Գլխավոր Լրահոս

Ավտոգերեզմանատուն

Ավտոգերեզմանատուն

Թեև մինչ այժմ գործում է «հին» ավտոմեքենաների ներկրման կանխարգելիչ բարձր մաքսատուրք, այն իրականում ոչ թե կանխարգելիչ, այլ խթանիչ բնույթ ունի։ Այսօր, ըստ մաքսային կարգի, մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև տասը տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, իսկ 15 տարուց հին մեքենաներինը՝ 52%-ը։

Վերջին տարիներին ավտոմեքենաների ներկրման վիճակագրությունից երևում է, որ բարձր մաքսատուրքերը քաղաքացիներին ստիպում են ներկրել հին ավտոմեքենաներ։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրության՝ անցած տարի Հայաստան ներկրված 29,4 հազ. ավտոմեքենաների 55%-ի մաքսային արժեքը եղել է մինչև $5 հազ., այն դեպքում, երբ նախաճգնաժամային 2008թ. և ճգնաժամային 2009թ. այդ մեքենաների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմում էր համապատասխանաբար 25% և 33%։ Որպես կանոն՝ մինչև $5 հազ. մաքսային արժեքով ավտոմեքենաների տարիքը գերազանցում է տասը տարին, ինչը նշանակում է, որ մաքսազերծման տուրքը կազմում է 42%։

Ուշագրավ է, որ մինչև $5 հազ. մաքսային արժեքով մեքենաների տեսակարար կշիռն ավելացել է ավելի «երիտասարդ» ավտոմեքենաների հաշվին, որոնց մաքսային արժեքը տատանվում է $5-10 հազ-ի սահմաններում։ Թեև անցած տարի ներմուծվել է համեմատաբար երիտասարդ 7430 ավտոմեքենա (2010թ. համեմատ աճը՝ 15%), ընդհանուր ներկրումներում 2010թ. համեմատ դրանց ներմուծման տեսակարար կշիռը նվազել է 7-տոկոսային կետով՝ կազմելով 25%։

Բյուջեն չի շահում

Մաքսազերծման ներկայիս կանոնների արդյունքում մի կողմից ծերանում է Հայաստանի ավտոպարկը, մյուս կողմից՝ նվազում են ներկրված միջին ավտոմեքենայից պետբյուջեի եկամուտները։ Այսպես՝ նախաճգնաժամային 2008թ. մեկ ավտոմեքենայի մաքսազերծումից բյուջե ուղղվել է ֌1,11 մլն, 2009թ.՝ Դ1,18 մլն, 2010թ.՝ Դ1,14 մլն, իսկ 2011թ.՝ Դ1,1 մլն։ Եթե հաշվի առնենք նաև դրամի արժեզրկումը, ապա գործող մաքսատուրքերի բացասական ազդեցությունն ավելի մեծ է։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ թեև քաղաքացին ցանկանում է գնել ավելի երիտասարդ մեքենա, նա չի կարողանում դա անել, քանի որ մի կողմից մոտ կրկնակի ավել պետք է վճարի ավտոմեքենայի համար, մյուս կողմից՝ կրկնակի ավել՝ նաև մաքսազերծման համար։ Օրինակ՝ 2000թ. արտադրության Opel Vectra-ի (արժեքը Վրաստանում՝ $4,5 հազ.) համար մաքսատուրքը Հայաստանում կազմում է $2 հազ., իսկ 2005թ. արտադրության նույն մակնիշի ավտոմեքենայի (արժեքը՝ $9 հազ.) մաքսազերծումը՝ $3 հազ.։

Վրաստանից չենք սովորում

Վրաստանում հարկային և մաքսային բարեփոխումների արդյունքում ավելի ցածր են ոչ միայն ավտոմեքենաների մաքսազերծման տուրքերը, այլև «հին» ավտոմեքենաների ներկրման կանխարգելիչ տուրքերը։ Նախ՝ Վրաստանում մեքենաների մաքսազերծման ժամանակ հաշվի է առնվում արտադրության տարեթիվը և շարժիչի հզորությունը, այլ ոչ թե ինչպես Հայաստանում՝ միայն տարեթիվը և արժեքը։

Օրինակ՝ Վրաստանում 2005թ. արտադրության Opel Vectra-ի (շարժիչի ծավալը՝ 1,9 լ) մաքսազերծման համար անհրաժեշտ է $1,1 հազ., իսկ 15 տարեկան նույն մակնիշի ավտոմեքենայի համար՝ $800։ Հայաստանում այդ ավտոմեքենաների մաքսազերծումը կարժենա համապատասխանաբար $3 հազ. և $1,3 հազ.։

Ակնհայտ է, որ Վրաստանում ձեռնտու է գնել ավելի երիտասարդ ավտոմեքենա, քանի որ մաքսատուրքի տարբերությունը էական չէ, այն դեպքում, երբ Հայաստանում ավելի հին ավտոմեքենա գնելու դեպքում մի կողմից առկա է գնի մոտ $4 հազ. տարբերություն, մյուս կողմից՝ մաքսազերծումը մոտ երկու անգամ էժան է ստացվում։

Հայաստան ավտոմեքենաների զգալի մասը ներկրվում է Վրաստանից: Ստացվում է, որ Հայաստանը դառնում է «վրացական» ավտոմեքենաների գերեզմանոց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում