Ավելին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բանակցությունների ընթացքը հայտարարել է 2012թ. իր գործունեության երեք գերակա ուղղություններից մեկը: Նմանատիպ բանակցություններ զուգահեռ ընթանում են նաև Մոլդովայի և Վրաստանի հետ:
Հայաստանի ոչ բոլոր պաշտոնյաներն են լավատես Եվրամիության հետ ազատ առևտուր անելու հեռանկարի առումով: Մասնավոր զրույցներում նրանք ասում են, որ ազատ առևտրի հիմնական խոչընդոտը ֆիտոսանիտարիայի այն չափազանց խիստ պահանջներն են, որ առկա են Եվրամիությունում: Իսկ Հայաստանի համար եվրոպական շուկան առաջին հերթին հեռանկարային է համարվում գյուղմթերքի, վերամշակված սննդի ու խմիչքների մասով:
Այդ պաշտոնյաներն ասում են, որ առաջիկա տասը տարում Հայաստանը հազիվ թե կարողանա ֆիտոսանիտարիայի հարցում կիրառել եվրոպական ստանդարտները, հետևաբար՝ լիարժեք ազատ առևտրի մասին խոսք լինել չի կարող: Սակայն նշենք, որ Հայաստանն արդեն իսկ ստանձնել է պարտավորություն՝ միջինժամկետ հեռանկարում համապատասխանեցնել ֆիտոսանիտարիայի վերաբերյալ օրենսդրությունը Եվրամիության չափանիշներին, ինչը ներառում է կենդանիների և բույսերի նույնականացման և վերահսկելիության համակարգերը, հիգիենան սննդի արտադրության մեջ:
Հոռետեսների մի մասն էլ նշում է, որ թեև 2009թ. հունվարի 1-ից Հայաստանը երեք տարով անցել է ԵՄ երկրների հետ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+), ինչի շնորհիվ հայկական ընկերությունները հնարավորություն են ստացել մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով ապրանքներ արտահանել ԵՄ, գործնականում Հայաստանի տնտեսության վրա դա լուրջ ազդեցություն չի թողել: Սակայն այդ պնդումն այնքան էլ արդարացված չէ:
Եվրամիության հետ առևտրի շրջանառությունը 2011թ., ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է $1,8 մլրդ՝ նախորդ տարվա $1,5 մլրդ-ի համեմատ: Դա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 32,4%-ն է: Եվրամիությունում Հայաստանի ամենախոշոր գործընկերը Գերմանիան է (առևտրի շրջանառությունը՝ մոտ $400 մլն): Խոշոր գործընկերներ են նաև Բուլղարիան, Նիդեռլանդները, Իտալիան, Բելգիան: Արտահանումը Եվրամիություն 2011թ. կազմել է $608 մլն (աճը նախորդ տարվա համեմատ՝ 21,2%), ներմուծումը Եվրամիությունից՝ $1 մլրդ (աճը՝ 13,9%):
GSP+-ը տրամադրվում է մի շարք չափանիշների և պահանջների համապատասխանող սահմանափակ թվով երկրների և ներառում է ավելի քան 6,4 հազ. անուն ապրանք, որոնց համար գործում է զրոյական մաքսային տուրք կամ զրոյին մոտ տոկոսադրույքներ, ինչը, ըստ էության, բնորոշ է ազատ առևտրի ռեժիմին:
Հայաստանից Եվրամիություն արտահանման կառուցվածքում էական դեր ունեն պղինձն ու ադամանդը, իսկ ներկրման կառուցվածքն ավելի բազմազան է:
Մերձեցման գործընթացը
Հայաստանի և Եվրամիության մերձեցման գործընթացը բավական երկար պատմություն ունի: Այն առանձնահատուկ է նրանով, որ Հայաստանի բոլոր երեք նախագահներն առնչվել են դրա հետ, հետևաբար՝ ներքաղաքական փոփոխություններն այդ համագործակցության անիվը հետ շրջել չեն կարող: Պաշտոնապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների պատմությունը սկսում է 1996թ., երբ կողմերը ստորագրեցին Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999թ. հուլիսի 1-ից:
Այդ համաձայնագրով էլ կողմերն առաջին անգամ պայմանավորվեցին, որ առևտրի համար միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգային ռեժիմ՝ սկսած մաքսատուրքերից, վերջացրած ներքին շուկայում առևտրի հնարավորություններով: Եվրամիության հետ հարաբերությունների հենց սկզբում Մեծամորի ատոմակայանի փակումը սահմանվեց որպես ԵՄ առանցքային նպատակ: Հայաստանին առաջարկվեց €100 մլն, եթե ատոմակայանի փակման կոնկրետ ժամկետ նշվի:
Համագործակցության հաջորդ փուլը սկսում է 2004թ., երբ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միաժամանակ ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում: Այսինքն՝ Հայաստանը ստացավ «Եվրոպայի հարևան» կարգավիճակ: Դրանից հետո էլ հաստատվեց Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագիրը, որտեղ Հայաստանի պարտավորություններն ավելի որոշակիացան:
Ներկայում Հայաստանը Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ իրականացնում է Ազգային ինդիկատիվ ծրագիրը (2011-13 թթ.): Դրա շրջանակներում Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին €157,3 մլն-ի աջակցություն տրամադրել:
Այդ ծրագրում նշված է հետևյալը. «Ակնկալվում է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն ավելի կընդլայնվեն Արևելյան գործընկերության ներքո բարելավված պայմանագրային հարաբերությունների հեռանկար ունեցող Գործակցության համաձայնագրի տեսքով, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, եթե պայմանները կատարվեն»: Ծրագիրը կենտրոնանում է երեք առաջնահերթությունների վրա՝ 1) ժողովրդավարական կառույցներ և լավ կառավարում, 2) առևտուր և ներդրումներ, կարգավորիչ դաշտի համապատասխանեցում և բարեփոխում, 3) սոցիալ-տնտեսական բարեփոխում և կայուն զարգացում:
Ազգային ինդիկատիվ ծրագրում հիմնական նոր առանձնահատկությունը առևտրի ոլորտի շեշտադրումն է և աղքատության նվազեցումից շեշտի փոխադրումը սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Ակնհայտ է նաև, որ առաջիկա ընտրություններն ու մարդու իրավունքների վիճակը էական նշանակություն կունենան Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունների առումով:
Civilnet











