Երեկ Վահե Դանիելյանի հետ համատեղ ասուլիսին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ էլեկտրոնային առևտուրը կնպաստի, որ տեղի ունենա գների հավասարակշռում (News.am): «Առաջին հերթին նկատի ունեմ այն ապրանքատեսակները, որոնց ներքին գներn էապես բարձր են իրենց միջազգային գներից: Օրինակ՝ համակարգիչները, այլ տեխնիկան»,– ասել է Վարդանյանը:
Ըստ նրա՝ եթե այսօր էլեկտրոնային առևտրի տարեկան ծավալները Հայաստանում կազմում են $10 մլն, ապա ենթակառուցվածքային, օրենսդրական և վարչական խոչընդոտների վերացման միջոցով կարելի է ապահովել ոլորտի սրընթաց աճ, և էլեկտրոնային առևտրի ծավալները սկզբնական շրջանում կկազմեն տարեկան շուրջ $100 մլն: Վարդանյանի խոսքով՝ այսօր Հայաստանում էլեկտրոնային առևտրի հիմնական խոչընդոտներից են հարկային և մաքսային, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգերը։
Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը նշել է, որ էլեկտրոնային առևտրի միջոցով կարելի է Հայաստան ներմուծել ցանկացած քանակության ցանկացած ապրանք, սակայն էլեկտրոնային առևտուրը առավել հաճախ կիրառվում է փոքր ապրանքախմբերով։ Նա նշել է, որ էլեկտրոնային առևտուրը հիմնականում մանրածախ առևտրի բնագավառն է, և մանրածախ առևտրում մրցակցությունն անսահման կաճի, որից կշահեն բոլորը։
Նախարարի խորհրդականը նշել է նաև, որ էլեկտրոնային առևտրին առնչվող օրենսդրական խնդիրներն այս տարի լուծում կստանան։ Ըստ Itel.am կայքի՝ էլեկտրոնային առևտրի կազմակերպմանն առնչվող մաքսային, հարկային և վճարահաշվարկային համակարգերի հետ կապված խնդիրները ներկայացվել են Կառավարություն՝ դրանց հետագա լուծումն ապահովելու նպատակով:
Դանիելյանի խոսքով՝ եթե հարկային և մաքսային խնդիրները պահանջում են որոշակի օրենսդրական և վարչական ընթացակարգային փոփոխություններ, ապա վճարահաշվարկային խնդիրները, ինչպիսին է, մասնավորապես, VISA համակարգով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիայի ձեռքբերումը, որը չունի որևէ հայկական բանկ, պետք է լուծվեն մասնավոր հատվածի մասնակցությամբ:
«Կենտրոնական բանկը մեզ հայտնել է, որ արդեն չորս բանկ բանակցում է VISA համակարգով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիա ձեռք բերելու ուղղությամբ»,– ասել է նա՝ հավելելով, որ «ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգի կողմից միասնական պրոցեսինգի սպասվող թարմացումը կավելացնի համակարգի անվտանգությունը և հուսալիությունը:
Վճարահաշվարկային խնդրի մասին
Հայաստանյան բանկերը չունեն արտասահմանյան բանկերի թողարկած VISA քարտերով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիա (internet acquiring), և արտասահմանյան հաճախորդներին էլեկտրոնային եղանակով ապրանքներ կամ ծառայություններ վաճառող հայկական ընկերությունները ստիպված են լինում առևտրային հաշիվ բացել արտասահմանյան բանկերում, որոնց էլ փոխանցվում են ծառայությունների/ապրանքների դիմաց ստացվող վճարումները: Արդյունքում հավելյալ տրանզակցիոն ծախսերը կրճատում են հայկական ընկերությունների եկամուտները 3-5%-ով:
Նշենք, որ Հայաստանում սպառողական ապրանքների շուկաների բարձր կենտրոնացվածության խնդրի լուծումը դժվար է պատկերացնել միայն էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհով։ Թեև Հայաստանում և արտերկրում կան գործարարներ, որ պատրաստ են ներկրել շաքարավազ, շուկան կենտրոնացած է «Ալեքս Գրիգ» ընկերության ձեռքում՝ մասնաբաժինը 99,9%:
Էլեկտրոնային եղանակով առևտուրը լուրջ զարգացում չի ունենա, եթե չվերացվեն Մաքսային օրենսգրքում առկա սողանցքները։ Խնդիրն այն է, որ մաքսայինում ապրանքների մաքսազերծման ժամանակ հաճախ չեն ընդունվում հաշիվ-ապրանքագրերը, և կիրառվում են կողմնորոշիչ գներ, որոնք զգալիորեն տարբերվում են ապրանքի իրական արժեքից։ Կողմնորոշիչ գների կիրառման հնարավորության պայմաններում առկա է սուբյեկտիվության գործոնը։
Civilnet










