Գլխավոր Լրահոս

Երևանցիներն աղբի հերթ կկանգնեն

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով այս տարի աղբահանության համար նախատեսված սակագների տարբերակներից քաղաքապետարանն ընտրել է բնակչի հաշվով վճարի գանձման տարբերակը, իսկ վճարի չափը սահմանել է ներկայում մեկ բնակչի կողմից ամսական վճարվող Դ200-ը:

Հավաքագրվելիք գումարներն ուղղվելու են քաղաքապետարանի բյուջե։ Այդ գումարները հավաքագրելու համար մատչելի հնարավորություններ չստեղծելով՝ քաղաքապետարանն արդեն հայտարարում է չվճարելու պատժամիջոցների մասին։

Օրերս Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որ յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության համար պետք է վճարվի մինչև հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ չվճարելու կամ վճարումն ուշացնելու դեպքում վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար կհաշվարկվի տույժ՝ չվճարված գումարի 0,15%-ի չափով։

Ըստ քաղաքապետարանի՝ եթե աղբահանության վճարը գանձելու համար համատիրության աշխատակիցը չայցելի բնակչին, բնակիչները կարող են այդ վարձերը վճարել թաղապետարանում: Քաղաքապետարանը պայմանավորվածություններ է ձեռք բերել «Հայբիզնեսբանկ»-ի, «Զարգացման հայկական բանկ»-ի և «Ի-դրամ» վճարահաշվարկային կազմակերպության հետ՝ աղբահանության վճարը ֆիզիկական անձանցից առանց սպասարկման վարձի կամ միջնորդավճարի գանձելու մասին: Բացի այդ՝ քաղաքապետարանը շարունակում է բանակցություները «Հայփոստ»-ի և վճարահաշվարկային այլ կազմակերպությունների հետ:

Հերթ կանգնել մեկ դրամի համար

Քաղաքապետարանի հաղորդագրությունից երևում է, որ քաղաքացիներին ավելի շատ անհարմարություններ են սպասում, քան աղբահանության վճարումների հեշտացում։ Նախ՝ անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարանը չի բացառել այն տարբերակը, որ համատիրության աշխատակիցները կարող է և՛ չայցելեն, և՛ չգանձեն աղբահանության գումարները կամ բնակչին տանը չգտնեն։

Հաշվի առնելով, որ վճարելու պարտականությունը դրված է քաղաքացիների վրա, իսկ չվճարելու համար նախատեսված են տույժեր, հնարավոր է՝ քաղաքապետարանին ձեռնտու լինի, որ համատիրության աշխատակիցները չայցելեն բնակիչներին։ Նրանց աշխատանքային թերացումը քաղաքային բյուջեին հավելյալ գումարներ կապահովի՝ քաղաքացիների վրա հաշվարկվող տույժերի տեսքով։

Մյուս խնդիրն այն է, որ քաղաքացիների համար բոլորովին էլ հարմար չէ վարչական շենքեր այցելել, հերթեր կանգնել ընդամենը աղբահանության վճար կատարելու համար: Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու բանկերին, ապա դրանց մասնաճյուղային ցանցը մեծ չէ. «Հայբիզնեսբանկ»-ը Երևանում ունի ընդամենը 12 մասնաճյուղ, իսկ «Զարգացման հայկական բանկ»-ը՝ երեք։ «Ի-դրամ» վճարահաշվարկային համակարգին էլ շատերը ծանոթ չեն։

Ըստ էության՝ քաղաքապետարանն այս երկու բանկերում բացել է ընդամենը հաշվեհամար, որոնց վրա կանխիկով գործարքից միջնորդավճար չի գանձվում, իսկ այլ բանկերից գումար փոխանցելու համար քաղաքացին պետք է վճարի միջնորդավճար՝ 0,3-0,5%՝ կախված բանկից։ Նույն միջնորդավճարը գանձվում է, եթե քաղաքացին ցանկանա «ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի միջոցով վճարել աղբահանության վճարները։ Իհարկե, օրինակ՝ չորս անդամից բաղկացած ընտանիքի ամսական աղբահանության Դ800-ի միջնորդավճարը ընդամենը Դ4 է, բայցևայնպես ինչու այն պետք է վճարի քաղաքացին և ոչ թե քաղաքապետարանը։

Կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի որոշման մոտիվացիան ավելի շուտ այն է, որ քաղաքացիները միանգամից կես կամ մեկ տարվա գումարը վճարեն՝ գլխացավանքից խուսափելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում