Գլխավոր Լրահոս

Բիզնեսում՝ առանց գենդերային խտրականության

Բիզնեսում՝ առանց գենդերային խտրականության

-Տիկին Եղիազարյան, հայտնի աքսիոմ է, որ տնտեսության մեջ կանանց մասնակցությունն ավելացնում է բիզնեսի արդյունավետությունը:

-Իսկապես, բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ կանանց մասնակցությունն ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում կամ այլ ղեկավար օղակներում բարձրացնում է բիզնեսի արդյունավետությունը: Դա պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի զգույշ են, ռիսկերի կառավարման առումով՝ ավելի նրբանկատ: Կանայք նաև լավ հարաբերություններ են հաստատում թե՛ վերադասի, թե՛ ենթակաների հետ:

-Հայաստանում կարծես այնքան էլ շատ չեն կին մենեջերները: Ի՞նչն է խանգարում հայ կնոջը ավելի շատ ներգրավվել բիզնեսում: Հայ կնոջ ավանդական կերպարն արդյոք խանգարո՞ւմ է բիզնեսով զբաղվելուն:

-Հայ կնոջ դերը մեր իրականությունում շատ մեծ է: Հայ կանայք ամենածանր տարիներին կարողացել են իրենց ուսերին տանել անցումային տնտեսության բեռը, զբաղվել առևտրով, աշխատել արտերկրում՝ փորձելով ընտանիքը դուրս հանել ծանր կացությունից: Սակայն այսօր աշխատող կանանց զգալի մասը հիմնականում զբաղեցնում է միջին օղակները, իսկ բարձր էշելոններում կանանց թիվը սահմանափակ է: Դա մեկնաբանվում է առաջին հերթին նրանով, որ ձեռներեցությունն ի սկզբանե համարվել է տղամարդու գործ, և կանայք ավելի շատ հակված են եղել աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանկավարժությունը, բժշկությունը, սպասարկման ոլորտը:

Այդ պատճառով կանայք մինչ այսօր մեծ մասամբ աշխատում են հենց այդ ոլորտներում, և քիչ են այն կանայք, ովքեր դուրս են գալիս այդ օղակներից և զբաղվում այլ արդիական գործունեությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության, տեխնիկական գիտությունների ոլորտներում: Այդ առումով՝ կանանց հիմնական խնդիրը իրազեկության պակասն է: Հայ կինը պետք է գիտակցի, թե ինչ է ուզում ստանալ այս կյանքից և ինչ ուղղությամբ կարող է զարգանալ, դիմակայել և ճիշտ լուծումներ գտնել: Իհարկե, մենք դեռ կրում եք ավանդաբար ձևավորված պասիվ կերպարը, սակայն ըստ իս՝ այսօր հայ կինը նույնպես շատ բան է վերցրել իր ուսերին:

-Հայաստանում օրենսդրորեն գենդերային խտրականություն չկա: Ինչպիսի՞ն է վիճակը իրականում:

-Այս հարցը հաճախ է բարձրացվում: Հատկապես արտասահմանցի մասնագետները հետաքրքրված են, թե ինչ է կատարվում մեր աշխատաշուկայում: Սակայն թե՛ իմ, թե՛ մեր միության անդամների կարծիքով՝ հայաստանյան գործարար միջավայրում խտրականություն չկա: Ընդհակառակը՝ երբեմն կանայք ավելի շահեկան վիճակում են լինում, քանի որ մեծ մասամբ տղամարդկանց շրջապատում աշխատելով՝ նրանք՝ որպես կին, ավելի հարգալից վերաբերմունքի են արժանանում:

Կարծում եմ՝ այստեղ առկա է ոչ թե խտրականության, այլ ընկալման խնդիր՝ արդյոք տղամարդիկ կարո՞ղ են իրենց կողքին կնոջը տեսնել որպես մրցակցի, լո՞ւրջ են ընդունում կնոջ աշխատանքը, թե՞ ոչ: Այս ամենն էլ տղամարդկանց ապավինող հասարակության հետևանքն է: Այդ պատճառով տղամարդկանց համար զարմանալի է տեսնել կնոջը ոչ ավանդական դերում, որն ի վիճակի է զբաղվել ձեռներեցությամբ կամ ղեկավար պաշտոն զբաղեցնել, հատկապես արդյունաբերության, արտադրության, ՏՏ ոլորտներում: Սակայն այս ընկալումը փոխվում է, քանի որ շփվելով՝ նրանք հասկանում են, որ տվյալ մարդը, անկախ սեռից, արժանի է, որ իր հետ հաշվի նստեն: Ես դեմ եմ, որ կնոջ համար ճանապարհ հարթվի միայն այն պատճառով, որ նա կին է: Դա նվաստացուցիչ է:

-Որոշ հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի աշխատաշուկայում կանանց միջին աշխատավարձը 30%-ով ցածր է տղամարդկանց աշխատավարձից: Դա օբյեկտի՞վ երևույթ է, թե՞ հասարակական մտածելակերպի արդյունք:

