Վերադարձ պրագմատիզմին

Երեկ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչած ելույթներն առանձնանում էին աննախադեպ իրատեսականությամբ: Ի տարբերություն 2011թ. ելույթների, երբ շարունակաբար արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների պահանջներ ու նպատակներ էին դրվում և որոնք այդպես էլ չէին կատարվում, երեկվա հանրահավաքի պահանջները շատ պրագմատիկ էին:
Օրինակ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերը միացյալ ճակատամարտ պետք է տան հանուն արդար ընտրությունների: Նա նշեց, թե խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների առաջին փուլն են:
Ստեփան Դեմիրճյանն էլ խոսեց ոչ թե խորհրդարանում մեծամասնություն կազմելու, այլ ՀԱԿ-ի ծանրակշիռ ներկայություն ապահովելու՝ դրանով իսկ երկրում քաղաքական իրավիճակը փոխելու մասին:
Այս ընդհանուր իրատեսականության ոգին ամփոփեց Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ողջունեց Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ՝ կարևորելով վերջինիս՝ «որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացումը»: Տեր-Պետրոսյանը, քննադատելով Երկրապահ կամավորականների միության ղեկավարությանը, գովեստի խոսքեր շռայլեց Երկրապահի շարքային անդամներին:
Նա խոսեց «ձմռանն արձանագրված որոշ դրական երևույթների» մասին: «Այս առումով առաջին հերթին պետք է հիշատակել, անշուշտ, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի միջև արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը։
Հակառակ այն հանգամանքին, որ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես և սպասվում էր, մերժեց այդ նախաձեռնությունը, նշված ուժերի անկեղծ համագործակցությունը, այնուամենայնիվ, լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձևավորելու համար»,– հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը։
Վերոնշյալ բոլոր հայտարարությունները վկայում են երկու բանի մասին՝ ՀԱԿ-ը փորձում է բաց պահել հնարավոր համագործակցության կամուրջները մյուս քաղաքական ուժերի հետ և անկախ նախընտրական և հետընտրական դաշինքների ստեղծումից՝ առնվազն մեկ՝ ազատ և արդար ընտրությունների հարցում համագործակցել բոլորի հետ:
ՀԱԿ-ի՝ իրատեսականության վրա հիմնված այս կառուցողական շրջադարձը իսկապես կարող է լուրջ ներդրում լինել երկրում քաղաքական իրավիճակը փոխելու տեսանկյունից:
Civilnet










