Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթի մոտ 15% թանկացումը (երեկ Brent տեսակի նավթը վաճառվում էր $123,92/1 բարել) Հայաստանի ներքին շուկայում հանգեցրել է բենզինի գների մոտ 7-տոկոսանոց աճի։ «Օրակարգ»-ին բեզնինի շուկայի խաղորդ «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունում (շուկայի մասնաբաժինը՝ 41,76%) ասացին, որ գների բարձրացումը պայմանավորված է միջազգային զարգացումներով և հունվարի 1-ից հարկային օրենսդրության փոփոխություններով. բենզալցակայանները հաստատագրված վճարների դաշտից տեղափոխվել են սովորական դաշտ և վճարում են ԱԱՀ, շահութահարկ:
Ընկերությունում ասացին, որ վառելիքի համաշխարհային շուկայում անկայունություն է պահպանվում, և նման պայմաններում բավական դժվար է կանխատեսել գների հետագա վարքագիծը։ «Բարձր գները չեն բխում նաև մեր շահերից, քանի որ նվազում են իրացման ծավալները։ Եթե անցած տարի Հայաստանում բենզինով աշխատող ավտոմեքենաների թիվը 30-35% էր, ապա ներկայում այդ թիվն արդեն 20-25% է»,– ասացին ընկերությունում։
Թեև կանխատեսվում է, որ այս տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպը կդանդաղի, ինչը նշանակում է, որ կնվազի նաև նավթի պահանջարկը, այս տարվա երկու ամիսներին նավթի գները ձևավորել են աճի վարքագիծ։ Այսօր և առաջիկայում նավթի միջազգային գների ձևավորման վրա ավելի շատ ազդեցություն են թողնում ոչ թե առաջարկի և պահանջարկի, այլ աշխարհաքաղաքական գործոնները:
Այդ գործոններից է, մասնավորապես, Եվրամիության կողմից Իրանից նավթի ներմուծման նկատմամբ սահմանափակման կիրառումը, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի (որով անցնում է նավթի համաշխարհային արտահանման մոտ 30%-ը) հնարավոր փակումը կամ նույնիսկ դրա սպառնալիքը։
Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատումների համաձայն՝ 2012թ. նավթի միջազգային գները կայունացման և նույնիսկ թույլ էժանացման միտումներ կունենան, և Brent տեսակի նավթի 1 բարելի (159 լ) միջին գինը կձևավորվի $107-ի սահմաններում:
Որ նավթի գները պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով, ցույց է տալիս նաև դրանց երեկվա վարքագիծը։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կիրակնօրյա հայտարարությունը, որ ԱՄՆ-ը և Իսրայելը դիվանագիտական ճանապարհով ցանկանում են հասնել, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից, բայց չեն բացառում ռազմական սցենարը, հանգեցրել է նավթի գների 0,25% բարձրացման։
Ուշագրավ է Հայաստանում բենզինի թանկացման և ԱԳԼՃԿ-ների կողմից գազի իրացման ծավալների դինամիկան: Այսպես, եթե 2010թ. բենզինը թանկացել է 13,1%-ով, 2011թ.՝ 17,7%-ով, ապա, համապատասխանաբար, 2010թ. ԱԳԼՃԿ-ների վաճառած գազի ծավալներն ավելացել են 4,2%-ով, իսկ 2011թ.՝ 14%-ով: Անցած տարի Հայաստան ներկրվել է 357,8 հազ. տոննա նավթամթերք կամ 2010թ. համեմատ 6%-ով պակաս։
Civilnet










