Դրանք ներկա տնտեսական պատկերը միայն վարդագույն են ցույց տալիս: Օրինակ՝ ՀՀ նախագահը նշել է, որ ներկայիս Կառավարության օրոք սոցիալական ծախսերն ավելացել են 1,9 անգամ, կենսաթոշակների գծով՝ 2,2 անգամ, սակայն չի նշել, որ վերջին չորս տարիներին Հայաստանում աղքատների թիվն ավելացել է 400 հազ-ով։ Չներկայացված թվերը փորձել ենք ներկայացնել ստորև:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2007թ. ՀՀԿ-ն հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր Դ658 մլրդ, և այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը՝ թողնելով ընդունված պետական բյուջե՝ Դ1,044 տրլն:
Նշենք, որ բյուջեն բնութագրելիս չափազանց կարևոր են եկամուտների աղբյուրները, պակասուրդի մակարդակը, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Իհարկե, տեղի է ունեցել բյուջեի ծախսերի աճ, սակայն մյուս կողմից՝ եթե 2007թ. բյուջեի պակասուրդը կազմել է Դ46,7 մլրդ կամ ՀՆԱ-ի 1,5%-ը, ապա 2011թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է Դ109,4 մլրդ կամ ՀՆԱ-ի 2,9%-ը, իսկ այս տարի բյուջեի պակասուրդը ծրագրված է Դ132,5 մլրդ-ի մակարդակում կամ ՀՆԱ-ի 3,1%-ի չափով։ Սա նշանակում է, որ մի կողմից ավելացնելով բյուջեի ծախսերը՝ Կառավարությունը չի կարողացել ապահովել եկամուտների աճ և ծախսերի մի մասը ֆինանսավորել է ներգրավվող պարտքի հաշվին։
2007թ. արտաքին պետական պարտքը կազմել է $1,5 մլրդ կամ ՀՆԱ-ի 15,8%-ը, իսկ 2011թ. վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր $3,56 մլրդ կամ ՀՆԱ-ի 36,6%-ը։ Ըստ էության՝ պետական պարտքը չորս տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Արտաքին պարտքի աճին զուգահեռ ավելացել է ներքին պետական պարտքը. 2007թ. ներքին պարտքը կազմում էր Դ75,4 մլրդ, իսկ 2011թ. վերջին՝ Դ216,2 մլրդ։
Նախագահը նշել է, որ 2011թ. արդյունքներով՝ հարկային մուտքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է ՀՆԱ-ի 20,1%-ը, և հինգ տարիների ընթացքում այդ ցուցանիշը բարելավվել է 3-տոկոսային կետով: Նշենք, սակայն, որ նշված այդ ցուցանիշում ընդգրկված են պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ եթե դրանք հաշվի չառնվեն, հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2011թ. կազմել է 17,27%։ 2007թ. հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 15,4%, այս տարվա համար այն ծրագրված է հասցնել 17,36%-ի։
Անցած տարիների ընթացքում այս ցուցանիշները բարելավվել են, սակայն պետք է հաշվի առնել, որ այս ընթացքում Հայաստանում վերանայվել է բենզինի և դիզվառելիքի հարկման դաշտը, բարձրացվել է սիգարետների ակցիզային հարկը։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը նաև պետք է համեմատել այլ երկրների, հատկապես հարևանների հետ։ Այսպես՝ Վրաստանում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմում է 25%, Թուրքիայում՝ 24%, Ռուսաստանում՝ 34%։
Աղքատություն
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ, և «կորցրածը վերականգնելուց բացի՝ հնարավոր է եղել զբաղվածների թիվն այս ժամանակահատվածում ավելացնել շուրջ 18 հազ-ով»: Նախագահը նշել է, որ այս տարիներին սոցիալական ծախսերն ավելացել են 1,9 անգամ, ընդ որում՝ կենսաթոշակների գծով՝ 2,2 անգամ: «Արդյունքում 2,5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին և բազային մակարդակները, 79%-ով՝ ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ՝ երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը»,– ասել է նա:
Նշենք, որ նման աճը ենթադրում է նաև երկրի սոցիալական վիճակի բարելավում։ Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է վկայում։ Այսպես՝ եթե 2007թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 25% (800 հազ. մարդ, որից 120 հազ-ը՝ ծայրահեղ աղքատ), ապա 2010թ. վերջին (Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել 2011թ. տվյալները) Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 35,8%. «աղքատ» դասակարգմանն արժանացել է մոտ 1,2 մլն մարդ, որից 694 հազ-ը՝ «շատ աղքատ», իսկ 98 հազ-ը՝ «ծայրահեղ աղքատ»։ Ստացվում է, որ այս ժամանակահատվածում կենսաթոշակների, նպաստների աճի պայմաններում աղքատների թիվը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է 400 հազ-ով։
Կենսաթոշակների, նպաստների աճի պայմաններում աղքատության թվի ավելացումը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ գների աճը ավելի մեծ է եղել, քան բնակչության եկամուտների աճը։ Վերջին չորս տարիներին կյանքը թանկացել է առնվազն 50%-ով։ 2007թ. պարենային նվազագույն զամբյուղը կազմել է Դ15,75 հազ., իսկ 2010թ.՝ Դ23,5 հազ., սպառողական նվազագույն զամբյուղը 2007թ. կազմել է Դ23,2 հազ., իսկ 2010թ.՝ Դ41,6 հազ.։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ՝ 40,4%-ով՝ Դ63,9 հազ-ից հասնելով Դ115,3 հազ-ի: Ըստ Ազգային վիճակագրության ծառայության՝ 2007թ. միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է Դ73,5 հազ., ինչը նշանակում է, որ միջին անվանական աշխատավարձն աճել է ոչ թե 80%-ով, այլ 57%-ով:
Այս տարիների ընթացքում մեծացել է նաև անջրպետը հարուստների ու աղքատների միջև: Այսպես՝ Gini գործակիցը, որը ցույց է տալիս եկամուտների բաշխվածության անհավասարությունը հարուստների և աղքատների միջև, 2007թ. կազմել էր 0,371, իսկ 2010թ.՝ 0,362 (0 գործակիցը նշանակում է, որ տվյալ երկրում եկամուտները հավասարաչափ են բաշխված, 1 գործակիցը՝ ծայրահեղ անհավասար)։
Civilnet










