Ինչպես բոլորը, որոնք անհույս են
Մուսինյանը նվաճում էր համարում այն, որ իրենք այսօր ամենաարմատական ընդդիմությունն են։ Մարտի 1-ին Կոնգրեսը հանրահավաք է հրավիրում։ Ոչ մի կասկած, որ այդ օրվա Կոնգրեսի վճռականությունն ընդհանուր ոչինչ չունի չորս տարի առաջվա Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված ուժերի վճռականության հետ։ Չորս տարի առաջ կար իշխանությունը վերցնելու իրական հնարավորություն։ Չորս տարի առաջ Տեր-Պետրոսյանը համարվում էր մի ուժ, որը չի նահանջելու իշխանությունը վերցնելու ճանապարհին։
Չորս տարի առաջ առաջին նախագահից չէին պոկվել նրանք, ովքեր իրենց վրա էին վերցրել քվեների համար կռիվ տալու սև գործը։ Չորս տարի առաջ Տեր-Պետրոսյանը և նրա թիմակիցները մերժել էին իշխանության հետ երկխոսելու ցանկացած առաջարկ, հասարակությունը դա չէր հասկանա։ Եվ ինչպես տեսանք, այդպես էլ չհասկացավ։ Չորս տարի առաջ հնարավոր չէր հանրահավաք հրավիրել և ասել, որ այն շատ հետաքրքիր է լինելու, քանի որ ոչ մի հանրահավաք անոնսի կարիք չուներ։ Այսինքն՝ մարդ հավաքելու խնդիր չկար։
Չորս տարի առաջ մարդկանց ոտքերն ինքնաբերաբար էին տանում Ազատության հրապարակ։ Չորս տարի առաջ Կոնգրես չկար, կար Տեր-Պետրոսյան, որը միայնակ առաջնորդում էր ժողովրդին։ Այսօր, ըստ էության, նույնպես Կոնգրես չկա, և սա առաջին ընդհանուր կետն է չորս տարի առաջվա հետ, քանի որ առանց Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսը նույնիսկ հինգ տոկոսը հաղթահարելու դժվարություն կունենա։ Չորս տարի առաջ ժողովուրդն ավելի շատ Ազատության հրապարակում էր, քան քաղաքի մյուս հատվածներում։
Չորս տարի առաջ իշխանությունն ըստ էության հանձնված էր, բայց վերցնող չկար, այսօր ժողովուրդը չի կարող լրջորեն վստահել մեկին, ով շախմատ է խաղում մի քաղաքական ուժի դեմ, որը ռինգային մտածողություն ունի։ Չորս տարի առաջ ընդդիմությունն ասում էր՝ հիմա, և ժողովուրդը հասկանում էր՝ հիմա։ Այսօր արտահերթ ընտրություններ հայտարարող քաղաքական ուժը դեռ քննարկում է համամասնական ցուցակ կազմելու սկզբունքը։
Չորս տարի առաջ Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր բառ հասարակությունն ընդունում էր իբրև վճռական իմացողի խոսք։ Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ կարելի է սպասել Տեր-Պետրոսյանից։ Հայտնի է, որ նա, ի շահ հասարակության, իշխանության համար կռիվ տվող մարդ չէ։ Չորս տարի առաջ նրա յուրաքանչյուր խոսք քաղաքական ցանկացած ուժի համար վերլուծության և դաշտում դրսևորվելու ինդիկատոր էր։ Չորս տարի առաջ հասարակությունը նրա շուրջ համախմբվեց որպես վերջին հույսի առաջնորդի։ Քանզի մինչ այդ բոլոր առաջնորդներն իրենց պայքարն ավարտում էին տանը թեյ խմելով։
Չորս տարի առաջ Տեր-Պետրոսյանը վերադառնում էր քաղաքականություն, և այդտեղ ինտրիգ կար, այսօր նա, ինչպես նախագահի պաշտոնում նրա հաջորդն է ասում, շարքային ընդդիմադիր է։ Չորս տարի առաջ Տեր-Պետրոսյանը խուսափում էր հեղափոխություն բառից՝ ըստ էության մոտ լինելով հեղափոխության իրականացմանը։ Այսօր նրա թիմի բոլոր անդամները խոսում են հեղափոխության անհրաժեշտության մասին, բայց ոչ ոք այլևս լուրջ չի ընդունում դա։
Չորս տարի առաջ կարելի էր ասել՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, և չլինել տասը զոհերից ոչ մեկը, այսօր զոհ են բոլորը, և կրկին ինքը դրանցից ոչ մեկը չէ։ Սա էլ երկրորդ ընդհանրությունը չորս տարի առաջվա և այսօրվա։ Երեկ Մուսինյանն ասում էր՝ Կոնգրեսն ամենահեղինակավոր քաղաքական ուժն է Հայաստանում։ Այո՛, բայց ինչպես բոլորը, որոնք անհույս են։
Թեմա
Մհեր Արշակյան










