Գլխավոր Լրահոս

Ոչ միայն մետաղ, այլև թռչող ապարատ

Ոչ միայն մետաղ, այլև թռչող ապարատ

Հայաստանի արտահանման կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտահանման աճը 2011թ. ձեռք է բերվել հիմնականում մետաղների, ադամանդի ու ալկոհոլային խմիչքների հաշվին: Այսպես՝ մետաղների (հանքաքար կամ մասնակի վերամշակված) արտահանումը 2011թ. կազմել է $702,8 մլն կամ արտահանման 52,3%-ը: Համեմատության համար՝ 2010թ. մետաղների արտահանումը կազմել է $573 մլն կամ արտահանման 55%-ը:

Մետաղների մեջ առաջնությունը պատկանում է պղնձին: Սա համեմատաբար նոր երևույթ է Հայաստանի արտաքին տնտեսական կապերում՝ մինչև 2010թ. արտահանման կառուցվածքում միշտ էլ առաջնությունը պատկանել է մոլիբդենին կամ ֆեռոմոլիբդենին (պաշտոնապես այն կոչվում է «երկաթահամահալվածք»): Սակայն պղնձի միջազգային գները վերջին երկու տարում փոխվել են բարձրացման ուղղությամբ, իսկ մոլիբդենինը՝ նվազման, ինչն էլ իր հետևանքներն է թողել արտաքին առևտրի կառուցվածքում:

Որպես խտանյութ 2011թ. արտահանվել է 118 հազ. տոննա պղինձ՝ $260 մլն ընդհանուր մաքսային արժեքով: Համեմատության համար նշենք, որ նախաճգնաժամային 2008թ. Հայաստանը երկու անգամ ավելի քիչ (67,7 հազ. տոննա) խտանյութ է արտահանել, որի դիմաց հասույթը կազմել է ընդամենը $100 մլն:

Այսպիսով՝ ճգնաժամի ընթացքում և ներկայում պղինձը այն հիմնական ապրանքն է, որն ապահովել է արտահանման առաջանցիկ աճը: Պղնձի խտանյութը 2011թ. Հայաստանն արտահանել է տոննան $2200-ով, ինչը ցույց է տալիս, թե ինչ հսկայական ռեզերվներ կան արտահանման աճն ապահովելու, եթե Հայաստանում պղնձի խտանյութի վերամշակման ցիկլն ընդլայնվի: Չմոռանանք, որ պղնձի միջազգային գինը տատանվում է $8000-ի սահմաններում արդեն բավական երկար ժամանակ:

Մինչ ճգնաժամը Հայաստանը պղնձի խտանյութն արտահանում էր տոննան $1400-ով: Ճիշտ է՝ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության շնորհիվ Հայաստանն արտահանում է նաև չզտված պղինձ (այն այնուհետ զտվում է գերմանական Aurubis ընկերության կողմից), սակայն դրա ծավալները մեծ չեն: 2011թ. արտահանվել է մոտ 9 հազ. տոննա չզտված պղինձ՝ $115 մլն ընդհանուր մաքսային արժեքով (1 տոննան՝ $12,7 հազ-ով): 2008թ. համեմատ՝ չզտված պղնձի արտահանման ծավալն աճել է մոտ 50%-ով: Այսպիսով՝ Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում պղնձին բաժին է ընկնում 28%, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է:

2011թ. արտահանվել է $121 մլն-ի ֆեռոմոլիբդեն (5,5 հազ. տոննա): Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալների էական անկումներ չեն գրանցվում, սակայն ստացվող հասույթն ակնհայտորեն նվազել է: Համեմատության համար՝ 2008թ. հասույթը $210 մլն-ի էր հասնում այն դեպքում, երբ արտահանումը 5,3 հազ. տոննա էր: Ֆեռոմոլիբդենի արտահանման ռեկորդը գրանցվել է 2007թ.՝ 6 հազ. տոննա և $235 մլն: Դրանից հետո մոլիբդենի համաշխարհային գների անկումն էական ազդեցություն է թողել ճյուղի ֆինանսական արդյունքների վրա:

Նշենք, որ պղնձի և մոլիբդենի գների կանխատեսումները 2012թ. համար էապես տարբերվում են: Սակայն փորձագետները համակարծիք են մի բանում՝ մետաղների գների վրա էական ազդեցություն է թողնում Չինաստանի կողմից ստեղծվող պահանջարկը, որտեղ, սակայն, առկա են անորոշություններ:

Հայաստանի արտահանման կառուցվածքում 2011թ. երկրորդ տեղը պատկանում է ալկոհոլային խմիչքներին՝ 9,6 մլն լիտր և $132 մլն: Նախորդ տարվա համեմատ մոտ 30% աճ կա: Բայց ոլորտը դեռ չի վերականգնել 2008թ. ռեկորդային մակարդակը, երբ արտահանվել էր 13,6 մլն լիտր՝ $134 մլն մաքսային ընդհանուր արժեքով: 2011թ. արտահանման աճ կա և՛ գինու, և՛ կոնյակի մասով:

Ադամանդը ևս Հայաստանի արտաքին առևտրի կարևորագույն հոդվածներից է: 2011թ. արտահանվել է 351 հազ. կարատ ադամանդ՝ $114 մլն ընդհանուր արժեքով, ինչը մոտավորապես համեմատելի է չզտված պղնձի արտահանման ծավալներին: 2010թ. համեմատ՝ ադամանդի արտահանման ֆիզիկական ծավալը նվազել է, սակայն հասույթն ավելացել է:

Ամենայն հավանականությամբ՝ դա պայմանավորված է ավելի բարձրարժեք ադամանդների մշակմամբ, քանի որ միջազգային շուկայում ադամանդների գնի անկում կար: Նշենք, որ մինչ ճգնաժամը Հայաստանը միշտ էլ նախապատվությունը տվել է բարձրարժեք ադամանդների մշակմանը: Ներկայում արտահանված 1 կարատի միջին մաքսային արժեքը զիջում է նախաճգնաժամաին ցուցանիշներին: Այսպես՝ 2008թ. արտահանված 1 կարատ ադամանդի միջին մաքսային արժեքը $700 էր, իսկ 2011թ.՝ $320:

Այնուամենայնիվ, Հայաստանի արտահանման առաջին տասնյակում 2011թ. հայտնվել է երկու նոր ապրանքախումբ, ինչը դրական երևույթ է: Էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 1,5 մլրդ կՎտ/ժամ կամ $95 մլն: Էլեկտրաէներգիան արտահանվում է Իրան՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձևով: Սրանում իհարկե զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություններ: Զարմանալին թերևս արտահանման առաջին տասնյակում հայտնված «թռչող ապարատներ, տիեզերական ապարատ և կրիչ-հրթիռ» հոդվածն է: Ընդ որում՝ արտահանվել է մեկ նման ապարատ՝ $19,7 մլն արժեքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում