Ազգային ավիաՉփոխադրող
Երեկ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության միջև հերթական կոնֆլիկտն է ծագել (տե՛ս «Օդը չի հերիքում «Արմավիա»-ին» հոդվածը): 1996թ. «Հայկական ավիաուղիներ»-ի լուծարումից հետո «Արմավիա» ընկերությունը, կարելի է ասել, Հայաստանի ավիաշուկայի մենատեր է և առանձին ուղղություններում 100-տոկոսանոց մենաշնորհ ունի:
Այս տարիների ընթացքում մրցակցության բացակայության պայմաններում «Արմավիա»-ն փոխանակ բարձրացնելու ներքին կառավարման ստանդարտները, չի կարողացել հրաժարվել ոչ ֆորմալ հարաբերությունների վրա հիմնված աշխատաոճից, երբ խնդիրները լուծվում են ոչ թե կաբինետներում կամ զանգերով, այլ գործող օրենսդրության և ընկերությունների միջև կնքված երկկողմ համաձայնագրերի հիման վրա:
Իհարկե, վեճի մեջ յուրաքանչյուր կողմ իրեն արդարացնող փաստարկներն է առաջ քաշում: «Արմավիա»-ն «Զվարթնոց»-ի հետ իր խնդիրները փորձում է լուծել իր իսկ ուղևորների համբերության հաշվին, երբ երկրորդ անգամ գործադուլ է անում՝ բողոքելով օդանավակայանի բարձր սակագներից:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ «Զվարթնոց»-ը խնդիրներ է ունենում միայն «Արմավիա»-ի հետ, և ինչո՞ւ «Արմավիա»-ն նմանատիպ խնդիրներ ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Փաստը, որ «Ռոսավիացիա»-ն երեկ որոշ ժամանակով Ռուսաստանի օդային տարածքը փակել էր «Արմավիա»-ի օդանավերի համար ընդամենը $178 հազ. պարտքի պատճառով, խոսում է այն մասին, որ այս ընկերությունում մենեջմենթի առումով իսկապես լրջագույն խնդիրներ կան:
«Զվարթնոց»-ի կառավարիչը՝ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը, որն աշխարհի տարբեր երկրներում 50 օդանավակայան է տնօրինում, թերևս շատ լավ հասկանում է, որ բարձր և թափանցիկ ստանդարտների ապահովումը իր բիզնեսի հաջողության բանալին է (թերևս դրանով էր պայմանավորված, որ Ֆուտբոլի աշխարհի գավաթից առաջ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում հենց Էռնեկյանը օդանավակայան կառավարելու մրցույթը շահեց):
Անկախ երկու կողմերի բերած փաստարկներից ու փոխադարձ մեղադրանքներից՝ ակնհայտ է, որ «Արմավիա»-ի ու «Զվարթնոց»-ի միջև վեճը վատ կառավարվող հետխորհրդային հիմնարկի ու միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության վեճ է:
Թեև խնդիրը մասնավոր ընկերությունների հարթությունում է, Հայաստանի պետությունը պետք է փորձի այն լուծել ոչ թե այսրոպեական ջենթլմենական համաձայնությունների միջնորդ դառնալով, այլ ստիպելով, որ սովորական ուղևորների հաշվին խնդիրներ չլուծվեն:
Civilnet










