-Պարոն Վենդե, նոր օդանավակայանը շատ մեծ է երևում: Հայաստանը կարիք ունի՞ նման մեծ օդանավակայանի, եթե այն չի օգտագործվում որպես տարանցիկ օդանավակայան:
-Մենք կարծում ենք, որ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ապագայում ուղևորների թիվն աճի: Այդ պատճառով օդանավակայանը կառուցվել է կրկնակի ավելի ուղևորների համար, քան մենք այսօր ունենք: Երբ նման խոշոր ներդրում ես կատարում, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մի քանի տարի հետո: Հնարավոր է, որ տասը տարի հետո այս մասշտաբը համապատասխանի իրականությանը: Մենք կառուցել ենք օդանավակայանը ոչ թե ապագա 3-5 տարիների, այլ 20-30 տարիների համար:
«Զվարթնոց» օդանավակայանում կատարված ներդրումները կազմել են $400 մլն: Այդ գումարներն օգտագործվել են ոչ միայն նոր տերմինալի կառուցման համար: Մենք բազմաթիվ ներդրումներ ենք կատարել տարբեր աշխատանքներում՝ սկսած ամենապարզ բաներից՝ թռիչքի և վայրէջքի ուղուց: Վերակառուցել ենք այն ամենը, ինչը բարվոք վիճակում չէր: Բարելավելով այդ պայմանները՝ նոր միայն մենք սկսեցինք նոր տերմինալի կառուցման աշխատանքները:
-Որքանո՞վ է իրագործելի «Զվարթնոց»-ի օգտագործումը որպես տարանցիկ օդանավակայան:
-Դա հնարավոր է, սակայն ժամանակ է պահանջում: Այսօր մենք փորձում ենք պայքարել որոշ սահմանափակումների դեմ, որպեսզի Հայաստանի օդային տարածքը ևս օգտագործվի տարանցիկ նպատակներով: Այս առումով օդային տարածքի ազատությունը շատ կարևոր է, և տարանցիկ չվերթներն ավելի մեծ եկամուտներ կապահովեն երկրին:
-«Զվարթնոց»-ի կոնցեսիոներ Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը տարբեր երկրներում օդանավակայաններ շահագործող աշխարհի ամենամեծ ընկերությունն է: Ի՞նչ եք կարծում, «Զվարթնոց»-ի նախաձեռնությունում Էռնեկյանի համար ո՞ր գործոնն է առաջնային եղել՝ բիզնե՞սը, թե՞ հայրենասիրությունը:
-Պրն Էռնեկյանը ցանկացած նախագիծ սկսելիս մտածում է դրա բիզնես էության մասին, քանի որ նրա կարծիքով՝ բիզնեսն այն միջոցն է, որով կարելի է աշխատել մարդկանց հետ և ինչ-որ բան զարգացնել: Բացի այդ՝ նա հայ է և մեծ հայրենասեր է և փորձում է իր երկրին օգնել այդ ձևով: Օգնությունն այն չէ, երբ պարզապես գումար ես տալիս երկրին, այլ այն, երբ կոնկրետ ներդրումների միջոցով ենթակառույցներ ու աշխատատեղեր ես ստեղծում բնակչության համար:
-Ծրագրվում էր, որ օդանավակայանի հին շենքի տարածքը կօգտագործվի որպես ազատ առևտրի գոտի՝ գյուղմթերքի արտահանումը կազմակերպելու համար:
-Մենք այժմ ուսումնասիրում ենք՝ պարզելու կառույցի որակը, քանի որ համոզված չենք շենքի սեյսմակայունության հարցում: Նախքան այդ շենքում գործունեության ծավալումը մենք պետք է համոզված լինենք, որ այն ապահով և անվտանգ է: Մենք մի շարք ծրագրեր ունենք այդ շենքի հետ կապված, օրինակ՝ որպես օֆիսային տարածքներ կամ առևտրային գոտի վարձակալության հանձնելը:
-Ծրագիր կար, որ «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն պետք է կառուցվի այլընտրանքային ավտոճանապարհ, որը կշրջանցի Արգավանդը: Ի՞նչ կասեք այդ ծրագրի մասին:
-Դա քաղաքապետարանի ծրագիրն է, ոչ թե օդանավակայանի: Մենք հետաքրքրված ենք այս ծրագրով, քանի որ դա կօգնի լուծել ճանապարհի ծանրաբեռնվածության հարցը: Այսօր այս ճանապարհը շատ ծանրաբեռնված է, քան տասը տարի առաջ: Սա լավ ծրագիր է նաև ուղևորների համար, քանի որ նրանք օդանավակայան հասնելու համար կունենան այլընտրանքային ճանապարհ:
-«Զվարթնոց»-ն անցյալ տարի մի շարք կոնֆլիկտներ ունեցավ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության հետ: Արդյոք խնդիրները լուծվե՞լ են, թե՞ դեռ կան:
-Հիմա մենք փորձում ենք բարելավել հարաբերությունները «Արմավիա»-ի հետ, քանի որ այն կարևոր հաճախորդ է մեզ համար: Սակայն մենք խնդիր ունենք՝ նրանց կողմից վճարումների ուշացման հետ կապված, որոնք անհրաժեշտ են օդանավակայանի անխափան աշխատանքն ապահովելու համար: Մենք փորձում ենք հանդուրժողականություն ցուցաբերել և ժամանակ ենք տվել նրանց: Սակայն նրանք պետք է վճարեն: Այո՛, ամեն անգամ կոնֆլիկտ է ծագում, երբ նրանք ուշացնում են վճարումները, սակայն այնուամենայնիվ պետք է լուծենք այս խնդիրը:
-Ձեր ընկերությունը տնօրինում է նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը, և այնտեղ էլ վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Արդյոք «Շիրակը» կարո՞ղ է պահուստային լինել «Զվարթնոց»-ի համար՝ հաշվի առնելով տեխնիկական և միջազգային-իրավական սահմանափակումները:
-«Շիրակ»-ը այլընտրանքային օդանակավակայան է: Այդ օդանավակայանի նպատակն այն է, որ եթե «Զվարթնոց»-ում խնդիրներ ծագեն, Հայաստանում գործող մեկ այլ օդանավակայան լինի: Իհարկե, «Շիրակ» օդանավակայանից մի շարք միջազգային չվերթներ իրականացվում են, սակայն այն, միևնույն է, մնում է որպես այլընտրանքային օդանավակայան:
Civilnet











