ՀԱԿակոնսենսուս
Այսինքն՝ «Հայ կամավորականների համախմբում»-ն առաջարկել է ցուցակում ընդգրկել 18 քաղաքական ուժերից մեկական ներկայացուցիչ Տեր-Պետրոսյանից հետո։ Բայց հո բոլորը գիտեն, որ 18-ից 10-ը քաղաքական դաշտում որևէ նշանակություն չունի։ Մնացած 8-ից 7-ն էլ որևէ դերակատարություն չունի։ Ըստ էության՝ բոլորն էլ համախմբվել էին Տեր-Պետրոսյանի շուրջ, որը նրանց իշխանություն պիտի մատուցեր։ Առաջիկայում պետք է ակնկալել, որ ՀԱԿ-ը կաղքատանա չորս քաղաքական ուժով։
ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ թեպետ չորս քաղաքական ուժեր, ներառյալ «Հայրենիք և պատիվ»-ը, հրաժարվում են համամասնական ցուցակում ընդգրկվել, շարունակում են մնալ ՀԱԿ-ի կազմում։ Իրենց որոշումը չորս քաղաքական ուժերը պատճառաբանել են նրանով, որ մինչև հիմա պայքարել են արտահերթ ընտրությունների համար և չեն ուզում մասնակցել հերթական ընտրություններին։
Սակայն հարց է առաջանում՝ ձեր քաղաքական միավորման առաջնորդը գնում է հերթական ընտրությունների, այսինքն՝ սկզբունքորեն հակադրվում է արտահերթի ձեր պատկերացումներին, ինչո՞ւ եք շարունակում մնալ նրա թիմի անդամ։ Վաղը նա կրկին կհայտարարի ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին և կգնա նախագահի հերթական ընտրություններին։ Ինչպե՞ս եք համագործակցելու նրա հետ։
Ես, իհարկե, չեմ կասկածում, որ ՀԱԿ-ը պառակտվելու է։ Բայց պառակտվելու է, ոչ թե որ «Հայրենիք և պատիվ»-ը կամ «Հայ կամավորականների համախմբում»-ը լքելու են ՀԱԿ-ը, այլ որ ՀԱԿ-ի առաջնորդը երբեք էլ լուրջ չի վերաբերվել այդ քաղաքական ուժերին, ներառյալ իր հին թիմակից, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանին։
Ընդ որում՝ ՀԱԿ-ի 18 կուսակցություններից առնվազն 17-ին նա լուրջ չի վերաբերվել։ Նրան պայքարի մեջ մնալու համար պետք է եղել վիճակագրությունը, այսինքն՝ 18 թիվը, որն ազդեցիկ է հասարակությանը հասկացնելու համար, թե ինչ քաղաքական համախմբվածություն կա իր շուրջը։ Եվ, դիցուք, չորս քաղաքական ուժերն էլ հեռանալիս վկայակոչելու են Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի մյուս ուժերի հետ իրենց քաղաքական տարաձայնությունները և երբեք չեն խոստովանի, որ այդպես էլ լրջորեն չեն ընկալվել ՀԱԿ-ի ներսում։
Այսպիսով՝ ի՞նչ է սպասվում ՀԱԿ-ի մեջ մնացած մյուս կուսակցություններին։ Տեր-Պետրոսյանը գիտի, որ մնացողների առնվազն 50 տոկոսը հուսալի չէ։ Հնարավոր է՝ մինչև առաջադրում նա մի քիչ էլ մաղի Կոնգրեսը։ Դրանից ՀԱԿ-ի համակիրների թիվը լուրջ փոփոխություններ չի կրի, սակայն նման դեպքերում ցեցը մնում է ցեց։ Այն իր գործն անում է։
Մամուլը քննարկելու է ՀԱԿ-ի ներսում տարակարծությունների մետաստազների անխուսափելիությունը։ Եվ, դիցուք, արդեն նախագահի ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանն ինքն իրենով ջլատված կլինի, որովհետև նրանց համախմբել է իր անձով և նախագահի արտահերթ ընտրությունների տեսլականով։ Այդ տեսլականի մեջ կոնսենսուսը երկիրը միմյանց միջև բաժանելն էր և ոչ թե ԱԺ մի քանի աթոռները բաժանելը։ Երկիրը մեծ է, տիրելու բան միշտ կգտնվի։ ԱԺ աթոռները, ցավոք, սահմանափակ են։
Թեմա
Մհեր Արշակյան










