Գլխավոր Լրահոս

Գեղամյանի Եվրասիական միությունը ՀՀԿ-ն է

Հավանաբար, ամբողջ գրքի մեջ չի լինի ըստ էության ասված այսպիսի մի նախադասություն։ Որովհետև գրքի վերնագիրն իսկ արդեն կեղծ է՝ Եվրասիական միություն գոյություն չունի։ Եթե անգամ գոյություն ունենար, նրա ամբողջ «էֆեկտիվությունը» հենց այն է, որ ապագա չունի, որովհետև դրա կարևորության մասին խոսել է բռնապետ Վլադիմիր Պուտինը, և դրանում ընդգրկվելու համաձայնություն են տվել է՛լ ավելի բռնապետական բարքերով հայտնի Բելառուսն ու Ղազախստանը։

Ուրեմն՝ Արտաշես Գեղամյանը կատարել է իր ընտրությունը, Սերժ Սարգսյանի բառերով ասած՝ նա ստացավ իր բաղձալի մեկ հատ զրոն (կարծեմ 2005թ. էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հակադարձել իր հասցեին հնչած Գեղամյանի քննադատություններին. «Նա մեկ զրո ավել է ուզում»)։

Ո՞րն է պարոն Գեղամյանի ընտրությունը՝ գրքի վերնագրից դատելով։ Օր ծերության այդ մարդը Խորհրդային Միություն է ուզում, չի բացառվում, որ մի օր էլ հայտարարի, թե «ստալինյան դիկտատուրան մեր ապագան է»։ Պարզ է, որ այդպիսի դատողությունը որևէ պատասխանատվություն չի ենթադրում։ Իսկ իրականում դրանից ֆաշիզմի հոտ է գալիս։ Որովհետև դու՝ որպես քաղաքական գործիչ, ունես «պետականանության» մի իդեալ, որը դիկտատուրան է։ Գրքի շնորհանդեսի ժամանակ ոչ մեկը քեզ չի հարցրել՝ եղբայր, մենք ի՞նչ ենք անում հետխորհրդային տարածքի երեք խոշորագույն բռնապետների շրջապատում։

Չի հարցրել, որովհետև դիկտատուրան ամբողջական է միայն այն ժամանակ, երբ քաղցկեղ է։ Այսինքն՝ մետաստազները ոչ թե երկրի պետական կառավարման, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներ է թափանցել, այլ քո՝ անհատի, մարդ արարածի հոգու խորքերը։ Քաղցկեղը մարմինն է ուտում՝ ի վերջո ավելորդ դարձնելով մարդուն։ Գեղամյանը քաղցկեղի կարոտ մարդ է։

Բայց հարցն այն է, որ գեղարվեստի զգացողություն չունի գիրք գրող մարդը, այլապես կիմանար, որ Եվրասիական միությունը չի կարող զուտ պետականության շարունակության մոդել լինել, նա խժռում է ցանկացած մոդել՝ անհատական ընկալումից սկսած, պետականության ընկալումով վերջացրած։

Չի բացառվում, իհարկե, որ «Ազգային միաբանության» առաջնորդը իր տեսլականի հետևանքները լավ չի պատկերացնում։ Չի բացառվում, որ նա բռնապետություն չի ուզում։ Հնարավոր է, որ նա ավելի ընդգրկուն Եվրասիական միություն է պատկերացնում, որտեղ եվրոպական առաջատար երկրներն էլ են ընդգրկվում։

Բայց եվրոպացիներն արդեն կատարել են իրենց ընտրությունը։ Եվ այդ ընտրությունը Եվրամիությունն է։ Ընդ որում՝ որևէ միության մեջ ընդգրկվելը պարտադիր չէ, եթե դու կենսունակ պետական կառավարման համակարգ ունես, այդ միություններն իրենք կգտնեն քեզ, իրենք կուզենան քեզանով արդյունավետ լինել։

Հարցերի հարցն այն է, որ Գեղամյանն զբաղված է ամեն ինչով, որպեսզի հանկարծ որևէ անհամ բան չանի Սերժ Սարգսյանի նկատմամբ, որին պարտական է ջրի երեսին դեռ մնալու համար։ Արտաշես Գեղամյանն այսօր քաղաքական գործիչ է առանց քաղաքական թիմի... հայտնի է, որ նա մոտ օրերս համալրելու է ՀՀԿ համամասնական ցուցակը։ Եվ ապրելու է հայրենական բռնապետության մեջ տոն տվողի երկրորդ շնչառությունը։ Լոկալ իմաստով նրա Եվրասիական միությունը ՀՀԿ-ն է, որն այժմ և հավանաբար ընդմիշտ «Ազգային միաբանության» առաջնորդի ապագան է։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում