Գլխավոր Լրահոս

Հոսանքը կթանկանա խաբելու օրը

Հոսանքը կթանկանա խաբելու օրը

Հանձնաժողովի երեկ ընդունած որոշման համաձայն՝ բարձրանալու է մասնավոր էներգետիկ կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ պետական «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն»-ի (Երևանի ջէկ) և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի կողմից առաքվող էլեկտրաէներգիան կէժանանա։

Գարեգին Բաղրամյանը «Օրակարգ»-ին ասաց, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ էներգետիկ կայանների սակագները վերանայվել են՝ հաշվի առնելով բյուջեի հիմքում դրված դրամ/դոլար փոխարժեքը, ընկերությունների կողմից կատարված կապիտալ ներդրումները, արտադրվելիք ծավալները: Ըստ նրա՝ դա արվել է այնպես, որ վերջնական սպառողի համար սակագների փոփոխություն տեղի չունենա։ Բաղրամյանի խոսքով՝ սպառողների համար սակագներն անփոփոխ թողնելը հնարավոր կլինի պետական ընկերությունների շահույթի և ամորտիզացիայի հաշվին։

Ուշագրավ է, որ արտադրող կայանների ներկայացուցիչները ՀԾԿՀ նիստին չէին ներկայացել։ Բաղրամյանն ասաց, որ նրանց հետ մինչ այդ սակագների հարցը քննարկվել է, ձեռք է բերվել համաձայնություն, և նրանք հրավիրված են եղել նիստին։

Պետական էլեկտրաէներգիան կէժանանա

Ընդհանուր առմամբ՝ էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի թանկացում է լինելու՝ մոտ Դ2-ով. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷԿ) կողմից ձեռք բերվող 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին գինը կկազմի Դ12։ Նշենք, որ ներկայում 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմում է Դ30՝ 1 կՎտ/ժ-ի համար (ներառյալ՝ ԱԱՀ), իսկ գիշերային սակագինը՝ Դ20։ Նախատեսվում է, որ ՀԷՑ-ը ձեռք բերվող էլեկտրաէներգիայի թանկացումը կկարողանա մեղմել և եկամուտներ ստանալ ներքին սպառման աճի հաշվին. սպառումը կկազմի մոտ 5 մլրդ ԿՎտ/ժ (կաճի 6,7%-ով)։

Համակարգում էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված կլինի նախ այն հանգամանքով, որ այս տարի «սթրես թեստի» անցկացման նպատակով Հայկական ատոմակայանը չի գործի մոտ 80 օր, այն դեպքում, երբ յուրաքանչյուր տարի պլանային նորոգումների նպատակով ատոմակայանը կանգնեցվում է 30 օրով։ Ատոմակայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 40-45%-ը, իսկ ապրիլի 1-ից ԱԷԿ-ը 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիան կիրացնի Դ5,8-ով (սակագինը բարձրացվել է 14%-ով)։

Այս տարի համակարգում ամենաէժան էլեկտրաէներգիան կլինի «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ինը (որին պատկանում են Սևան-Հրազդան կասկադի յոթ հէկերը)՝ 1 ԿՎտ/ժ-ը՝ Դ0,93։

Ուշագրավ է, որ Երևանի ջէկի կողմից առաքվող էլեկտրաէներգիան, հանձնաժողովի որոշմամբ, երկդրույք սակագնային համակարգով էժանացել է մոտ 20 անգամ։ Կայանի կողմից արտադրվող 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիան պետք է իրացվի Դ0,49-ով՝ ներկայիս Դ8-ի փոխարեն։ Իսկ մեկ դրույք համակարգով (սակագնում հաշվի են առնվում նաև հզորություն վճարները) Երևանի ջէկի 1 ԿՎտ/ժ-ի գինը կկազմի Դ6,4, ինչը բավական էժան է, եթե հաշվի առնենք, որ «Հրազդանի էներգետիկ կազմակերպության» (ՀրազՋԷԿ) 1 ԿՎտ/ժ-ի սակագինը կազմելու է Դ49,5, իսկ «Հրազդան-5»-ի 1 ԿՎտ/ժ-ի սակագինը՝ Դ26։

Երևանի ջէկի սակագնում հաշվի չի առնվել վառելիքի ծախսը, քանի որ կայանն աշխատում է «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով՝ 1 խմ իրանական գազի դիմաց արտահանում է 3 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Երևանի ջէկի նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը հնարավորություն է տալիս 1 խմ գազից արտադրել մոտ 5 ԿՎտ/ժ: Սա նշանակում է, որ իրանական գազից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան իրացվում է ներքին շուկայում։ Նախատեսվում է, որ այս տարի Երևանի ջէկը կապահովի Հայաստանում արտադրվելիք էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում