Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2012թ. փետրվարին արձանագրվել է 0,9% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1,8-տոկոսային կետով և կազմել 3%՝ գտնվելով 4%±1,5 նպատակային թիրախի թույլատրելի միջակայքում:
«Աշխարհի առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների և համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ներքո հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները ձևավորել են թույլ գնաճային միջավայր:
Բացի այդ՝ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրների պահպանման պարագայում գրանցվել է նավթամթերքի գնի աճ, որը որպես ռիսկ նախանշվել էր 2012թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Խորհուրդն այս զարգացումները դեռևս մտահոգիչ չի համարում առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում։
ԿԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության զարգացումների ազդեցությունը գնաճային միջավայրի վրա շարունակում է մնալ չեզոք ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:
«[ԿԲ] Խորհուրդն ամփոփեց, որ զարգացումները ՀՀ տնտեսությունում ընթանում են Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համահունչ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումների համատեքստում՝ թերևս վերջինին վերաբերող որոշ ռիսկերի դրսևորմամբ:
Խորհուրդը գնահատում է, որ այս իրավիճակում մեծ հավանականությամբ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1,5-տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում»,– նշված է հաղորդագրությունում:
Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Հետևանքներ
Ստացվում է, որ անկախ այն բանից, թե որ մակարդակում է գտնվել գնաճը, ԿԲ-ն գտնում է, որ վերաֆինանսավորման 8% տոկոսադրույքը չեզոք ազդեցություն է թողնում գնաճի վրա։ Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կոչված է ոչ միայն գնաճը մեղմելուն, այլև տնտեսական աճը խթանելուն։ Խնդիրն այն է, որ թեև վերաֆինանսավորման տոկոսադրույքի և առևտրային բանկերի տոկոսադրույքի միջև կապը թույլ է, այն, այնուհանդերձ, առկա է։
Առկա նորմատիվային դաշտի, մակրոմիջավայրի պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնելով անփոփոխ՝ ԿԲ-ն առևտրային բանկերին հնարավորություն չի տալիս նվազեցնել տոկոսադրույքները։ Իհարկե, մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հունվարին նվազել է 0,44-տոկոսային կետով՝ կազմելով 10,62%, բայց դոլարային ավանդների տոկոսադրույքը մնացել է անփոփոխ։ Արդյունքում հունվարին բանկերի ավանդների դրամային պորտֆելը կրճատվել է Դ10 մլրդ-ով (3,3%-ով), այն դեպքում, երբ արտարժութային ավանդների պորտֆելը աճել է Դ39 մլրդ-ով (6%-ով), որից Դ9 մլրդ-ը ռեզիդենտների ավանդներն են։
Դրամային ավանդների ծավալի կրճատման պայմաններում առևտրային բանկերը ստիպված են եղել վերանայել դրամային վարկերի տոկոսադրույքը. հունվարին միջին տոկոսադրույքը բարձրացրել է 1-տոկոսային կետով՝ կազմելով 18,87%։ Այս ամենի արդյունքում առևտրային բանկերի դրամային վարկերն այդքան էլ պահանջարկված չեն եղել՝ պորտֆելը հունվարին չի աճել այն դեպքում, երբ դոլարային պորտֆելն աճել է 2,5%-ով։
Փաստացի, անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ԿԲ-ն նպաստում է դոլարային ավանդների և վարկերի աճին, քանի որ դրամային վարկերի ներկայիս պայմանները գրավիչ չեն։
Civilnet










