Գլխավոր Լրահոս

Ինչու է անկանխիկը թանկ

Ինչու է անկանխիկը թանկ

Կառավարությունը փորձում է նվազեցնել կանխիկ շրջանառության ծավալները և դեռ 2008թ. Ազգային ժողովին ներկայացրել էր 2008թ. «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը։ Այդ օրինագիծը փետրվարի խորհրդարանական քառօրյայում տապալվեց։ Կառավարությունը խոստացել է օրինագիծը նորից ներկայացնել պատգամավորների դատին։

Մանրածախ առևտրի ներկայացուցիչները նշում են, որ անկանխիկ գործառույթների զարգացմանը խոչընդոտում են բանկերը։ Խնդիրն այն է, որ այսօր պլաստիկ քարտով անկանխիկ գործարքի դեպքում տնտեսավարողը բանկին որպես միջնորդավճար վճարում է առնվազն 1,5%, ինչը, ըստ նրանց, բարձր է։ Առևտրային կետերում անկանխիկ գործարքներն այդքան էլ չեն խրախուսվում հենց այդ միջնորդավճարի պատճառով։

Տնտեսավարողները նշում են, որ այդ նվազագույն շեմը սահմանել է «Արմենիան Քարդ» ընկերությունը («ԱրՔա» վճարահաշվարկային համակարգ)։ Հաշվի առնելով, որ այդ ընկերության բաժնետերեր են առևտրային 18 բանկեր և Կենտրոնական բանկը, ըստ տնտեսավարողների՝ ստացվում է, որ բանկերն իրենք իրենց համար սահմանել են նվազագույն շեմ, ինչը որոշակիորեն նման է կարտելային համաձայնության։

Գաղտնի գործունեության վարկածը ակտուալ չէ

«Արմենիան Քարդ» ընկերությունում, մեկնաբանելով տնտեսավարողների դժգոհությունները, «Օրակարգ»-ին տեղեկացրին, որ պլաստիկ քարտերով կատարված գործարքների դիմաց գանձվող միջնորդավճարները սահմանվել են դրանց շրջանառության առաջին իսկ օրվանից: Դա այն գումարն էր, որը առևտրի/սպասարկման կետը պատրաստ էր վճարել բանկին՝ վերջինիս կողմից հաճախորդին տրամադրված կրեդիտային քարտերով կատարած վճարումների դիմաց:

Ընկերության պարզաբանման մեջ նշվում է, որ միջնորդավճարի միջոցով բանկը ծածկում է վճարային համակարգին անդամակցության, վերջինիս կողմից սպասարկման, տերմինալների տեղադրման, դրանց ծրագրային սպասարկման, ինչպես նաև տերմինալում այլ թողարկող բանկի քարտի սպասարկման դիմաց վերջինիս կողմից վճարվող գումարի (սպասարկող բանկի կողմից՝ ռիսկերի փոխհատուցում) հետ կապված ծախսերը:

Ըստ «Արմենիան Քարդ»-ի՝ շուկայում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ՝ միջնորդավճարները պարբերաբար վերանայվում են համակարգի անդամ բանկերի կողմից: «Արձանագրելով վերջին 3-4 տարիների քարտերով անկանխիկ շրջանառության միտումը՝ բանկերը 3-4 անգամ վերահաշվարկել և զեղչել են միջնորդավճարները: Բանկերը մշտապես հետևում են անկանխիկ վճարումների շուկայի դինամիկային և դիտարկում վերանայման հնարավոր տարբերակները»,– նշված է պարզաբանման մեջ:

Ինչ վերաբերում է միջնորդավճարի մեծության հարցին, ապա ընկերությունում գտնում են, որ «ԱրՔա» համակարգում միջազգային քարտերով կատարված գործարքների սպասարկման դիմաց բանկերի միջնորդավճարների ծախսերի միայն երեք բաղադրիչներն են (միջազգային վճարային համակարգի կողմից բանկից գանձվող միջնորդավճարներ, բանկի անդամակցություն վճարային համակարգին, քարտը թողարկող բանկի միջնորդավճար, պրոցեսինգային կենրոնի կողմից իրականացված սպասարկման վճար) ձևավորում համակարգում միջին գործարքի գումարի 2,16%-ը:

«Միջազգային ցուցանիշների համեմատությամբ՝ Հայաստանում ձևավորված միջնորդավճարների նվազագույն շեմը զիջում է շատ այլ երկրների նվազագույն շեմերին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, օրինակ, Ռուսաստանում կամ Ուկրաինայում նվազագույն շեմն է գործառնության 1,8%-ը: Այս պարագայում հարկ է հաշվի առնել նշված երկրների անկանխիկ շրջանառության ծավալները և տոկոսային համեմատություն կատարել Հայաստանում շրջանառվող անկանխիկի հետ:

Այդուհանդերձ, հայկական բանկերը միջնորդավճարներից ստացված եկամուտներից պարբերական ծրագրերի միջոցով իրականացնում են խրախուսական մարքեթինգային միջոցառումներ: Վերջիններս իրագործվում են բանկի և առևտրի սպասարկման կետի անմիջական համագործակցությամբ՝ ձևավորելով առավել ճկուն փոխհարաբերություններ, ուստի բաժնետերերի գաղտնի գործունեության վարկածն ակտուալ չէ։ Եվս մեկ անգամ նշենք, որ առևտրի/սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ իրականացնելիս քարտապաններից գումար չի գանձվում»,– նշված է ընկերության պարզաբանման մեջ:

Միասնական սակագին հնարավոր չէ

Հարցին, թե ինչու քարտապանների թվի աճին զուգահեռ՝ չի վերանայվում միջնորդավճարը, «Արմենիան Քարդ»-ում պատասխանեցին, որ իսկապես «ԱրՔա» քարտերի թիվը գերազանցում է 780 հազ-ը, սակայն միջնորդավճարների շեմի վերանայման հիմքը ոչ թե քարտերի քանակն է, այլ քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների աճը:

Իսկ հարցին, թե ինչու Հայաստանում չի կիրառվում միջազգային փորձը, երբ ընդհանուր պրոցեսինգային կենտրոն ունեցող բանկերում գործում է մեկ ընդհանուր սակագին, «ԱրՔա»-ում ասացին, որ իսկապես, գոյություն ունեն սխեմաներ, երբ միևնույն պրոցեսինգի միջոցով աշխատող բանկերը հանդես են գալիս ծառայությունների նույն սակագներով, սակայն այդ պարագայում ամբողջ ցանցը, մասնավորապես՝ ՊՈՍ տերմինալների, պատկանում է պրոցեսինգ իրականացնող ընկերությանը, և այդ ընկերությունն է հանդես գալիս որպես սպասարկման կետերի հետ պայմանագրի կողմ:

«Մեր պարագայում, չնայած որ պրոցեսինգը միասնական է, համակարգի անդամ յուրաքանչյուր բանկ կառուցում է բանկոմատների և ՊՈՍ տերմինալների սեփական ցանց, և նրանցից յուրաքանչյուրը վարում է ինքնուրույն և անհատական շուկայական քաղաքականություն»,– ասացին ընկերությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում