Գլխավոր Լրահոս

Ձեր ընտրությունը դուք չեք

Մինչև հիմնական եզրահանգմանն անցնելը նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ գյուղերի մեծ մասի ղեկավարները ՀՀԿ-ական են, հետևաբար՝ ժողովուրդը հավատում է ՀՀԿ-ին, երբ ընտրում է նրա ներկայացուցչին։ Եթե նույնիսկ չի հավատում կուսակցությանը, գոնե կարծում է, որ իրենց ընտրյալ գյուղապետը ՀՀԿ վերնախավի հետ կկարողանա լեզու գտնել։ Չեն վստահում գյուղապետներին, հետո մարզպետներին, հետո նախարարներին։ Հետևաբար նաև՝ վարչապետին։

Չեն վստահում, նշանակում է հիշյալ պաշտոնյաները լեգիտիմության լուրջ խնդիր ունեն։ Այդ լեգիտիմությունը կարող է վերաբերել, ասենք, գյուղապետի ինտելեկտին՝ ի՞նչ գիտի էդ մարդը, որ ինչ հարց լուծի։ Այդ լեգիտիմությունը կարող է վերաբերել մարզպետի հնարավորություններին՝ ի՞նչ կարող է անել նա, նույնիսկ եթե նրան ամբողջական փաթեթով ներկայացվել են գյուղերի խնդիրները։ Այդ լեգիտիմությունը կարող է վերաբերել վարչապետին։ Ի՞նչ է գյուղը նրա համար։ Այս հարցի պատասխանը չկա։ Ու չկա ոչ թե զուտ ինտելեկտուալ պատճառներով, այլ այն, որ այդ մարդն իր առջև նման խնդիր չի դրել։

Հիմա վարչապետը մարզերում զբոսնում է զուտ նախընտրական նպատակներով՝ ինքն իր կուսակցական առօրյայի վրա «պտիչկա» է դնում, որովհետև գիտի, որ ընտրություններում, միևնույն է, կեղծիքներով հավաքելու են անհրաժեշտ ձայները։ Որովհետև գիտի, որ չի կարելի խոսել գյուղերի խնդիրներից ու մեծամասնականով առաջադրվող օլիգարխների լեգիտիմությունից միաժամանակ։ Դրանք իրար հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Որովհետև գիտի, որ բառերը պիտի ասվեն։ Որովհետև բառերը ողնաշար չունեն։ Գյուղացիներին հարցաթերթիկներ բաժանել, նշանակում է այդպես էլ այս չորս տարվա ընթացքում գլխի չընկնել, թե որոնք են գյուղի խնդիրները։

Քանզի եթե դու ունենայիր գեթ մեկ ազատ հեռուստաընկերություն, եթե դու ունենայիր տնտեսական այնպիսի համակարգ, որը լրատվամիջոցներին չխեղճացներ ու նրանց հնարավորություն տար օրերով զբոսնել գյուղերում և վեր հանել գյուղերի խնդիրները, դու հիմա կարիք չէիր ունենա հարցաթերթիկ բաժանելու։ Որո՞նք են այսօր գյուղերից եկող ամենաճչացող նորությունները՝ Ալավերդիում մանկապիղծ կա, Մեղրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի արդյունքում կա 5 վիրավոր։ Վերջին անգամ ո՞ր լրատվամիջոցը և ե՞րբ է անդրադարձել Աշոցքի ենթաշրջանին։ Իսկ այնտեղ 20-ից ավելի գյուղ կա։ Ո՞վ այդ գյուղերից թեկուզ 5-ի անունը գիտի լրատվամիջոցներում և պետական կառավարման ամբողջ համակարգում։

Որովհետև երկիրը, որտեղ կոռուպցիան աննախադեպ ծավալների է հասել, նախագահ չունի, այլ՝ նախագահի իմիտացիա, վարչապետ չունի, այլ՝ վարչապետի իմիտացիա, նախարար չունի, այլ՝ նախարարի իմիտացիա, նմանապես մարզպետ և գյուղապետ չունի։ Որովհետև ձեզ համար էականը ոչ թե Հրազդանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ ունենալն է, այլ այն, որ արվի ամեն ինչ, որ Սասուն Միքայելյանը չդառնա քաղաքապետ։ Որովհետև պետական կառավարում իրականացվելիս ձեր «Սահմանադրությունը» երկիրը որպես կթու կով ընկալելն է։ Որովհետև ընդունելով, որ գյուղերում վիճակը ծանր է՝ ինքնախոստովանական ցուցմունք եք տալիս ու դեռ շարունակում եք աշխատել։

Եվ փաստորեն պարզ հոխորտանք է ընտրություններն ավելի լայն թափով կեղծելու ձեր այն հայտարարությունը, թե «ընտրությունները պետք է լինեն ազնիվ և արդար, որովհետև մեր հասարակությունը չի հանդուրժի կեղծված ընտրություններ»։ Հոխորտանք է, որովհետև ընտրությունները ազնիվ և արդար չեն լինում, պետությունը խղճմտանք ենթադրող հասկացությունների հետ գործ չունի. ընտրությունները լինում են միայն օրինական։ Եվ քանի որ լինում են օրինական, դուք պետք է սուս ու փուս աշխատեիք որպես վարչապետ ու գնայիք ձեր ընտրությունն անելու։ Եվ քանի դեռ ոչինչ օրինական չէ, ձեր ընտրությունը դուք չեք, հավատացե՛ք:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում