Գլխավոր Լրահոս

Գների ներկրում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) անցած շաբաթ արձանագրել էր, որ ներքին շուկայում ալյուրը թանկացել է մոտ 9%-ով: Հանձնաժողովը շտապել էր հայտարարել, որ վերլուծական խմբի մասնագետներն ուսումնասիրել են միջազգային շուկայի զարգացումները և պարզել, որ ցորենի շուկայում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է մոտ 25% գնաճ. եթե Ռուսաստանում ցորենի գինը հունվարին $210 էր, ապա փետրվարի վերջին՝ $275:

Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ներքին շուկայում գների բարձրացումը համարում է հիմնավորված, քանի որ ներքին շուկայում ալյուրի գներն ավելի մեղմ են աճել, քան Ռուսաստանում՝ ցորենի գինը։

Մյուս կողմից՝ գների աճը հիմնավորված համարելու համար պետք է հասկանալ, թե Ռուսաստանում գների փոփոխության պայմաններում որքան ցորեն է ներկրվել Հայաստան։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվար-փետրվարին ներկրվել է 78,5 հազ. տոննա ցորեն, որից ընդամենը 10 հազ. տոննան կամ 13%-ն է ներկրվել փետրվարին։

Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների տևողությունը շուրջ մեկ ամիս է, ապա ստացվում է, որ Ռուսաստանում ցորենի փետրվարյան գների աճը դեռ Հայաստան չի հասել։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանի ներքին շուկայում և մատակարար երկրում արձանագրված գների աճի միջև ուղղակի կապ չկա։

Հայաստան ներկրված ցորենի հիմնական մասը ձեռք է բերվել դեկտեմբերին և հունվարին, երբ Նյու Յորքի ապրանքային բորսայում 1 տոննա ցորենի գինը տատանվում էր $210-240-ի սահմաններում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ 2011թ. նախորդ տարվա համեմատ 12 հազ. տոննայով ավելի ցորեն է ներկրվել, և անցած տարվա չորրորդ եռամսյակում ներկրվել է 80 հազ. տոննա, ստացվում է, որ մոտավոր հաշվարկներով անցած տարվանից մնացել է մոտ 50 հազ. տոննա ավել էժան ցորենի պաշար։

Փաստացի, բոլոր ցուցանիշներից երևում է, որ թանկ ցորենի լուրջ ծավալներ դեռևս չեն ներկրվել, և տնտեսավարողների կողմից ներքին շուկայում ալյուրի գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է միայն սպասումներով։ Ընդ որում՝ այդ սպասումները հիմնված են ոչ թե լուրջ վերլուծությունների, այլ պարզապես կարճաժամկետ հատվածում շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա։

Իհարկե, այս տարվա երկու ամսվա ընթացքում, ինչպես նաև մարտի առաջին օրերին ցորենի գներն ունեցել են տատանողական վարքագիծ՝ աճի միտումով։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ բորսաներում ցորենի ներկայիս գինը գտնվում է անցած տարվա սեպտեմբերյան մակարդակին։ Նշենք, որ սովորաբար ձմռան և գարնան առաջին երկու ամիսներին, սեզոնայնությամբ պայմանավորված, ցորենի գների աճ է արձանագրվում, բայց ի տարբերություն անցած տարվա այս նույն ժամանակահատվածի՝ ներկայում 1 տոննա ցորենի գինը մոտ $100-ով ցածր է։

Սպասումներով պայմանավորված՝ գների բարձրացումն ընդունելի կլիներ, եթե ալյուրի շուկան լիներ մրցակցային։ Բայց Հայաստանի ալյուրի շուկայի 81,7%-ը կենտրոնացած է երկու ընկերությունների՝ «Ալեքս Գրիգ»-ի (մասնաբաժինը՝ 47,3%) և «Մանանա գրեյն»-ի (մասնաբաժինը՝ 34,4%) ձեռքում։ Այդ ընկերություններն ըստ էության անմիջապես «ապահովագրվում» են համաշխարհային շուկայի գների նույնիսկ չնչին տատանումներից և ներքին շուկայում բարձրացնում գները։

Բայց ի տարբերություն նախորդ տարիների, երբ ներքին շուկայում գներն ավելի մեծ չափով էին բարձրացնում, քան համաշխարհային շուկայում, ներկայում ընկերություններն «ավելի խելացի» մոտեցում են ցուցաբերում՝ գների ոչ համաչափ բարձրացմամբ ապահովում են «արդարացված» գների տեսանելիություն և խուսափում պատժելի լինելուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում