գումարի ընդամենը $366,46 մլն-ն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, իսկ $145,8 մլն-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի $100 մլն պարտավորությունների, $45,8 մլն-ը՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։

«Օրակարգ»-ը հարցրեց, թե արդյոք Կառավարությունը, լինելով «Նաիրիտ»-ի բաժնետեր (տնօրինում է 10% բաժնեմասը) և փաստացի բրիտանական Rhinoville Property Limited-ի գործընկեր (որին պատկանում է «Նաիրիտ»-ի 90% բաժնեմասը), փորձե՞լ է ճշտել, թե ինչու գործընկերը չի կատարել վարկային պարտավորությունները ԱՊՀ Միջպետական բանկի առջև: «Դա մեզ չի հետաքրքրում։ Գործընկերը կարող է մրսել, ես ի՞նչ, պետք է գնամ՝ ճշտե՞մ, թե նա որտե՞ղ է մրսել և ինչո՞ւ է հիվանդացել»,– պատասխանեց Մովսիսյանը՝ հավելելով, որ Կառավարությանը հետաքրքրում է «Նաիրիտ»-ի պարտքը։

Նախարարը վստահեցրեց, որ 2006թ., երբ ԱՊՀ Միջպետական բանկը $70 մլն վարկ էր տրամադրել ($39 մլն՝ «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի 89,99%-ի ձեռքբերման, 12,8 մլն՝ շրջանառու միջոցների համալրման, $18,2 մլն՝ արդիականացման ծառայությունների վճարման համար), Կառավարությունը որևէ երաշխիք չի տվել։ Նախարարը նշեց, որ Կառավարությունը երբևէ չի ունեցել սցենար, թե ինչ պետք է անի, եթե վարկը չմարվի։

Rhinoville Property Limited-ը տարեկան 12,5% տոկոսադրույքով ներգրաված վարկը պետք է մարեր մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը, բայց չի մարել, ինչի արդյունքում «Նաիրիտ»-ը դարձել է բանկի սեփականությունը։

Դիտարկմանը, որ Միջպետական բանկի վարկը տրամադրվել է ի կատարումն ՀՀ Կառավարության և բանկի միջև 2005թ. ստորագրված «2005-2012 թթ. «Նաիրիտ գործարան»-ի արտադրության վերականգնման և կաուչուկի ու այլ քիմիական արտադրանքի օպտիմալ ծավալների արտադրության վերականգնման ծրագրի մասին» համաձայնագրի, Մովսիսյանն ասաց, թե դա ընդամենը համագործակցության ուղղությունները նախանշող փաստաթուղթ էր և երբեք չի եղել երաշխիք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում