Գլխավոր Լրահոս

Վիճելի վիճակագրություն

Վիճելի վիճակագրություն

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»: Այս տարվա հունվարին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, նույնիսկ շինոլորտում։ Ամենամեծ աճ արձանագրվել է արդյունաբերության ոլորտում՝ 21%, իսկ ամենափոքր աճ՝ գյուղոլորտում՝ 0,1%։ Ծառայության ոլորտի աճը կազմել է 6,7%, շինարարության ոլորտինը՝ 0,5%, մանրածախ առևտրինը՝ 0,1%։

Անցած տարվա հունվարի հետ համեմատականից երևում է, որ այս տարվա հունվարին սկսել է աճել շինարարությունը, իսկ արդյունաբերության աճի տեմպը արագացել է մոտ 4 անգամ. 2011թ. հունվարին արդյունաբերությունն աճել էր 5,7%-ով։ Ծառայությունների ոլորտի աճը, սակայն, 2011թ. հունվարի ցուցանիշից մոտ երեք անգամ պակաս է։

Ստացվում է, որ եթե 2011թ. հունվարին տնտեսական ակտիվությունը խթանել է ծառայությունների ոլորտը, ապա այս տարի խթանիչը եղել է արդյունաբերությունը։

Ըստ ԱՎԾ-ի՝ արտաքին առևտրի ծավալների աճը հունվարին կազմել է 5,3%։ Այս տարվա հունվարին արտահանումը կազմել է $71,5 մլն՝ ավելանալով ընդամենը 0,4%-ով, այն դեպքում, երբ 2011թ. հունվարին այն աճել էր 30%-ով։ Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա այս տարվա հունվարին աճը կազմել է 6,6% (ներկրումը կազմել է $274,4 մլն) այն դեպքում, երբ 2011թ. հունվարին այն ավելացել էր 4,8%-ով։ Այս տարվա հունվարին ներկրումը գերազանցել է արտահանմանը 3,8 անգամ. 2011թ. այդ ցուցանիշը կազմում էր 3,6 անգամ։

Մակրոտնտեսական առանձին ցուցանիշների համադրումից անհասկանալի է արդյունաբերության ոլորտի 21-տոկոսանոց և էլեկտրաէներգիայի արտադրության 16,9-տոկոսանոց աճը։ Արտահանման, առևտրի աննշան աճի պայմաններում արդյունաբերության ոլորտի աճը կասկածելի է։ Խնդիրն այն է, որ արդյունաբերության 1/3-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանն ու մետալուրգիային, իսկ 45%-ը՝ մշակող արդյունաբերությանը։ Հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան ամբողջությամբ ուղղված են արտահանմանը, և այս ճյուղի աճը պետք է հանգեցներ արտահանման աճին, ինչը տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ապա թողարկված արտադրանքի հիմնական մասը սպառվում է ներքին շուկայում, ինչը նշանակում է, որ աճի պայմաններում պետք է ավելանային առևտրի ծավալները, ինչը վիճակագրությունը չի արձանագրել։ Հնարավոր է՝ արդյունաբերական ընկերությունները միայն արտադրել են, և չեն իրացրել արտադրանքը, և այս տարվա հունվարյան աճը կապահովի գալիք ամիսների արտահանման և ներքին առևտրի ծավալների աճը։

Առևտրի շրջանառության ծավալների ընդամենը 0,1% աճը անհասկանալի է նաև, եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանում միջին աշխատավարձերի աճի տեմպը եղել է գնաճից ավելի մեծ։ Հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4,8%, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է 7,4%-ով՝ կազմելով Դ113 հազ.: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 9,9%-ով (միջինը՝ Դ92,7 հազ.), իսկ մասնավոր հատվածում՝ 4,8%-ով (միջինը՝ Դ137 հազ.)։

Հարցեր են առաջանում նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ցուցանիշների մասով։ Եթե հաշվի առնենք, որ անցած տարի ամսական արտահանվել է մոտ 130 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա կամ մոտ $8 մլն-ի, իսկ այս տարվա հունվարին արտահանումն ավելացել է ընդամենը $300 հազ-ով, ապա անհասկանալի է էլեկտրաէներգիայի արտադրության 110 մլն ԿՎտ/ժ-ի ավելացումը։

Հնարավոր է՝ դա տեղի է ունեցել ներքին սպառման կտրուկ աճի հաշվին, բայց մյուս կողմից՝ այս տարվա հունվարին (արտադրվել է 764,2 մլն ԿՎտ/ժ) նույնիսկ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան նախաճգնաժամային 2008թ. հունվարին (արտադրվել էր 663,5 մլն ԿՎտ/ժ)։

Փաստացի ԱՎԾ հրապարակումն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան բնութագրում երկրի մակրոտնտեսական իրական վիճակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում