Գլխավոր Լրահոս

Ինչպես վեց տարի առաջ

Ինչպես վեց տարի առաջ

Երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը (ՍԽ) հակասահմանադրական ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունել էին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները՝ Ազգային ժողովը և Սենատը: Եթե օրինագիծը չարժանանար ՍԽ-ի բացասական գնահատականին և վավերացվեր Ֆրանսիայի նախագահի կողմից, օրենքի ուժ կստանար, որը մինչև 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք կնախատեսեր նրանց համար, ովքեր կհերքեին Հայոց ցեղասպանության փաստը:

Դեռ 2006թ. Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել էր օրինագիծ, որով 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը որակվում էր քրեորեն պատժելի արարք, և ժխտողներին սպասվում էր վերոնշյալ նույն պատիժը: Սակայն օրենքի ուժ ստանալու համար օրինագիծն այն ժամանակ չհաղթահարեց Սենատի բարյերը:

Կարծես նույն գործընթացն է և նույն հույսերը, ինչպես վեց տարի առաջ: Նույնն է նաև մղիչ ուժը՝ նախագահական ընտրությունները: Այսօր և՛ Սարկոզին, և՛ ընդդիմությունը կարիք ունեն ֆրանսահայության քվեի:

2007թ. նախագահական ընտրությունների նախօրեին Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի, որպեսզի այն բերվի Սենատ: Ընտրվելուց կարճ ժամանակ անց իր պատվիրակի միջոցով թուրքերին հասկացրեց, որ օրինագիծը «կթաղվի» Սենատում:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից հայկական օրինագիծը հակասահմանադրական որակելը կարծես Ֆրանսիայի քաղաքական մեծ խաղի մասը լինի, որը հարցականի տակ է դնում այդ երկրի իշխանությունների իրական մոտիվացիան: Ճիշտ է, Սարկոզին հայտարարել է, որ եթե Սահմանադրական խորհուրդը մերժի օրինագիծը, ինքը խորհրդարանում օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես գալու:

Նույնիսկ եթե Սարկոզին անկեղծ է խոսում, դժվար է պատկերացնել, որ ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների թոհուբոհում նա կարողանալու է դրա համար ժամանակ գտնել:

Զուտ նախընտրական պրագմատիզմի տեսանկյունից նայելով՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները. 1. Սարկոզին շահեց հայ համայնքի համակրանքը, քանի որ հայոց հարցի համար «պայքարեց մինչև վերջ»: 2. Սարկոզին թուլացրեց Ֆրանսիայում ապրող շուրջ կես միլիոն թուրքերի զայրույթը, ինչը նույնպես կարևոր է նրա համար ընտրությունների նախօրեին: 3. Հակադրվելով Թուրքիային՝ Սարկոզին մինչև վերջ չգնաց և ֆրանսիական կապիտալի համար այդ երկրում հավելյալ բարդություններ չստեղծեց:

Այս ամենի մեջ երկու հարց անպատասխան է մնում՝ արդյոք ՍԽ-ն նույն դիրքորոշումը կարտահայտե՞ր նաև Հոլոքոստի համար, և արդյոք Գյումրիում ծնված Սարկոզիի անունը փոխե՞լու են ծնողները, թե՞ ոչ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում