Շառից հեռու՝ Սինգապուրում

Սիրիայում իրավիճակը թեժանում է ժամ առ ժամ: Մի քանի տասնյակ զոհերի մասին հաղորդագրություններն արդեն նույնիսկ չեն հայտնվում լրատվամիջոցների առաջին էջերին: Սիրիայի շուրջ իրադարձությունները զարգանում են մի քանի հարթություններով:
Միջազգային հարթությունում Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևմուտքին սուր հակադրությունն է: Տարածաշրջանային հարթությունում անկայունությունների ու բռնությունների նոր պոռթկումներն ու պոտենցիալ վտանգներն են, ինչն արդեն զգացվում է Իրաքում և Լիբանանում: Բացի այդ՝ Իրանն է ակտիվ դեր ստանձնել այս հարցում, որի արտահայտությունը իրանական ռազմանավերի նավարկումն էր դեպի սիրիական ափեր: Երրորդ հարթությունը ներսիրիական հնարավոր պայթյունն է, որը կարծես արդեն տեղի է ունեցել:
Սիրիան բավական բարդ էթնոկոնֆեսիոնալ կառուցվածք ունի: Երկրի 21-միլիոնանոց բնակչության 10 տոկոսը կազմող ալավիներն են իշխանության ղեկին: Բնակչության 75 տոկոսը կազմող սուննիները դժգոհ են իրենց քաղաքական կարգավիճակից և համակարգի արմատական վերափոխում են ցանկանում: Սիրիայում ապրում են շուրջ 2 միլիոն քուրդ, 1,2 միլիոն ասորի, դրուզներ, չերքեզներ և այլ ազգեր:
Հայերի թիվը Սիրիայում տատանվում է 60-70 հազարի սահմաններում, և նրանք բոլոր փոքրամասնություններից միակն են, որ իրենց հետևում ունեն ազգային պետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության: Այս հանգամանքը ՀՀ իշխանությունների համար պարտավորեցնող է, և Երևանը օրինականության լրիվ ռեսուրսն ունի Սիրիայում քայլեր կատարել հանուն հայրենակիցների պաշտպանության: Սիրիահայերի հարցում Հայաստանը պետք է ներգրավված լինի մի քանի ուղղություններով՝ Սիրիայի իշխանություններ, ընդդիմություն, Ռուսաստան և Արևմուտք:
Ներկայում Հալեպում Հայաստանի հյուպատոսությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու հազարավոր դիմումներ կան: ՀՀ քաղաքացիություն ստացած առնվազն 5 հազար մարդ էլ Սիրիայում է՝ չհաշված Հայաստանից Սիրիա գնացած և այնտեղ ապրողների թիվը:
Այս համատեքստում Հայաստանի իշխանությունների լռությունն անհասկանալի է: Եթե միջազգային, տարածաշրջանային և ներսիրիական իրադարձությունների թոհուբոհում լուռ դիվանագիտություն է իրականացվում սիրիահայերի անվտանգությունն ապահովելու համար, դա միանգամայն տրամաբանական է:
Սակայն Հայաստանի իշխանությունների այսօրվա գործողություններն ու կեցվածքը նման ենթադրության համար հիմք չեն տալիս: Ընդհակառակը՝ Հայաստանի պատասխանատուները կարծես նախընտրում են տուրիստական շրջագայություններ հիշեցնող այցերը: Վառ օրինակը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցն է Հարավային Կորեա, Վիետնամ և Սինգապուր, որը տևելու է մինչև փետրվարի 28-ը:
Civilnet










