Պուտինին մարտահրավեր
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ կիրակի այդ երկրում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը, որի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած անձանց շուրջ 64%-ը: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 65%-ը:
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարել է ընտրություններում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին և ընդգծել, որ հատկապես ռեգիոններում մեծ է եղել իշխանության թեկնածուի օգտին վարչական ռեսուրսի օգտագործումը:
Մի կողմ թողնելով ընտրությունների օրինականության մասին դիտորդների գնահատականները, ինչպես նաև ընդդիմության բողոքը՝ պետք է նկատել, որ նույնիսկ եթե խիստ տեսականորեն ընտրություններն անցել են արդար և թափանցիկ, ապա իշխանության թեկնածու Պուտինին բավական լուրջ մարտահրավեր է նետված նրա նախագահության առաջիկա վեց տարիների համար: Մայրաքաղաք Մոսկվայում նա էականորեն ավելի քիչ ձայն (50%-ից էլ պակաս) է հավաքել, քան ընդհանուր երկրում:
Ուշագրավն այն է, որ Ռուսաստանի՝ ընդհանուր միջինից տեղեկացվածությամբ և կենսամակարդակով ավելի բարձր մոսկվացին Պուտինին ավելի քիչ տեղ է տալիս: Այստեղ խոսում է դասական այն ճշմարտությունը, որ միջին խավի կայացմանը զուգընթաց մեծանում է պահանջարկը ոչ այնքան նյութական բարեկեցության, որքան իրավունքների ու ազատությունների մասով: Խորհրդային ԿԳԲ-ական դպրոցի ներկայացուցիչ Պուտինն իր աշխատաոճով երբեք չի փայլել որպես քաղաքացու իրավունքների պաշտպան ու ջատագով: Ընդհակառակը՝ արևմտյան (և ոչ միայն) իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես նրա աչքի փուշն են եղել:
Ճիշտ է, Մոսկվայի բնակչությունը Ռուսաստանի ընդհանուր բնակչության տասներորդ մասն է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մարտահրավերը տասնապատիկ փոքր է: Ընդհակառակը, պատմությունը, հատկապես Ռուսաստանի պատմությունը, ցույց է տվել, որ հենց մայրաքաղաքում եղած դժգոհությունների կումուլյացիան է հանգեցնում ցնցումների ու փոփոխությունների: Ռուսաստանի 1917թ. բուրժական հեղափոխությունն ու բոլշևիկյան հեղաշրջումը տեղի ունեցան մայրաքաղաք Պետրոգրադում, իսկ 1991թ. Ելցինը «տանկով» իշխանության եկավ Մոսկվայում:
Գլխավոր դասը, որ Հայաստանի իշխանությունները պետք է քաղեն Ռուսաստանի ընտրություններից, այն է, որ մեզ մոտ նույնպես առավել տեղեկացված և առավել դժգոհ էլեկտորատը կենտրոնացած է մայրաքաղաքում, իսկ Երևանը, ի տարբերություն Մոսկվայի, երկրի կեսից ավելին է:
Civilnet










