Գլխավոր Լրահոս

Ողջունելի ցինիզմ

Ողջունելի ցինիզմ

Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգում խանութների տեղադրման տասնօրյա հասարակական բոլոքից հետո երեկ վերջապես որոշել է խոսել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար՝ ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում», «Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար», «Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա»,– սրանք հատվածներ են քաղաքապետի հայտարարությունից:

Երբ ապամոնտաժվում էին Փափազյան փողոցի՝ օրվա գոյապրուստը վաստակող մարդկանց կրպակները, ոչ ոք չէր մտածում նրանց սեփականության իրավունքի մասին: Հիմա քաղաքի սրտում այգի է ապականվում, և խախտվում է ոչ թե Աբովյան փողոցից տեղահանված մի քանի խոշոր բուտիկատերերի, այլ բոլոր մնացածի սեփականատիրության իրավունքը, իշխանությունները որոշել են հիշել մի քանի հոգու՝ անօրինական վաստակած «իրավունքի» մասին:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ցինիզմը քաղաքական կատեգորիա է դառնում: Երբ ապականված է այգու շուրջ 70 տոկոսը, երբ հասարակությունը միանշանակ դեմ է բուտիկ կոչվածների տեղադրմանը, երբ բողոքի ակցիան ձնագնդիի էֆեկտով օրեցօր մեծանում է, իշխանությունները թքած ունեն բոլորի կարծիքի ու բոլորի վրա: Անգամ երկու-երեք ամսից սպասվող ընտրությունները նրանց չեն դրդում գոնե արդարամիտ երևալու տպավորություն ստեղծել: Մի՞թե այդքան թույլ է իշխանությունը, որ չի կարողանում մի քանի բուտիկատերերի ասել. «Տղե՛րք, սպասեք, մայիսի 6-ից հետո կանենք»:

Մյուս կողմից՝ պետք է ընդունել այս ամենի դրական կողմը և դրանում գնահատել իշխանությունների նշանակալի ներդրումը: Հենց նրանց շնորհիվ Հայաստանում թափ է հավաքում քաղաքացիական ակտիվիզմը, որը քաղաքականացված է, բայց կուսակցականացված չէ:

Ի տարբերություն մեծ հաշվով իրարից չտարբերվող Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու քաղաքական գործիչների՝ ընդդիմադիր, թե իշխանական, այս չկուսակցականացված քաղաքական հոսանքներն ի վիճակի են երկրում որակական փոփոխություններ բերել:

Այս առումով միանգամայն ողջունելի է իշխանությունների ցինիզմը: Դրանով նրանք ուժ են տալիս առողջ ուժերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում