Թուրքիայում 2011թ. տնտեսական աճը կազմել է 7,5%, Վրաստանում՝ 6.5%: Ադրբեջանում տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,1%, սակայն ոչ նավթային սեկտորում արձանագրվել է 9,4% աճ, և միայն նավթային սեկտորի 8,7% անկումն է հանգեցրել տնտեսական աճի դանդաղմանը:
Հարց է առաջանում՝ ո՞րն է Հայաստանի հարևանների հաջողության գաղտնիքը: Անշուշտ, այս հարցադրման պատասխանները չեն կարող ներառվել միայն մեկ հոդվածի և միայն մեկ ուսումնասիրության շրջանակներում: Սակայն տարածաշրջանային մրցակցությունում Հայաստանը խնդիր ունի հարևաններից առաջ անցնելու, իսկ դա հնարավոր չէ առանց վերջիններիս տնտեսական քաղաքականությունը մանրակրկիտ վերլուծելու:
Ի դեպ՝ ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հրապարակած Գնաճի հաշվետվության մեջ ավանդաբար անդրադարձել է հարևան երկրների մակրոտնտեսական որոշ ցուցանիշների՝ պատճառաբանությամբ, որ նրանց մոտ տեղի ունեցող միտումներն անուղղակի կարող են ազդել նաև Հայաստանի վրա: Ի վերջո, հարևան երկրները մրցակցում են և՛ արտահանման շուկաների, և՛ ներդրումների ներգրավման, և՛ վարկերի ստացման ոլորտներում:
Ու շատ հաճախ ներդրողներն ու վարկատուները իրենց տարածաշրջանային ծրագրերն իրագործելիս ընտրում են այս երեք երկրներից որևէ մեկը: Պայմանականորեն համարում ենք, որ Իրանը դուրս է արևմտյան ներդրողների և վարկատուների հետաքրքրության շրջանակից (համենայնդեպս՝ տարածաշրջանային գործոնն այստեղ դեր չի խաղում), բայց մրցակից է արտահանման շուկաների նվաճման ոլորտում: Սակայն Իրանի վերաբերյալ վիճակագրական տվյալները ստացվում են ուշացումով ու թերի, ուստի այդ երկիրը դուրս է մնում նմանատիպ համեմատություններից:
Զսպողականության էֆեկտը
Նույնիսկ ոչ տնտեսագետի համար կարող է աչքի զարնել Թուրքիայի բավական յուրօրինակ դրամավարկային քաղաքականությունը: Հայաստանի դրամավարկային քաղաքականության հիմքում դրված մեթոդաբանության համաձայն՝ հարևան Թուրքիան պարզապես ինքնակործանման է գնում: Օրինակ՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը ակտիվորեն արտարժույթ է վաճառում՝ նպաստելով լիրայի արժեզրկմանը: Ու թեև գնաճի տեմպերն այդ երկրում արագացել են՝ գերազանցելով 10%-ը, Թուրքիայի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը (շաբաթական ռեպոն) ավելի ցածր է՝ 5,75%, քան Հայաստանինը՝ 8%:
Այս քաղաքականության նպատակն ակնհայտ է՝ պահպանել արտահանման շուկաները, թեկուզև երկրի ներսում գնաճի արագացման ու ազգային արժույթի արժեզրկման հաշվին: Այդ քաղաքականության համատեքստում զսպողական դրամավարկային քաղաքականությունը որևէ կերպ չպետք է վնասի տնտեսական ակտիվությունը, թեև համարվում է, որ գնաճի արագացումը նույնպես ռիսկեր է պարունակում տնտեսության համար:
Այսպես, թե այնպես՝ Հայաստանը տարածաշրջանում աչքի է ընկնում ամենախիստ դրամավարկային քաղաքականությամբ, ինչը թեև չի երաշխավորում գնաճի ցածր տեմպեր, սակայն երաշխավորում է ցածր տնտեսական աճ: Որպես դրամավարկային քաղաքականության հիմնական ինդիկատոր Հայաստանն ընտրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թեև հասկանալի է՝ կան նաև այլ ինդիկատորներ: Վրաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,2% է, Ադրբեջանում՝ 8%: Ընդ որում՝ Ադրբեջանը տարվա ընթացքում իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկնիշ գնաճի պայմաններում:
Ըստ էության՝ Հայաստանն ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքի մի մակարդակ, որը համարժեք չէ գնաճի ներկայիս մակարդակին (4-5,5%):
Հնարավոր է՝ զսպողական քաղաքականության առումով Հայաստանի Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը պակաս ազդեցիկ չէ, քան դրամավարկայինը: Տարվա ընթացքում բյուջեում կուտակվող խնայողությունները պահանջարկը զսպող լուրջ գործոն են, թեև զուգահեռ զսպում են նաև տնտեսական ակտիվությունը: Աճի էֆեկտ ստեղծելու համար Կառավարությունը պետք է ոչ թե խնայի, այլ ծախսի (խոսքն իհարկե արդարացված ծախսերի մասին է):
Սակայն գնաճը Հայաստանում ունի նաև թաքնված ու ազդեցիկ խթան. դա դրամաշրջանառությունում կանխիկի նկատմամբ դրսևորվող չափից ավելի մեծ պահանջարկն է: Այլ կերպ ասած՝ ստվերային տնտեսության չափազանց մեծ կշիռը: Պատահական չէ, որ գնաճն ավանդաբար բարձր է այն երկրներում, որտեղ ստվերային տնտեսության կշիռը չափից ավելի բարձր է՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան:
Այս պարագայում նույնիսկ չափից ավելի զսպողական քաղաքականությունն արդյունք չի տալիս, քանի որ ստվերը մշտապես կանխիկի նկատմամբ հավելյալ պահանջարկ է ստեղծում, իսկ դա էլ իր հերթին «ուռցնում» է գները: Այսինքն՝ եթե Կառավարությունը սկսի ավելի շատ ծախսել, ապա շրջանառությունում ավելի շատ կանխիկ փող կհայտնվի՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Դա տեղի է ունենում, օրինակ, Ամանորի նախօրեին, երբ Կառավարությունը ստիպված է լինում շատ ծախսել՝ ստեղծելով կարճաժամկետ գնաճային էֆեկտներ:
Այսպիսով՝ ֆինանսական կայունության ապահովման հիմքում առաջին հերթին ստվերային տնտեսության կրճատումն է, ոչ թե տոկոսադրույքների միջոցով շուկան ուղղորդելու փորձերը:
Civilnet










