-Պարոն Կարապետյան, երբ Դուք դեռ վարչապետի խորհրդական էիք, հարցազրույցներից մեկում խոսելով ՓՄՁ ԶԱԿ-ի արդյունավետության մասին՝ նշել էիք, որ այն գործում է՝ առաջնորդվելով 2000թ. ՓՄՁ զարգացման ռազմավարությամբ։ Անցած տարվա վերջին նոր ռազմավարություն պետք է հաստատվեր։ Այն հաստատվե՞լ է: Որո՞նք են առաջնային խնդիրները։
-Այս պաշտոնին իմ նշանակվելու հիմնական նպատակը հենց ՓՄՁ ոլորտի աջակցման նոր ռազմավարության մշակումն էր և իրականացումը: Մենք նախ պետք է վերափոխենք ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպական կառուցվածքը և զարգացման մոդելը համապատասխանեցնենք նոր ռազմավարությանը: Ռազմավարության մշակման հիմքում դրվել է մասնակցային մեթոդոլոգիան, որը ներառում է փոքր բիզնեսի կողմից պետությանն առաջադրվող պահանջները և այն ծառայությունները, որոնք բիզնեսը ցանկություն ունի ստանալ պետությունից:
Մենք պետք է հասկանանք, որ պետությունը ձեռներեցության գործընկերն է, և ՓՄՁ ոլորտը ծառայությունների կարիք ունի պետությունից: Այս համատեքստում ՓՄՁ ԶԱԿ-ը պետք է դառնա ծառայությունների մատուցումը համակարգող օղակներից մեկը: Նոր ռազմավարությունը հաջորդ շաբաթ կներկայացվի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Վեջին մեկ ամսվա ընթացքում մենք աշխատել ենք ՓՄՁ ԶԱԿ-ի ներքին գործընթացները փոխելու ուղղությամբ. վերակառուցում ենք բոլոր բաժինները, մասնաճյուղերը, վերապատրաստում ենք փորձագետներին, որոնք իրենց հերթին մշակում են իրենց բաժինների ռազմավարությունը:
-Ի՞նչ փոփոխություններ է ենթադրում նոր ռազմավարությունը:
-Մենք ավելացրել ենք երկու նոր ուղղություն: Առաջինը տեղական տնտեսական զարգացումն է: Պետք է հասկանալ, որ ձեռնարկություններն աշխատում են կոնկրետ միջավայրում, ապրում են համայնքում, և համայնքն է որոշում՝ ինչով սնի այդ ընկերություններին: Տեղական տնտեսական զարգացման գործիքները կոչված են նպաստել նման միջավայրի ստեղծմանը գոնե սկզբնական շրջանում:
Այդ նպատակով յուրաքանչյուր համայնք ուսումնասիրելիս մենք փորձելու ենք այն դարձնել ավելի մոտ բիզնեսին: Արդեն երկու օրինակ ունենք. ՓՄՁ ԶԱԿ-ը Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ իրականացրել է տեղական տնտեսական զարգացման ծրագիր Վերին Գետաշենում, հիմա ընթացքի մեջ է Վաղաշեն համայնքի ծրագիրը: Կարևորն այն է, որ մենք չմտնենք համայնք մեր ծրագրով, այլ մեր ծրագիրը ադապտացնենք համայնքի, կոնկրետ ձեռնարկությունների ծրագրերին:
Երկրորդ ուղղությունն արդյունաբերական համակարգերի կառուցումն է: Մի քանի ամիս է, ինչ կառավարությունը ներդրել է արտահանման հայեցակարգը, և ՓՄՁ ԶԱԿ-ը որոշակի դերակատարում ունի արդյունաբերական քաղաքականության մեջ: Առաջինը՝ մենք պետք է գտնենք այն խոշոր ընկերություններին, որոնք կարող են օգտվել տեղական արտադրողների արտադրանքից, և կապենք նրանց: Երկրորդը՝ նպաստենք, որ ստեղծվեն փոքր ընկերություններ, որոնք կբավարարեն առկա կամ պոտենցիալ պահանջարկը:
Եթե այսօր տեղական ընկերություններից գնումներ չեն կատարվում, դա կա՛մ որակի, կա՛մ էլ տեղեկության բացակայության հետևանք է: Այս նպատակով ընթացիկ տարում Տավուշի մարզում մենք կներդնենք միկրոֆրանչայզինգի գործիքը: Օրինակ՝ կաջակցենք ձեռնարկատիրոջը, որը պատրաստվում է 15 ջերմոց կառուցել, որոնք կաշխատեն նույն տեխնիկական պայմաններով, ստանդարտներով, որակի վերահսկման նույն մեխանիզմով: Սա մասնավոր սեփականություն է, իսկ մենք կհետևենք այս գործընթացների իրականացմանը:
-Ստարտափներին ի՞նչ է սպասվում այս տարի:
-Նոր ռազմավարությունը աջակցություն է ենթադրում նաև սկսնակ բիզնեսին: Այս տարի մենք 10 ծրագիր կիրականացնենք սկսնակ բիզնեսների համար Հայաստանում, որի շրջանակում կհիմնվի առնվազն 50 նոր բիզնես, առնվազն 100 աշխատատեղով: Դժբախտաբար սկսնակների և ընդհանրապես բիզնեսի խնդիրներից մեկը Հայաստանում նախաձեռնողականության պակասն է: Ինչքան էլ ասենք, որ դաշտը և միջավայրն անբարենպաստ են, բողոքենք կոռուպցիայից, բյուրոկրատիայից, միևնույն է, նախաձեռնողականության պակաս կա բոլոր մակարդակներում: Դեմոկրատիան կհաստատվի ու կտարածվի, եթե համակարգում ավելանա քննադատող, նախաձեռնող, իրենց ապագան սեփական ուժերով կերտող մարդկանց, կազմակերպությունների թիվը:
-ՓՄՁ ոլորտը խնդիրներ ունի՝ կապված խորհրդատվության մատչելիության հետ: Ինչպե՞ս եք ծրագրում լրացնել ՓՄՁ սուբյեկտների շրջանում առկա տեղեկատվական բացը:
-Ներկայում մենք ունենք թեժ գիծ, ինչը թույլ է տալիս պատասխանել բոլոր հարցերին: Այս տարի ներդնում ենք առցանց ֆորում, որտեղ մարդիկ կարող են գրել իրենց հարցերն ու ստանալ պատասխաններ: Հիմա բանակցում ենք խոշոր կազմակերպությունների հետ, որոնք մատուցում են հարկային, իրավաբանական և նմանատիպ այլ ծառայություններ, որպեսզի նրանց մասնագետները ֆորումում հանդես գան որպես փոխձագետներ: Սա կդառնա հաճախ տրվող հարցերի լայն բազա:
-ՓՄՁ ոլորտի հաջորդ խնդիրը ֆինանսական միջոցների սղությունն է: Ինչպե՞ս կարող է լուծվել ՓՄՁ-ի համար ֆինանսական միջոցների մատչելիության հարցը:
-Մենք ունենք ֆինանսական միջոցների հասանելիության բլոկ, որտեղ առաջարկվում է երեք գործիք: Առաջինը վարկային երաշխավորությունն է: Այսօր մենք աշխատում ենք պարզեցնել այդ գործընթացը, որպեսզի երաշխիքի տրամադրումն իրականացվի երկու օրում: Հաջորդ գործիքը սկսնակ բիզնեսներին մինչև Դ3 մլն վարկի տրամադրումն է առանց գրավի, 12% տարեկան տոկոսադրույքով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով: Այսօր բանակցում ենք Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի գումարներ ներգրավենք կանանց գործարարության զարգացման համար: Այս տարի մենք կփորձենք նաև սուբսիդավորել վարկերի տոկոսադրույքները սահմանամերձ գյուղերում կամ այլ ռիսկային գոտիներում գործող բիզնեսների համար՝ իջեցնելով վարկային տոկոսները 4%-ով:
-Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր 2011թ. ընթացքում մշակվող ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի գործունեության նոր մոդելի մասին: Արդյոք նոր մոդելն արդեն ներդրվե՞լ է: Ո՞րն է այդ մոդելի առանձնահատկությունը:
-Մենք նոր հայեցակարգով վերափոխում ենք մարզային կենտրոնների ռազմավարությունը՝ դրանք դարձնելով անհրաժեշտ ծառայություններ մատուցող կազմակերպություններ: Այս տարի յուրաքանչյուր մարզ ինքնուրույն կմշակի իր ռազմավարությունը՝ ադապտացնելով այն տեղական պահանջներին: Այսինքն՝ կներդրվի ներքևից վերև համակարգը. մասնաճյուղերը հրահանգներ չեն ստանալու կենտրոնից, պարզապես կենտրոնը վերահսկողի դերում կլինի:
Մեր ծառայությունները հիմնականում նախատեսված են մարզային ձեռնարկությունների համար: Երևանը ՓՄՁ ԶԱԿ-ի համար թիրախ չէ: Չնայած դրան՝ մարզերում ՓՄՁ ոլորտը լուրջ խնդիրներ ունի՝ պայմանավորված մասնագետների, ֆինանսների պակասով, անբարենպաստ միջավայրով: Այդ նպատակով մենք նախատեսել ենք վերապատրաստման ծրագրեր, սեմինար-հանդիպումներ յուրաքանչյուր մարզում, որտեղ կհավաքվեն գործարարները և կքննարկեն մարզում առկա խնդիրները, կառաջարկվեն դրանց լուծման տարբերակները:
-2009թ. կառավարությունը ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով մի շարք ընկերությունների աջակցություն ցուցաբերեց, անգամ մասնակցություն ունեցավ դրանց կապիտալում: Սպասելիքները որքանո՞վ են արդարացել: Կառավարությունն արդեն դո՞ւրս է եկել այդ ընկերություններից:
-Մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ ՓՄՁ ԶԱԿ-ը բարեհաջող դուրս է եկել գրեթե բոլոր ընկերությունների մասնակցությունից, այսինքն՝ այդ ընկերությունները բարելավել են իրենց ֆինանսական վիճակը և այդ առումով մեր կարիքը չեն զգում: Այսօր միայն երեք ընկերությունում ենք մենք պահպանել մասնակցությունը, չնայած ունենք բավական պասիվ միջամտություն ընկերությունների կառավարման գործընթացում: Այս տարի կփորձենք ավելի շատ ներգրավվել այդ գործընթացներում, որպեսզի այդ ընկերությունների հաջողությունը մեր ծառայությունների և խորհրդատվության միջոցով երաշխավորված լինի:
Civilnet











