Ո՞ւր ենք մենք
«Բաքվում կիրակի տեղի ունեցավ համազգային քայլերթ Խոջալուի ողբերգական իրադարձությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ: Ադրբեջանի մայրաքաղաքում փողոց էր դուրս եկել ավելի քան 60 հազար մարդ, իսկ մարդկանց շարասյան առջից գնում էր նախագահ Իլհամ Ալիևը: Բոլորի հետ միասին նա մի քանի կիլոմետր քայլեց մինչև Խոջալուի դեպքերի զոհերի հուշարձանը և ծաղկեպսակ դրեց այնտեղ»,– սա հատված է ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման կիրակնօրյա ռեպորտաժից:
«Վեստի»-ի հեռուստառեպորտաժում հայկական կողմի տեսակետը չհնչեց, ինչը պահանջվում է լրագրության դասական կանոններով: Բայց լրագրությանը մեղադրել պետք չէ, այդտեղ խոսում էր քաղաքականությունը: Այն քաղաքականությունը, որ իրականացնում է Բաքուն՝ միլիոնավոր դոլարներ հատկացնելով Խոջալուի իրադարձությունների իր պատկերը աշխարհին ներկայացնելու և հայերին մեղադրելու համար:
Իսկ ի՞նչ է անում Երևանը՝ ներկայացնելու Խոջալուի իր պատմությունը: Թերևս՝ ոչինչ: Ավելի ճիշտ՝ անում է. այն ժամերին, երբ «Վեստի»-ն ցուցադրում է վերոնշյալ ռեպորտաժը, Հ1-ով մի հաղորդում էր գնում Խոջալուի դեպքերի հայկական վարկածի մասին՝ բնականաբար հայերեն և բնականաբար հայաստանյան լսարանի համար:
Մի՞թե հայ հեռուստադիտողն է այն թիրախը, որին պետք է ներկայացվի Խոջալուի հայկական պատմությունը. բնականաբար՝ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ է Հ1-ը որոշել դա անել հայկական լսարանի համար:
Այս հարցի պատասխանը թերևս այն է, որ Ադրբեջանի քարոզչությանը հակազդել չկարողացող (կամ ավելի ճիշտ՝ չցանկացող, որովհետև դրանից անձնական օգուտ չկա) հայաստանյան պատասխանատուները փորձում են սեփական անգործությունը սեփական ժողովրդին մատուցել Հ1-յան պարզունակ սկուտեղով:
Ընդհանրապես, միջազգային լրատվամիջոցների հետ աշխատանքը ոչ միայն պաշտպանվելու, այլև երկիրը պատշաճ ներկայացնելու և աշխարհում դիրքավորելու համար չափազանց կարևոր է: «Եվրոնյուզ»-ով կամ CNN-ով Հայաստանի գրավիչ զբոսաշրջության մասին ռեպորտաժները կարևոր են, բայց բավարար չեն երկիրը ճիշտ դիրքավորելու համար:
Վերջին տարիներին դժվար է հիշել գոնե մի դեպք, երբ Հայաստանի պետական պաշտոնյաները որևէ հեղինակավոր հեռուստաընկերության, ասենք՝ նույն «Եվրոնյուզ»-ին կամ CNN-ին, ներկայացնեն Հայաստանի համար կարևոր որևէ խնդիր: Նրանք միջազգային լրատվամիջոցներում հայտնվում են միայն այն ժամանակ, երբ իրենք են պետք լինում այդ լրատվամիջոցներին, ոչ թե հակառակը:
Civilnet










