ՀԱԿ-ի մարտահրավերը
Երկարատև ընդմիջումից հետո այսօր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսը կրկին հանրահավաք է հրավիրել: Հանրահավաքը նախատեսված էր փետրվարի 17-ին, բայց եղանակի պատճառաբանությամբ որոշվեց այն տեղափոխել մարտի 1: Վերջին հանրահավաքը կայացել էր 2011թ. նոյեմբերի 25-ին:
Կարելի է ենթադրել, որ հանրահավաքը հետաձգելու պատճառը ոչ թե եղանակն էր, այլ ՀԱԿ-ի ներսում առկա տարաձայնություններն ընտրացուցակի շուրջ, ինչպես նաև Հրազդանի ընտրություններում Սասուն Միքայելյանի կրած պարտությունը: Եթե Միքայելյանը հաղթած լիներ, ՀԱԿ-ը, բնականաբար, փետրվարի 17-ին մեծ հանրահավաք կաներ Ազատության հրապարակում, որովհետև ասելիք կունենար ժողովրդին: Իսկ ընտրացուցակների մասին կարելի էր մոռանալ այդ օրը:
Ընդամենը երկու ամիս հետո կայանալիք ընտրությունների նախօրեին Կոնգրեսի պասիվությունն անհասկանալի է: Վերջին չորս տարիների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ընդդիմությունը կարողացավ ինստիտուցիոնալիզացվել, սակայն իրար հետևից թույլ տրվող մարտավարական սխալներն էապես թուլացրին ընդդիմությանը: Մարտավարական այդ քայլերից մի քանիսը, իհարկե, դժվար է քննադատել, ինչպես օրինակ՝ քաղբանտարկյալների ազատման համար երկխոսությունն իշխանությունների հետ:
Սակայն այն, որ Տեր-Պետրոսյանը շարունակաբար իր առջև անիրատեսական նպատակներ էր դնում՝ Սերժ Սարգսյանի իմփիչմենթ, արտահերթ ընտրություններ և այլն, միայն վնաս է հասցնում նրա վարկանիշին: ՀԱԿ-ի ղեկավարն ու ներկայացուցիչները պարտվեցին նաև լոկալ ճակատամարտերում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններում: Եռամսյա ընդմիջումը հավանաբար պայմանավորված է սրանով: Ճիշտ է, բոլորին է հայտնի՝ ինչպես են անցկացվել այդ ընտրությունները, բայցևայնպես ժողովուրդը ցանկանում է արդյունք տեսնել, ոչ թե արդարացում լսել:
Այսօրվա հանրահավաքը ՀԱԿ-ի համար իսկապես լուրջ մարտահրավեր է, ոչ թե մարդ հավաքելու, այլ առաջիկա քաղաքական պայքարում ծանրակշիռ դերակատարություն ստանձնելու համար: Թերևս ժամանակն է, որ Տեր-Պետրոսյանը իրատեսական նպատակներ դնի իր առջև՝ փորձի հասնել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և նրան, որ քաղաքական որևէ ուժ մեծամասնություն չկազմի խորհրդարանում: Անիրատեսական նպատակների մասին հայտարարելը միայն կթուլացնի ՀԱԿ-ին, ինչը Հայաստանի քաղաքական դաշտի համար չափազանց վատ հետևանքներ կարող է ունենալ:
Civilnet










