Փետրվարի 19-ին Գավառում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը գյուղատնտեսության զարգացումն է, գյուղապրանքների իրացման գործում գյուղացուն օգնելը: Նրա խոսքով՝ պետությունը պարտականություն է ստանձնում նման հնարավորություն ստեղծել։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ստեղծել լիզինգային ընկերություններ, որոնք ցածր և երկարաժամկետ վարկերի միջոցով գյուղտեխնիկա կտրամադրեն: Բացի այդ՝ պետությունը ևս իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակն է լինելու սուբսիդավորել գյուղտեխնիկայի ձեռքբերումը:
Ըստ վարչապետի՝ Կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություններ տալ հողատարածքների այն սեփականատերերին, որոնք մշակում են իրենց հողերը: «Այն հողատարածքների սեփականատերերը, ովքեր չեն մշակում իրենց հողերը, գտնվում են արտերկրում, հարկային արտոնություն չեն ստանա: Հողը ազգային հարստություն է և այն պետք է օգտագործել»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Փետրվարի 18-ին էլ Աշտարակում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գյուղատնտեսության զարգացումն առաջիկա հինգ տարիների ընթացքում շարունակելու է մնալ գերակա ուղղություն։ Վարչապետն ասել է, որ Կառավարությունը շարունակելու է աջակցել պարարտանյութ արտադրող ընկերություններին, որպեսզի պարարտանյութի գներն իջնեն: Նա նշել է, որ հատուկ օրենսդրությամբ կխրախուսվի համայնքներում գյուղտեխնիկայի ներմուծման լիզինգը։
Խոսք և գործ
Չնայած այս հայտարարություններին՝ Կառավարությունը կարծես մոռացել է պարարտանյութ արտադրողներին օժանդակելու մասին և նախընտրում է օգնել ներկրողներին: Դեռ 2009թ. հունիսին «Վանաձոր Քիմպրոմ» կատարած այցի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գյուղնախարարությունը մշակել է համալիր ծրագիր, որը հնարավորություն կտա պլանավորել գյուղատնտեսության զարգացումը սեփական պարարտանյութերի հիմքի վրա, և «մոտակա տարիների ծրագրերն այնպես պետք է մշակվեն, որ գյուղացիներն արդեն հիմնականում օգտագործեն տեղական պարարտանյութերը»։
2009թ. «Վանաձոր Քիմպրոմ»-ը փորձնական թողարկում էր օրական 1 տոննա կալիումական պարարտանյութ, որն անվճար բաժանվում էր տարբեր համայնքների հողագործների: Ընկերությանն անհրաժեշտ էր շուրջ $4 մլն-ի ներդրում, ինչի արդյունքում հնարավոր կլիներ արտադրել 30 հազ. տոննա կարբամիդ և 30 հազ. տոննա կալիումական պարարտանյութ:
«Վանաձոր Քիմպրոմ»-ում «Օրակարգ»-ին տեղեկացրին, որ կալիումական պարարտանյութ չեն արտադրում, և արտադրությունը սահմանափակվել էր փորձնական ծավալներով։
2011թ. դեկտեմբերին Կառավարությունը որոշել էր 1 մլրդ ($2,5 մլն) հատկացնել 25 հազ. տոննա ամոնիակային սելիտրա ձեռք բերելու համար։ Պարարտանյութի ներկրումն իրականացնելու է «Կոտայքի բերրիություն» ընկերությունը, և գյուղացիական տնտեսություններին 1 պարկ (50 կգ) պարարտանյութը իրացնելու է Դ6 հազ-ով (շուկայական գնից Դ3 հազ-ով էժան)։
Փաստորեն, Կառավարությունն ուներ հնարավորություն օժանդակել տեղական պարարտանյութի արտադրությանը, բայց ձեռք է մեկնել ոչ թե արտադրողին, այլ ներկրողին։
Civilnet