-Կանանց աշխատավարձի ցածր լինելը պայմանավորված է նրանով, որ նրանք հիմնականում աշխատում են ոչ եկամտաբեր ոլորտներում, որտեղ աշխատավարձերը ցածր են՝ առողջապահություն, կրթություն, մենեջմենթի միջին կամ ստորին օղակներ, սպասարկման ոլորտ: Իհարկե, կան դեպքեր, երբ նույն աշխատանք ունեցող կանայք և տղամարդիկ ստանում են տարբեր աշխատավարձեր, սակայն դա հատուկենտ դեպքեր են: Աշխատաշուկայում առավել ակնհայտ են այլ իրավական խախտումներ:

Մենք պատրաստվում ենք զբաղվել գործարար կանանց իրավունքների պաշտպանությամբ, քանի որ աշխատավայրում կանանց և ոչ միայն կանանց իրավունքները պետք է պաշտպանվեն: Նման խնդիրներ առկա են հատկապես մասնավոր հատվածում: Պետք է բարձրացնել նաև այն հարցը, որ մարդիկ աշխատում են փորձաշրջանի ընթացքում ու չեն վճարվում, աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում, ինչի հետևանքով ոտնահարվում են աշխատողների շահերը, շատ հաճախ մարդիկ շահագործվում են:

-Բիզնեսում կանանց ներգրավվածությունը հրատապ թեմա է Հայաստանում: Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) բանակցում է Ասիական զարգացման բանկի հետ՝ կանանց ձեռներեցության խթանման համար միջոցներ ձեռք բերելու նպատակով: Այդ շրջանակում կա՞ն արդյոք նախնական ծրագրեր:

-Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Ասիական զարգացման բանկը դեռ բանակցում է շուկայի ներկայացուցիչների հետ, փորձում է հասկանալ գործարար կանանց ներուժը: Իհարկե, Ասիական զարգացման բանկը, ինչպես և այլ բանկեր, զգուշությամբ է վերաբերվում սկսնակ բիզնեսներին, սակայն մենք կփորձենք ճիշտ ուղու վրա դնել սկսնակ գործարար կանանց և խորհրդատվություն տրամադրել յուրաքանչյուր ոլորտի թերությունների և առավելությունների վերաբերյալ: Այս նպատակով մենք բանակցել ենք նաև ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, որը լուրջ ծրագրեր ունի փոքր և միջին ձեռներեցությունը խթանելու ուղղությամբ:

-Հայաստանում կան կանանց գործարարությունը խթանող մի շարք կազմակերպություններ: Ինչո՞վ է Ձեր կազմակերպությունը տարբերվում դրանցից:

-Մեր կազմակերպությունը բավական երիտասարդ է: Կազմակերպություն ստեղծելու մտահղացումը մեզ մոտ ծնվեց Ամերիկյան դեսպանատան կազմակերպած ծրագրին մասնակցելիս, որի հիմնական նպատակն էր ստեղծել գլոբալ ցանց տարբեր տարածաշրջանների գործարար կանանց միջև՝ նրանց միջև գործարար կապեր հաստատելով և գիտելիքներ ու հմտություններ փոխանակելով: Այդ ծրագրի շրջանակում Հայաստանից Թուրքիա մեկնեց 22 հայ գործարար կին, որտեղ մենք տեսանք տարբեր երկրներից ժամանած կանանց միավորումներ, զգացինք նրանց դերն ու ուժը և մտածեցինք, որ դա այն է, ինչ պետք է նաև Հայաստանին:

Արդյունքում պատվիրակությունից 17 հոգի որոշեցին ձեռնամուխ լինել «Կանայք բիզնեսում» կազմակերպության հիմնադրմանը: Մեր կազմակերպության բոլոր հիմնադիրները կայացած կանայք են, որոնք գիտեն ժամանակի արժեքը և զգում են, որ անհրաժեշտ է մեր փորձը փոխանցել, կիսվել տարբեր ոլորտների առանձնահատկություններով, ուղղություն տալ նոր գործարար կանանց: Այս նպատակով գարնանը Երևանում, Վանաձորում և Արմավիրում կազմակերպում ենք 50 ժամ տևողությամբ «Ինչպես սկսել և զարգացնել բիզնեսը» խորագիրը կրող սեմինարներ, որտեղ կներկայացնենք, թե ինչպես կարելի է բիզնես հիմնել և զարգացնել:

Այսինքն՝ մենք հավաքագրում ենք կանանց, որոնք կա՛մ բիզնես չունեն, բայց ունեն նման գործունեություն սկսելու գաղափար և ցանկություն, կա՛մ կանանց, որոնք արդեն ունեն իրենց բիզնեսը, սակայն լրացուցիչ գիտելիքներ ստանալու ցանկություն ունեն: Յուրաքանչյուր քաղաքում հավաքված խումբը բաղկացած կլինի մոտ 25 մասնակցից, և եթե նրանց 30%-ը սկսի զբաղվել բիզնես գործունեությամբ, դա մեզ համար մեծ հաջողություն կլինի: Բիզնեսում կանանց ներգրավվածությունը հրատապ թեմա է Հայաստանում, և բոլորը ցանկանում են խթանել դա, օժանդակել, ինչը Հայաստանի համար մեծ հնարավորություն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում