Ուսումնասիրությունների առաջին փուլը ավարտելուց հետո՝ երեկ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարույթ հարուցեց 12 բուժհաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 15 ընկերությունների նկատմամբ՝ պետական միջոցներով դեղորայք ձեռք բերելիս մրցույթներ չհայտարարելու և մրցույթների անցկացման ընթացքում չարաշահումներ թույլ տալու համար:
ՏՄՊՊՀ վարույթի ներքո հայտնվել են իրացման ծավալներով շուկայի առաջատարներ համարվող «Ամիկուս», «Նատալի Ֆարմ», «Եվրոֆարմ», «Դելտա», «Մեդտեխսերվիս» ընկերությունները: Վարույթ է հարուցվել նաև այնպիսի բուժհաստատությունների նկատմամբ, ինչպիսիք են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնը, բուժհաստատություններ Վանաձորում, Կապանում, Հրազդանում, Արմավիրում, Դիլիջանում, Ալավերդիում, Մեծամորում, Սևանում:
ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեության ուսումնասիրության արդյունքում: Նշենք, որ պետական գնումների ոլորտը տարվա համար հանձնաժողովի կողմից ընտրվել է որպես առաջնահերթ, իսկ վերոնշյալ ուսումնասիրությունը վերաբերում է միայն բուժհաստատությունների կողմից պետական բյուջեի միջոցներով անմիջապես իրականացվող գնումներին:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի՝ ուսումնասիրված 134 բուժհաստատություններից 66-ը տարիներ շարունակ ընդհանրապես մրցույթ չեն անցկացրել, իսկ մի մասն էլ՝ 43-ը, դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ երբեմն հայտարարել են, երբեմն՝ ոչ: «Մրցույթներ չհայտարարելու դեպքում բուժհաստատություններն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել շատ ավելի բարձր գներով, ինչն առավել ակնհայտ է դրսևորվել այն դեպքերում, երբ վերջինները մատակարար ընկերությունների հետ եղել են փոխկապակցված»,– ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում բուժհաստատության ղեկավարը հանդիսանում է դեղորայք մատակարարող ընկերության հիմնադիրը, ինչն արգելված է օրենքով:
Ըստ ուսումնասիրության՝ հայտարարված մրցույթները հաճախ ձևական բնույթ են կրել, քանի որ մշտապես նույն ընկերությունն է հաղթել: Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բացահայտել է, որ 26 բուժհաստատությունների կողմից անցկացված 37 մրցույթներին մասնակից յոթ ընկերություններից մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսներն անհիմն պատճառներով մերժվել են:
Բացահայտվել է երեք դեպք, երբ բուժհաստատությունն առանց հիմնավորումների հրաժարվել է դեղ ձեռք բերել մրցույթում հաղթած ընկերությունից, երբ դեղերի առուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատվություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը:
Մյուս չարաշահումները վերաբերում են պետության կողմից սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերի ձեռքբերմանը: Պարզվել է, որ 28 բուժհաստատություններ դեղորայքը ձեռք են բերել իրենց ցանկությամբ ընտրված կազմակերպություններից, ինչի հետևանքով դեղորայքի գները 20%-ով գերազանցել են միջին մանրածախ գները: Արդյունքում հիվանդը, ստանալով դեղատոմսը, ստիպված է եղել դեղը ձեռք բերել բժշկի նշած մեկ, երկու ընկերություններից:
Ըստ ՏՄՊՊՀ փորձագետ Մանուկ Միքայելյանի՝ մրցութային ընթացակարգերը խախտելու հետևանքով պետությունն ահռելի կորուստներ է կրում: Օրինակ՝ «Ցեֆտրիաքսոն» դեղը, որի մանրածախ գինը Դ200 է, ձեռք է բերվել Դ1250-ով: ՏՄՊՊՀ վարույթները հարուցվել են ուսումնասիրությունների առաջին փուլի արդյունքում: Միքայելյանը չբացառեց, որ հետագայում այլ խախտումներ ևս հայտնաբերվեն:
Civilnet











