ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Օրակարգ»-ին ասաց, որ հանձնաժողովը մայրաքաղաքի խոշոր խանութներում և շուկաներում իրականացրած ամենօրյա մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ալյուրի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» (շուկայի մասնաբաժինը՝ 47,3%) և «Մանանա գրեյն» (մասնաբաժինը՝ 34,4%) ընկերություններն ալյուրը թանկացրել են մոտ 9%-ով:
Ըստ Սահակյանի՝ հանձնաժողովի վերլուծական խմբի մասնագետներն ուսումնասիրել են միջազգային շուկայի զարգացումները և պարզել, որ ցորենի շուկայում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է մոտ 25% գնաճ. եթե Ռուսաստանում ցորենի գինը հունվարին կազմում էր $210, ապա փետրվարի վերջին՝ $275:
Նա նշեց, որ հանձնաժողովը տնտեսավարողներից պահանջել է տեղեկատվություն ներկայացնել, այդ թվում՝ հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ։ Հանձնաժողովը տնտեսավարողներին նաև զգուշացրել է, որ նախկինում անհամեմատ ցածր գներով ձեռք բերած խմբաքանակը չվաճառեն ներկայիս գներով:
Ալյուրի շուկայի տնտեսավարողները «Օրակարգ»-ին ասացին, որ ներքին շուկայում գները բարձրացրել են 5%-ով, ինչը պայմանավորված է միջազգային գներով։ Նրանք համաձայն չեն այն տեսակետին, որ մինչև թանկ ցորեն ներկրելը գները պետք է անփոփոխ լինեն։ «Եթե դուրսը ցորենը թանկացել է, համաձայն չենք, որ մեզ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ՝ նոր ներկրումներ կատարելու համար»,– ասաց շուկայի մասնակից ընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ արդեն կատարել են թանկ ցորենի ներկրում։
Ցորենի գլոբալ վարքագիծը
Այս տարվա երկու ամսվա ընթացքում ցորենի գներն ունեցել են տատանողական վարքագիծ։ Այսպես՝ եթե Նյու Յորքի ապրանքային բորսայում հունվարի 4-ին 1 տոննա ցորենի գինը $241 էր, հունվարի 19-ին այն արդեն $217 էր, փետրվարի 2-ին՝ $248, փետրվարի 13-ին՝ $232, իսկ երեկվա դրությամբ՝ $245։ Այս թվերից երևում է, որ միայն սպասումներով ներքին շուկայում գների բարձրացումն այդքան էլ հիմնավոր չէ։
Կենտրոնական բանկի՝ 2012թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նշված է, որ պարենային ապրանքների համաշխարհային շուկան 2012թ. հիմնականում կգտնվի հավասարակշռության մեջ, և կանխատեսվող բերքի ծավալների աճի պայմաններում համաշխարհային շուկայում կձևավորվի նույնիսկ գնանկումային միջավայր: Ըստ ԿԲ-ի՝ ցորենի միջազգային գները 2012թ. հիմնականում կդրսևորեն գնանկումային միտումներ:
Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) լրատվական ծառայությունում «Օրակարգ»-ին տեղեկացրին, որ այս տարվա հունվարին Հայաստանը ներկրել է 68,5 հազ. տոննա ցորեն, ինչը 2011թ. նույն ամսվա համեմատ աճել է 10 հազ. տոննայով։ Ինչ վերաբերում է փետրվարյան ներկրումներին, ՊԵԿ-ում ասացին, որ ներկայում կատարվում է տվյալների ամփոփում, և տվյալները հասանելի կլինեն առաջիկա օրերին։
Նշենք, որ Ռուսաստանից կամ Ուկրաինայից բեռնափոխադրումը դեպի Հայաստան տևում է շուրջ մեկ ամիս։ Դա նշանակում է, որ հունվարին ներկրվել է դեկտեմբերին ձեռք բերված ցորենը, երբ համաշխարհային շուկայում 1 տոննայի գինը տատանվում էր $220-ի սահմաններում։ Իսկ հունվարի և փետրվարի ձեռքբերումները կերևան համապատասխանաբար փետրվար և մարտ ամիսների ներկրման ծավալներում։
Ստվերային ցորեն
Նշենք, որ թեև ներքին շուկայում որպես ալյուրի գների բարձրացման հիմնավորում նշվում է համաշխարհային շուկայում գների աճը, անհասկանալի պատճառներով ցորենի մաքսային արժեքը Հայաստանում չի փոխվում։ Տնտեսավարողների բացատրությունները, որ նոր՝ ավելի թանկ խմբաքանակի ձեռքբերման համար իրենց անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, այդքան էլ հասկանալի չեն։
Ալյուրի շուկայում և առհասարակ ցանկացած շուկայում մրցակցության պայմաններում տնտեսավարողները դժվար թե կարողանան բիզնես ռիսկերը (գների բարձրացումը կամ սպասումները) տեղափոխել սպառողների ուսերին։ Բայց քանի, որ Հայաստանի ալյուրի շուկայի 81,7%-ը կենտրոնացած է երկու ընկերությունների ձեռքում, այդ ընկերություններն իրենց բիզնես ռիսկերը տեղափոխում են սպառողների ուսերին՝ սեփական շահույթը թողնելով նույն մակարդակի վրա։
Ալյուրի շուկայի խաղորդները ոչ միայն շահույթներ են ստանում, այլև մասամբ գտնվում են ստվերում։ Այսպես՝ անցած տարվա առաջին եռամսյակում, երբ համաշխարհային շուկայում 1 տոննա ցորենի գինը տատանվում էր $300-ի սահմաններում, Հայաստան ներկրված ցորենի միջին մաքսային արժեքը $254 էր, իսկ չորրորդ եռամսյակում, երբ համաշխարհային շուկայում գները տատանվում էին $220-ի սահմաններում, մաքսային արժեքը $252 էր։
Եթե հաշվի առնենք, որ 1 տոննա ցորենի միայն տեղափոխման տրանսպորտային ծախսերը տատանվում են $50-$100-ի սահմաններում՝ կախված ցորենի ծագման երկրից, ստացվում է, որ կա՛մ տնտեսավարողներն էժան ցորենի տեղ գիտեն և տարիներ շարունակ օգտվում են նույն մատակարարից, կա՛մ մաքսազերծումն իրականացվում է ոչ հավաստի հաշիվ-ապրանքագրերով։
Civilnet










