Գլխավոր Լրահոս

Ընտրակաշառք 2012

Կառավարության հավանությանն արժանացած հարկային փաթեթով, ըստ էության, հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք որոշակի ժամանակահատվածում և որոշակի չափով ազատվելու են չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժերից և տուգանքներից։ Մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնությունը պետք է դեռևս ընդունվի Ազգային ժողովում: Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ պատգամավորները հազիվ թե առարկեն գործադիրի նախաձեռնությանը:

Երեկվա նիստին վարչապետը հայտարարել է, որ օրենսդրական նախաձեռնությունն առաջ է քաշել ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ «Մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են՝ ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները նույնպես լուրջ բարդություններ են ստեղծել հարկային պարտավորությունների կատարման առումով։ Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ Դ43 մլրդ-ի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում»,– ասել է Տիգրան Սարգսյանը։

«Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի նախագծում նշվում է, որ հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008թ. հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար չվճարված գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև հաշվարկված տույժերից և տուգանքներից։

Կառավարության այս նախաձեռնությունը մի կողմից ողջունելի է, բայց մյուս կողմից՝ գործադիրը միջամտում է տեղական ինքնակառավարման մարմինների գործերին։ Գույքահարկը և հողի հարկը համայնքների բյուջեների սեփական եկամուտների ապահովման կարևորագույն հարկատեսակներն են:

Կառավարությունն ըստ էության միջամտում է ընտրովի մարմինների գործերին։ Համայնքային բյուջեների սեփական եկամուտների մոտ 38%-ը ապահովում է հողի հարկը, իսկ 32%-ը՝ գույքահարկը։

2011թ. համայնքների բյուջեն կազմել է Դ95, 2 մլրդ, որից Դ25 մլրդ-ը կամ 26%-ը կազմել են համայնքների սեփական եկամուտները։ Եկամուտների մյուս մասը ապահովվել է պետբյուջեից տրվող դոտացիաների և սուբսիդիաների հաշվին։

Անցած տարի բոլոր համայնքները հավաքել են Դ16,22 մլրդ գույքահարկ և հողի հարկ։

Թեև գույքահարկը և հողի հարկը համայնքների եկամուտների կարևոր աղբյուրներից են, համայնքները դրանք չեն կարողանում հավաքագրել։

Օրինակ՝ անցած տարի հողի հարկի հավաքագրումը կատարվել է 92,3%-ով: Բացի այն, որ համայնքները չեն կարողացել ապահովել ծրագրած ցուցանիշը, 2010թ. համեմատ նրանք 3%-ով քիչ հարկ են հավաքել (2011թ. հավաքագրվել էր Դ4,4 մլրդ հողի հարկ)։ Թերհավաքագրումներ արձանագրվել են նաև գույքահարկի մասով՝ 92,4%:

Նախատեսված Դ12,7 մլրդ-ի դիմաց մուտքագրվել էր Դ11,8 մլրդ: 2010թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ գույքահարկի հավաքագրման ցուցանիշն աճել է 4,7%-ով, իսկ առանց Երևանի՝ ընդամենը 1,6%-ով։

Համայնքների թերհարկահավաքումն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Տարածքային կառավարման նախարարության պատրաստած համայնքների բյուջեների կատարման ցուցանիշների հաշվետվությունից երևում է, որ մի շարք համայնքներում գույքահարկի և եկամտահարկի հավաքագրումը չի գերազանցել 50%-ը, ինչը չի կարող պայմանավորված լինել միայն օբյեկտիվ պատճառներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում