Գլխավոր Լրահոս

Մեր բարդույթների «Եվրատեսիլ»-ը

Մի պատմություն հիշեմ։ Բանաստեղծ ընկերներով հավաքված ենք։ Յուրաքանչյուրը կարդում է իր ստեղծագործությունը։ Ոչ մեկինն էլ լավը չէ։ Ներառյալ իմը, որ դեռ չեմ կարդացել։ Հերթը հասնում է ինձ։ Այ քեզ բան, ծիծաղի առարկա եմ դառնալու, եթե կարդամ։ Ի՞նչ կարելի է անել։ Եթե չկարդամ, պայմանը խախտած կլինեմ։

Վերցնում եմ նրա ստեղծագործությունը, ումն ամենաթույլն էր, ու կարդում եմ բոլորովին այլ շեշտադրումներով։ Նայելով մյուսներին (ոչ բանաստեղծության հեղինակին)՝ ասում եմ՝ հը, ո՞նց էր։ Ասում են՝ հրաշք։ Ասում եմ՝ տղերք, մենք բոլորս նույն բանաստեղծությունն ենք գրում կարծես։ Չհասկացան։ Ասում եմ, լսեք, ես ձեզ չեմ խաբի իմ կատարողականով, իմ բանաստեղծությունն աղբ է, բայց բանաստեղծության իմ չափանիշները ձեր օգտին են։ Ես լավ բանաստեղծությունը տեսնում եմ ու զգում, բայց գրել չեմ կարող։

Ըստ իս՝ հայերս առավելագույնս լուրջ ենք վերաբերվում Բաքվում տեղի ունեցող «Եվրատեսիլ»-ին։ Ասես Ավարայր ենք գնում։ Բաքուն բարդույթավորել է մեզ, մենք միայն հաղթանակ ենք ուզում, դրա համար չգիտենք, թե ինչպիսի կատարող և ստեղծագործություն մեզ կբերի այդ հաղթանակը։

Մենք մերժել չենք կարող, որովհետև խաղից դուրս ենք մնում, և համաձայնվել չենք կարող, որովհետև ավարայրացու երգ չունենք, մեր բարոյական հաղթանակները կոփող որևէ ստեղծագործություն և հեղինակ ասպարեզում չունենք։ Դրա համար էլ Լուսյա Մունն է ակտիվացել Ամերիկայում։ Կարծում է, թե այնտեղ նման գործ գրել հնարավոր է, իսկ այստեղ հնարավոր չէ։

«Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ»։ Ահա իրական հարցերի հարցը։ «Մասնակցե՞լ «Եվրատեսիլին», թե՞ չմասնակցել» հարցը մեր բարդույթների հաշվետվությունն է։ Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցել։ Որովհետև Բաքվո՞ւմ է տեղի ունենում։ Երբ Լևոն Արոնյանը հրաժարվում է մասնակցել Բաքվում տեղի ունենալիք (արդեն անցած պատմություն է) հավակնորդների մրցաշարին, ես սա թեպետ դժվար եմ հասկանում շախմատային տեսանկյունից, բայց պատկերացնում եմ ազգային կտրվածքով։ Լևոնն անձնական պատճառներ ունի, որը միայն իր գործն է, նրա ընտանիքը Բաքվի հետ իր հաշիվներն ունի։

«Եվրատեսիլ»-ի օրերին մեր երկրի ներկայացուցիչը, անկասկած, թռվռալու է մի երկրի բեմում, որտեղ հայատյացությունը պաշտոնական գաղափարախոսություն է։ Հնարավոր է՝ այդ բեմում Ադրբեջանի առաջնորդը սեղմի այն դիպուկահարների ձեռքը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին հայերի են սպանել։ Ամեն ինչ հնարավոր է։ Բայց դուք խաղի մեջ եք մտել, որտեղ Ադրբեջանը փաստացի խաղացող է, ինչպես դուք։ Հետևաբար՝ հիշե՛ք, որ հաղթող կարող էիք լինել կամ դեռ կլինեք դուք, այսինքն՝ մենք։

Ի՞նչ հարց պիտի լուծենք չգնալով։ Կարող ենք, իհարկե, քաղաքական հայտարարություններ նոտագրել, ասել, որ այդ երկրի առաջնորդը բռնապետ է, որ նավթն այդ երկրի միակ քաղաքական կատեգորիան է, որ նրանց դիպուկահարները սպանում են մեր զավակներին։ Դա էլ կարող ենք անել։ Իսկ եթե չմասնակցենք, ու կրկին Ադրբեջանը հաղթի՞։

Եթե այդ երկիրը կարողանում է միջազգային բեմեր հաղթողներ հանել, և եթե մեր խնդիրը միջազգային բեմերից չիջնելն է կամ գոնե բարձրանալը, ի՞նչ ենք ստիպված անել՝ նախ պարել Ադրբեջանի «դուդուկի» տա՞կ։ Այսինքն՝ նրանց հաղթանակներո՞վ է որոշվում մեր մասնակցությունը։ Ադրբեջանը խաղի կանոնների միջազգային սուբյեկտ է, և մեր պետության հաշիվները Լևոն Արոնյանի հաշիվները չեն, եթե նույնիսկ Լևոնը հակառակն է գրում ՖԻԴԵ-ի նախագահին (կրկնում եմ՝ նա իր հաշիվներն ունի, որոնք մեր գործը չեն)։

Եվ, վերջապես, գնացեք Բաքու և նայեք շարքային ադրբեջանցիների ու ադրբեջանուհիների աչքերի մեջ, նրանք ձեզանից վատը չեն, հնարավոր է՝ հանդիպեք մարդկանց, որոնց աչքերում դուք կզգաք նույն մոլորակի ներկայացուցիչ լինելու հարազատությունը։ Բաքուն միայն Ալիևը չէ, իսկ մենք էլ միայն «Եվրատեսիլ»-ի երգիչները չենք։ Ո՞վ է ձեզ ասում՝ գնացեք ու կռիվ արեք։ Գնացե՛ք, երգե՛ք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում