Ընկե՛ր, քեզ չեն հավատում
Փետրվարի 20-ին լուր ստացվեց՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայողը։ Ախտորոշումը՝ թոքաբորբ։ Առաջին բանը, որ մտածեցի, ոչ թե այն էր, թե ինչպես չեն նկատել թոքերի զարգացող բորբոքումը, այլ թե ինչ պայմաններում է ծառայել այս տղան։ Ես կարող եմ վերականգնել այս պատանու մահվան «կենսագրությունը»։ Դրան օգնում է ընթացիկ տարվա ձմռան դաժանությունը։
Հայտնի է, որ Ղարաբաղում ձմեռը սովորաբար դաժան չէ, նույնիսկ Շուշիում 100 անգամ ավելի թեթև է, քան Վարդենիսում։ Ի՞նչ է բանակային ծառայությունը՝ ճշգրիտ առօրյա, արթնանալ, լվացվել, դուրս գալ մարզանքի, երբ մյուսներն իրենց տանը դեռ երազ են տեսնում։ Ժամանակ առ ժամանակ հերթապահում են... գիշերները, ոմանք՝ նաև սահմաններին։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Զինվորն արել է իր գործը՝ հերթապահել է, դիրքերում է եղել, կատարել է հանձնարարականներ։ Այդ ամենից հետո արդեն բանակի ղեկավարությունն իր գործը չի արել։ Պատանին հետևողականորեն հիվանդացել է ու «խորացրել» է այդ հիվանդությունը։
Ո՞վ պիտի բացատրի, թե ո՞ւմ հետ կարող է հույսեր կապել թոքաբորբով հիվանդ զինծառայողը։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ եք ստանձնում նրանց բանակ տանելու պատասխանատվությունը։ Պետական կառույցներում կա՞ մեկը, որն իրեն կարող է դնել 200 զինակոչիկներից որևէ մեկի մոր տեղը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է քաղաքացին, ո՞վ է հանցագործը, ո՞վ է զինակոչիկը, ո՞վ է հավաքարարը։ Ընդհանրապես՝ ո՞վ լինի, որ տեր կանգնեք։
Ճեպազրույցում վարչապետն ասում է՝ մարդիկ, որոնք մնում են այս երկրում, մեզ հավատում են։ Ընկե՛ր, քեզ չեն հավատում։ Քեզ հավատալուց առաջ և հետո մարդիկ պարզապես ապրում են։ Նրանք շրջանցում են քո հանդեպ հավատը, որովհետև միայն դու չես այս երկրի հույսը և ապավենը։ Նրանք, ովքեր հեռացել են, հնարավոր է՝ ավելի լավ հույս ու ապավեն են նրանց համար, ովքեր մնացել են։ Այլապես՝ որտեղից քեզ այդքան հնարավորություն պահելու համար, ասենք, դրամի կուրսը։
Ի՞նչ իմաստ ունի հավատալը, եթե թոքաբորբից մահացած զինվորական Նարեկ Մարտիրոսյանի մայրը իր հավատի հենասյունը, որի միջոցով էր իմաստավորում հավատի ամեն օրը, չունի։ Ի՞նչ իմաստ ունի հավատալը, եթե դուք այս գլխից գիտեք, որ Ազգային ժողովում մեծամասնություն եք լինելու։ Այսինքն, եթե գիտեք, նշանակում է այդպես էլ անելու եք։ Ուրեմն ի՞նչ իմաստ ունի հավատը։ Նարեկի մայրը որդուն հավատով չի ուղարկել բանակ, այլ տագնապով, որովհետև բանակը նուրբ օրգանիզմ է, այնտեղ դրախտային պայմանների դեպքում էլ թշնամու գնդակից ոչ ոք ապահովագրված չէ։
Բայց թշնամու գնդակը Նարեկին չի գտել, ընկե՛ր։ Նրան գտել է իր հայրենակցի անտարբերությունը, որը կառավարության միջանցքներում կոչվում է հավատք։
Հավատը մի բան է, որն ապրում է գործով, նշանակում է՝ կերակրել է պետք։ Թոքաբորբի պատմությունն ասում է, որ ի թիվս այլ սիմպտոմների՝ այն առաջանում է սովից կամ սնունդի մեջ որոշակի կալորիաների պակասից։ Ուրեմն՝ մեզ ձեր հանդեպ հավատով բժժացնելուց առաջ մտածեք զինվորներով, որովհետև նրանք մեզ ձեր հանդեպ հավատով բժժացնելու երաշխավորներից մեկն են, նրանք նույնպես քվեարկելու են ԱԺ ընտրություններում: Ու մենք գիտենք, թե սովորաբար ինչպես և ում են քվեարկում։ Գոնե հանուն ձեզ պահպանեք նրանց։
Թեմա
Մհեր Արշակյան










