«Երևան ջուր»-ի՝ խմելու ջրի սակագնի բարձրացման նախաձեռնությունը բավական ուշագրավ է, քանի որ ըստ 2005թ. ՀՀ Կառավարության և «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված համաձայնագրով՝ վերջինս պարտավորվել էր 2009-ից ջրի սակագինը աստիճանաբար իջեցնել և 10-րդ տարում հասցնել Դ93/խմ-ի: Այս պարտավորության մասին «Երևան ջուր» ընկերությունը հիշել էր միայն 2011թ., և հուլիսի 8-ից մայրաքաղաքի բնակիչները 1 խմ ջրի համար սկսեցին մոտ Դ7-ով քիչ վճարել՝ Դ174,06։
Այժմ, երբ ընկերությունը վաղուց արդեն պետք է կատարած լիներ ստանձնած պարտավորությունները՝ շարունակի սակագների նվազեցման գործընթացը, անհասկանալիորեն որոշել է այն նորից բարձրացնել։
«Երևան ջուր» ընկերությունում «Օրակարգ»-ին չհաջողվեց ճշտել, թե ինչ գործոնների արդյունքում է սակագինը բարձրանալու, ինչպես նաև, թե որքան են կազմում ջրակորուստները համակարգում, և ինչու ընկերությունը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Ընկերության լրատվական ծառայությունում ասացին, որ այդ հարցերին կպատասխանեն առաջիկա օրերին։
Պարտավորության թերացում
ՀԾԿՀ-ն ամենայն հավանականությամբ կմերժի ընկերության խնդրանքը և թույլ չի տա ջրի թանկացում, բայցևայնպես զարմանալի է ընկերության պահվածքը։ Չի բացառվում, որ ընկերության՝ ջրի սակագինը բարձրացնելու դիմումն ուղղված է ոչ թե սակագնի բարձրացմանը, այլ ներկա սակագինը պահպանելուն։ Հաշվի առնելով կնքված պայմանագրով ամրագրված ժամկետները և սակագինը՝ մինչև 2016թ. յուրաքանչյուր տարի Երևանում ջուրը 1 խմ հաշվով պետք է էժանանա միջինը Դ16-ով։
Հանձնաժողովի կողմից հայցի մերժումը և սակագինը ներկա մակարդակում պահպանելը բավական ձեռնտու է «Երևան ջուր»-ին։ Երևանում ջրի սակագնի նվազումն ընկերությունը պետք է ապահովեր առաջին հերթին ջրի կորուստների կրճատման հաշվին։ Մասնավորապես՝ ֆրանսիացիները պարտավորվել էին վարձակալության առաջին տարում ջրի կորուստները կրճատել 17 մլն խմ-ով, երեք տարում՝ 93 մլն խմ-ով, իսկ ամբողջ վարձակալության ժամկետում՝ 215 մլն խմ-ով։
Վերջին տվյալներով (2011թ.)՝ ջրի կորուստը համակարգում նվազել է մոտ 40 մլն խմ-ով, այսինքն՝ ընկերությունը չի կատարել իր երեք տարվա պարտավորությունները, այն դեպքում, երբ համակարգը կառավարում է արդեն վեց տարի։
Ստացվում է, որ իր պարտավորությունների թերակատարման արդյունքում «Երևան ջուր»-ն այսօր հնարավորություն չունի նվազեցնել ջրի սակագինը և ամեն կերպ փորձում է այն պահել իր համար ցանկալի մակարդակում։
Եկամուտների ավելացման նպատակով ընկերությունը նաև դիմում է հնարքների։
Որպես սակագնի հիմնավորման հիմնական պատճառ՝ ընկերությունը նախորդ տարիներին նշում էր գնաճը, էլեկտրաէներգիայի գինը և դոլար/եվրո փոխարժեքը։ Չի բացառվում, որ «Երևան ջուր»-ն այս անգամ էլ նույն պատճառաբանությունները բերի:
Civilnet











