Փոխնախարարը, սակայն, մոռացել է ասել, որ նախորդ տարիներին առևտրային արբիտրաժներին դիմումները մի քանի անգամ ավելի էին, ու նույնիսկ այդ պարագայում խոսվում էր առևտրային արբիտրաժի չկայացվածության մասին: Տարվա մեջ երեք դիմումի առկայությունը պարզապես արբիտրաժի չգոյության վկայություն է:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006թ., իսկ մինչ այդ գործում էր 1998թ. ընդունված «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» ՀՀ օրենքը, որ նույնպես կոչված էր ստեղծելու արբիտրաժային դատարանների համար անհրաժեշտ իրավական դաշտը: Սակայն 1998թ. ընդունված օրենքն ուներ բազում թերություններ, ինչի հետևանքով էլ ձախողվեց: Օրենքի ընդունման պահից գրեթե անմիջապես սկիզբ առան այն կատարելագործելուն ուղղված աշխատանքները, ինչը սովորական երևույթ է հայաստանյան իրավական դաշտում:
Արբիտրաժները համառորեն չէին ստեղծվում, ուստի մշակվեց մեկ այլ նախագիծ, որը հիմնված էր ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի կողմից 1985թ. մշակված «Միջազգային առևտրային արբիտրաժի մասին» Տիպային օրենքի վրա: ՄԱԿ-ի Տիպային օրենքը (այսպես կոչված՝ UNCITRAL նախագիծ) ավելի քան 70 պետություններում արբիտրաժի վերաբերյալ ազգային օրենսդրության հիմք է: Այդ պետություններից շատերն այսօր ունեն զարգացած արբիտրաժային պրակտիկա, իսկ Հայաստանը՝ ոչ:
Առաջին արբիտրաժը Հայաստանում ստեղծվեց 2007թ. Առևտրաարդյունաբերական պալատին կից: Նշենք, որ օրենքում ոչ մի տող չկա այն մասին, որ արբիտրաժային դատարանը պետք է ստեղծվի հենց Առևտրաարդյունաբերական պալատին կից: Սա մի պրակտիկա է, որ Հայաստանը մեխանիկորեն վերցրել է Ռուսաստանից, թեև Եվրոպայի բազմաթիվ երկրներում ևս այդ արբիտրաժները հենց առևտրաարդյունաբերական պալատներին կամ նմանատիպ կառույցներին կից են:
Սակայն փորձի մեխանիկական կրկնությունը դրական արդյունքներ չի տալիս: Օրինակ՝ Ռուսաստանում կարող են ստեղծվել նաև այսպես կոչված «մեկուսացված» արբիտրաժներ, որոնց խնդիրը բացառապես կոնկրետ տվյալ վեճի լուծումն է: Գործնականում ցանկացած հասարակական կազմակերպություն կարող է հիմնել արբիտրաժ, սակայն դրա գիտակցումը բավարար մակարդակի վրա չէ, թեև տնտեսական դաշտում հասարակական կազմակերպությունների ու ասոցիացիաների պակաս չի զգացվում: Միայն Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատը (AMCHAM) 2011թ. որոշում ընդունեց ստեղծել միջազգային արբիտրաժային տրիբունալ:
Առաքելություն
Արբիտրաժային դատարանի հիմնական առաքելությունը բիզնես միջավայրում առաջացող վեճերի լուծումն է՝ առանց դատարան դիմելու: Ի տարբերություն դատարանի՝ արբիտրաժում վիճող կողմերը կարող են որոշ պայմաններ թելադրել, օրինակ՝ երբ և որտեղ անցկացնել վարույթը: Կողմերը կարող են հենց իրենք էլ ընտրել այն արբիտրին, ով կլուծի վեճը:
Ըստ օրենքի՝ արբիտր կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ, եթե կողմերի համաձայնությամբ ավելի բարձր տարիք նախատեսված չէ: Այսինքն՝ նույնիսկ իրավաբանական կրթությունն ու ստաժը պարտադիր չեն արբիտրի դեր ստանձնելու համար, կարևորը վիճաբանության կողմերի վստահությունը ունենալն է, ինչը չունի այսօրվա որակավորված դատավորների մեծ մասը:
Թե ինչու Հայաստանում ինստիտուտը չի կայանում, կան բազմաթիվ պատճառներ: Նախ՝ արբիտրաժը վճարովի ծառայություն է, ու թեև կոնկրետ սակագներ սահմանված չեն, այն ամենայն հավանականությամբ ավելի թանկ կարժենա, քան դատական գործընթացը: Այդ պատճառով արբիտրաժին Հայաստանում առավելապես դիմում են արտասահմանյան կազմակերպությունները: Երկրորդ՝ տնտեսական վեճերի մեծ մասը ծագում է պետական մարմինների հետ, իսկ ավելի կոնկրետ՝ հարկային ու մաքսային մարմինների հետ, այնինչ արբիտրաժում նման գործեր չեն քննվում:
Իսկ միջազգային պրակտիկան վկայում է այն մասին, որ վերջին տարիներին աճել է այնպիսի վեճերի արբիտրաժային դատաքննությունը, որի կողմերից մեկը համարվում է Կառավարությունը: Այսպես՝ գործերի 30 տոկոսը, որ ուսումնասիրվում են Փարիզի Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային կանոններով, ներկայացվում են Կառավարության (այդ թվում՝ օտարերկրյա կառավարության) մասնակցությամբ:
Տնտեսական վեճերի զգալի մասն էլ առաջանում է մենաշնորհային կառույցների գործունեության հետևանքով (շահերի բախում՝ շուկաները նվաճելու համար), ինչն ի սկզբանե բացառում է արբիտրի ներգրավվածությունը:
Շատ կարևոր է արբիտրաժային դատարանի որոշումների կիրարկման ընթացակարգը: Սա այն հիմնահարցերից մեկն է, որ գործարարներից շատերին թույլ չի տալիս դիմել արբիտրաժ: Այսինքն՝ եթե արբիտրաժի կողմից գործի քննության արդյունքում հաշտության համաձայնագիր չի կնքվում, ապա պարզ չէ, թե արբիտրի վճիռն ինչ իրավական հետևանքներ ունի: Բացի այդ՝ մեր դատական համակարգն այսօր էլ ունի հենց դատավարության ընթացքում հաշտության համաձայնագրերի կայացման պրակտիկա:
Իհարկե, մեծ դեր ունի նաև վեճերի լուծման մշակույթն ընդհանրապես: Ի վերջո՝ գործարարը կարող է ընտրություն անել «քրեական հեղինակություններին» կամ օրինական դատական ընթացակարգերին դիմելու միջև: Գուցե տարօրինակ հնչի՝ թեև առևտրային արբիտրաժն այլընտրանք է դատական համակարգին, սակայն առաջին հերթին դատական համակարգի կայացվածությունը կարող է վստահություն առաջացնել այդ ինստիտուտի նկատմամբ:
Civilnet











