Գլխավոր Լրահոս

Իսկ սղագրությունը խեղաթյուրված չէ

Երկու տարի առաջ Ստեփանակերտում արցախցի իմ լավ բարեկամներից Վարդգես Բաղրյանը, որն արցախյան պատերազմի բծախնդիր տարեգիրներից է, ինձ քննադատեց այն բանի համար, որ ես իմ «Արցախյան օրագիր. կանաչ ու սև» ռուսերեն հատորում, ինչպես և հայերենում, բրիտանացի Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքից մեջբերել եմ Սերժ Սարգսյանի խոսքը՝ կապված Խոջալուի ողբերգական դեպքերի հետ:

Այդ նույն օրերին, երբ Վարդգեսը ինձ քննադատում էր, ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հազարավոր օրինակներով՝ ռուսերեն, անգլերեն և արաբերեն, հրապարակել ու տարածել էր իմ գրքի 15-րդ գլուխը՝ «Խոջալուն և Մարաղան», որտեղ ես համարձակություն եմ ունեցել գրելու, որ Խոջալուում տեղի ունեցածը ողբերգություն էր, քանի որ, անկախ հանգամանքներից, այնտեղ սպանվել են նաև խաղաղ բնակիչներ:

Ահա այսպիսին է որևէ դեպքի լուսաբանման ընկալումը. մեկը այն կարող է համարել անընդունելի, մյուսը՝ լիովին ընդունելի:

«Խոջալուն և Մարաղան» գլխում ես ներկայացրել եմ հնարավոր բոլոր տեսակետները և այդ օրերի հայ ու ադրբեջանցի զորահրամանատարների խոսքերը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, Այազ Մութալիբովի, Սամվել Բաբայանի, լուսահոգի Արթուր Մկրտչյանի և մյուսների:

Մինչև երեկ, երբ ես կարդացի Դե Վաալի և Սերժ Սարգսյանի զրույցի ամբողջական սղագրությունը, որը ռուսերենով է, ես ներքուստ, իրավամբ, որոշ կասկած ունեի, թե արդյոք Սարգսյանն ասել է հենց այն, ինչը իր գրքում մեջբերել է բրիտանացի հեղինակը: Անշուշտ, կարելի է նաև հարց տալ. իսկ ներկայացված սղագրությունը խեղաթյուրված չէ՞: Գրեթե համոզված եմ, որ Դե Վաալը պահում է նաև ձայնագրությունը և անհրաժեշտության դեպքում այն նույնպես կտեղադրի համացանցում:

Մյուս կողմից՝ մինչև այսօր ես չեմ տեսել մի հրապարակում, որտեղ Սերժ Սարգսյանը կամ նրա նախկին ու ներկա խոսնակները հերքած լինեն Դե Վաալի մեջբերումները: Երբ Դե Վաալը Սարգսյանին 2000թ. դեկտեմբերին խնդրել է պատմել Խոջալուի մասին, ստացել է այսպիսի պատասխան. «Մենք այդ մասին բարձրաձայն չենք խոսում»: Զոհերի թվի մասով Սարգսյանը պնդել է, որ շատ բան չափազանցվել է, իսկ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել. «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր:

Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կատակ են անում, նրանք կարծում էին, որ հայերը երբեք ձեռք չեն բարձրացնի քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ կատարվեց: Նաև պետք է հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, որոնք փախել էին Բաքվից և Սումգայիթից»:

Սերժ Սարգսյանի ահա այս խոսքն են անդադար մեջբերում ադրբեջանցի ու թուրք քարոզիչները, որպեսզի փորձեն ապացուցել, որ հայերը կոտորել են խաղաղ ադրբեջանցիների: Բնական է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը չեն մեջբերում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Այազ Մութալիբովի և ո՛չ էլ բազմաթիվ խոջալուցիների խոսքերը նույն այդ ողբերգական դեպքերի մասին: Օրինակ՝ և՛ Քոչարյանի, և՛ Մութալիբովի խոսքերը շատ ավելի տրամաբանական են և լիովին տեղավորվում են այդ օրերի պատերազմական գործողությունների տրամաբանության մեջ:

Կամ Սամվել Բաբայանի խոսքն ինձ հետ հարցազրույցից, որտեղ նա ասում է, որ եթե արցախյան ուժերը մտադրություն ունենային կոտորել խաղաղ ադրբեջանցիների, ապա դա կանեին և՛ Քարվաճառում, և՛ Աղդամում, և՛ մյուս բնակավայրերում, ինչը չեն արել: Ավելին՝ արցախյան ուժերն անգամ հետաձգել են գործողությունները մեկ կամ մի քանի օրով, որպեսզի ադրբեջանցի խաղաղ բնակչությունը հեռանա: Երբ խաղաղ բնակչությունը հեռանում էր, ադրբեջանական ջոկատների մոտ առաջ էր գալիս ժամ առաջ փախուստի դիմելու և կյանքը փրկելու ցանկությունը:

Մի քանի օր ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենան հայատյացության աննախադեպ արշավ էր իրականացնում և ժամանակ առ ժամանակ մեջբերում Սերժ Սարգսյանի խոսքը:

Հիմա ո՞վ է մեղավոր՝ մե՞նք՝ լրագրողնե՞րս, որ մեջբերում ենք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահների խոսքերը, թե՞ իրենք՝ պաշտոնյաները:

Ինձ զարմացնում է նաև այն լրագրողների կեցվածքը, որոնք խոսքերի տիրոջը քննադատելու փոխարեն քննադատում են այդ խոսքերը մեջբերող իրենց գործընկերներին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում