Կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագրով՝ անցած տարվա հուլիսի առաջին տասնօրյակում Կենտրոնական բանկը Կառավարությանը պետք է ներկայացներ «Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Նախագիծը ոչ միայն չի ներկայացվել անցած տարի, այլև չի ընդգրկվել Կառավարության այս տարվա գործունեության ծրագրում։
Կառավարությունը բժշկական ապահովագրության զարգացումը երևի որոշել է ապահովել ոչ թե հայեցակարգի միջոցով, այլ պարզապես սոցիալական մի խավի համար այն կամավոր-պարտադիր դարձնելու ճանապարհով։ Այս տարի 120 հազ. պետական ծառայողների համար ներդրվել է ընդհանուր առմամբ Դ18 մլրդ արժողությամբ սոցիալական փաթեթ։ Յուրաքանչյուր աշխատակցի համար նախատեսված Դ132 հազ-ից Դ52 հազ-ը պարտադիր պետք է ուղղվի բժշկական ապահովագրության փաթեթի ձեռքբերմանը (ապահովագրական գումարի չափը Դ3,8 մլն է)։
Կառավարության այս նախաձեռնությունը մի կողմից սոցիալական նշանակություն ունի, մյուս կողմից՝ քայլ է, որն ապահովագրական ընկերություններին կօժանդակի սեփական ուժերով զարգացնելու բժշկական ապահովագրության ինստիտուտը։
Բուժհիմնարկները չեն շտապում
Ինչու է Կառավարությունը որոշել հետաձգել բժշկական պարտադիր ապահովագրության ներդրումը: Պատճառը թերևս այն է, որ ոլորտում մի շարք լուրջ խնդիրներ կան, առանց որոնց լուծման հնարավոր չէ գնալ այդ քայլին: Դա նախևառաջ վերաբերում է ստվերում աշխատող բուժհաստատություններին օրինական դաշտ բերելուն:
Օրինակ՝ Ազգային ժողովում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի տապալումը, որը ենթադրում էր, որ նաև բժշկական հաստատություններում 300 հազ-ը գերազանցող վճարները պետք է լինեն անկանխիկ, այն բանի վկայությունն էր, որ բուժոլորտն այնքան էլ պատրաստակամ չէ ստվերից դուրս գալու հարցում:
Մյուս կողմից՝ բուժհաստատությունների «գործը» բժշկական ապահովագրության ներդրման դեպքում կավելանա, և շատ մարդիկ, որոնք այլ հանգամանքներում չէին դիմում բժշկի, ավելի հաճախ կանեն դա: Այդ դեպքում էլ բուժհաստատությունների միջև կառաջանա սուր մրցակցություն, որը կպահանջի բուժհիմնարկների և սարքավորումների արդիականացում, ծառայությունների որակի բարձրացում, լավագույն կադրերի հավաքագրում և այլն: Բուժհաստատությունների համար սա մարտահրավեր է, և նրանցից շատերը չեն դիմանա մրցակցությանը:
Բժշկական պարտադիր ապահովագրության ներդրմանն անուղղակիորեն խանգարում են նաև մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Իշխանությունը չի ցանկանա ոչ պոպուլյար քայլեր անել, որոնք ընտրությունների համատեքստում կարող են իր դեմ օգտագործվել:
Ամեն դեպքում, պետհամակարգի աշխատողների բժշկական ապահովագրության ինստիտուտի ներդրումը կարելի է համարել պիլոտային ծրագիր համընդհանուր ապահովագրություն ներդնելուց առաջ:
Civilnet










