Մոռանալ ֆատալիզմի մասին
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան շրջանառության մեջ ավելի շատ է դրվում այն թեզը, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, հետևապես, անկախ մարդկանց քվեարկելուց, արդյունքը հայտնի է: Դավադրության այս տեսությունը երկու աղբյուրից է սնվում՝ մարդկանց ֆատալիստական պատկերացումներից ու հրապարակային քննարկումներին հնչող հայտարարություններից, որոնք հաճախ լինում են իշխող էլիտայի անուղղակի հավանությամբ ու դրդմամբ:
Իհարկե, այս ֆատալիզմը չի լինի, եթե 1991թ. հաջորդած քսան տարիներին գոնե մեկ անգամ անցկացվեին ընտրություններ, որոնց արդյունքներն արժանանային ժողովրդի անվերապահ ճանաչմանը:
Խնդիրները, սակայն, փոխկապված են, և ընտրությունների արդյունքների վրա ազդելու իշխանության բանաձևը շատ պարզ է՝ որքան պասիվ է էլեկտորատը, այնքան մեծ է ձայներ յուրացնելու հնարավորությունը, առաջին հերթին՝ ընտրություններին չմասնակցածների ձայները: Հետևապես՝ որքան շատ մարդ գնա ընտրական տեղամաս, այնքան նեղանալու է ձայներ յուրացնելու բազան:
Չխորանալով անցած քսան տարիների վիճակագրության մեջ, թե ինչպես կլիներ, եթե ավելի շատ մարդ մասնակցեր ընտրություններին, ընդամենը բերենք Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրությունների թվերը:
Հրազդանում 43874 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցեց 25386 մարդ կամ ընտրողների 57,9 տոկոսը։ Իշխանության թեկնածուն, օգտագործելով բոլոր վարչական ռեսուրսները, ընդդիմության թեկնածուին հաղթեց ընդամենը 1600 ձայնի առավելությամբ: Այսինքն՝ ընտրություններին չմասնակցած 18038 հոգին կամ նույնիսկ նրանց մի մասը կարող էր իրավիճակ փոխել քաղաքում՝ նույնիսկ հաշվի առնելով իշխանական թեկնածուի «մրցակցային առավելությունները»:
Բայց թերևս այդ 18 հազար հոգու գերակշիռ մասը հենց նրանք էին, ովքեր նույնպես չեն հավատում իրենց քվեի ուժին և համարում են, որ ամեն ինչ կանխորոշված է:
Հրազդանյան ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ ամեն ինչ կանխորոշված լինելու մասին թեզը ձեռնտու է միմիայն իշխանություններին: Այդ թեզի շուրջ քննարկումները՝ կապ չունի ժխտողական, թե համաձայնողական, ավելանալու են ընտրություններին ընդառաջ: Իշխանությունների համար կարևորը տվյալ դեպքում ֆատալիզմի թեման հասարակական դիսկուրսում պահելն է:
Միակ բանը, որն ընտրությունների ժամանակ իսկապես կարող է հակակշռել իշխանությունների վարչական, ֆինանսական և այլ լծակներին, ընտրողների առավելագույն մասնակցություն ապահովելն է և հնարավոր կեղծիքների նիշան խիստ նեղացնելը:
Այստեղ ամենամեծ վտանգը գալիս է ֆատալիզմից:
Civilnet










