Գլխավոր Լրահոս

Փոշիացում առանց փռշտոցի

Փոշիացում առանց փռշտոցի

Պետական գույքի կառավարման վարչությունը մարտի 1-ին Կառավարության հավանությանն է ներկայացնելու որոշման նախագիծ, որով առաջարկում է Մոսկովյան 33ա շենքի 1,9 հազ. քմ մակերեսով տարածքը և 0,096 հա հողամասն ուղղակի վաճառքի ճանապարհով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությանը։

Ուշագրավ է, որ այդ տարածքի իրացումը նախատեսվում է միայն այն բանի հիման վրա, որ «Հայհիդրոէներգանախագիծ»-ի գլխավոր տնօրենը դիմել է Պետգույքի կառավարման վարչությանը՝ խնդրելով ընկերությանն օտարել Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքից 1,9 հազ. քմ մակերեսով տարածքը $1 մլն-ով: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել երեք տարվա ընթացքում կատարել կապիտալ վերանորոգում՝ ներդնելով շուրջ Դ345 մլն:

Կառավարության որոշման նախագծում, սակայն, նշվում է, որ 2011թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է Դ568 մլն։ Չնայած դրան՝ Պետգույքի կառավարման վարչությունը որոշել է Կառավարությանն առաջարկել այն իրացնել փաստացի Դ180 մլն-ով էժան։ Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու է Պետգույքի կառավարման վարչությունը որոշման նախագծում նշել, որ այս գործարքն իրականացնում է անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման և պետական բյուջեի մուտքերի ավելացման քաղաքականության շրջանակում։

Նշենք, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով Կառավարության 2005թ. մարտի 31-ի որոշմամբ մասնավորեցվել էին կոլեկտիվին, և ներկայում հայտնի չէ, թե ով է ընկերության հիմնական բաժնետերը։ «Հայհիդրոէներգանախագիծ»-ին 2001-2007 թթ. ժամանակավոր անհատույց օգտագործման հանձնված 1532,6 քմ տարածքը Մոսկովյան 33ա հասցեում դեռ 2007թ. Պետգույքի կառավարման վարչությունը հանել էր աճուրդի (1 քմ-ը՝ Դ352 հազ. ($1030) մեկնարկային գնով): Ընկերության բողոքների արդյունքում, սակայն, տարածքի իրացումը կասեցվել էր։

Հաշվի առնելով ընկերության մասնավորեցման պայմանները («Հայհիդրոէներգանախագիծ»-ի գործունեության պրոֆիլը պետք է պահպանվի առնվազն տասը տարի)՝ չի բացառվում, որ տարածքի ձեռքբերման ճանապարհով այն պատրաստվում է գործունեության պրոֆիլի փոփոխության։

Ավանդական դարձած փոշիացում

Սա եզակի դեպք չէ, երբ Կառավարությունը Երևանում ուղղակի վաճառքով բավական էժան վաճառում է պետությանը պատկանող գույքը։ Անցած տարվա դեկտեմբերի 1-ին գործադիրը պատգամավոր Շիրակ Թորոսյանի (ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ) «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությանը վաճառեց Կառավարության շենքից ոչ հեռու (Տիգրան Մեծի 9) 703 քմ մակերեսով վարչական շենքը և 320 քմ հողամասն ընդամենը Դ180  մլն-ով կամ մոտ երկու անգամ շուկայականից էժան։

Որ գույքի օտարման հարցում Կառավարությունը կամայական մոտեցում է ցուցաբերում, վկայում է նաև այն, որ նույն՝ մարտի 1-ի նիստին Պետգույքի կառավարման վարչությունը Կառավարության հաստատման է ներկայացնելու որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդիում 127,7 քմ մակերեսով տարածքը օտարել դասական աճուրդով:

Եթե Ալավերդիում գույքը հնարավոր է իրացնել դասական աճուրդով, ինչո՞ւ Երևանում այն իրացվում է ուղղակի վաճառքի ճանապարհով։ Իհարկե, ներկայում «Հայհիդրոէներգանախագիծ»-ը զբաղեցնում է այդ իրացվելի տարածքը, բայց դա բավարար չէ, որ այն այդ գույքը գնի գնահատված արժեքի 2/3-ով։

Թերևս կարիք չկա ապացուցել, որ պետբյուջեի մուտքերի ավելացման և գույքի արդյունավետության տեսակետից նպատակահարմար է գույքը օտարել աճուրդի ճանապարհով՝ վարձակալին տալով նախապատվության իրավունք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում