Ի՞նչ գործ ունեք լրագրողների հավատարմագրման կարգի հետ
Տիգրան Մուկուչյանը ՀՀՇ-ի օրոք եղել է ԿԸՀ անդամ, մինչև ԿԸՀ նախագահ դառնալը ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահն էր։ Պարոն Մուկուչյանը պիտի պարզի, թե արդյոք նախկինում լրագրողը դատապարտվե՞լ է որևէ դիտավորյալ հանցագործության համար։ Ըստ իս՝ չափազանց տարօրինակ են դիտավորյալ հանցագործություն կատարողի մասին ԿԸՀ նախագահի պատկերացումները։ Չկայացած դատական համակարգում դիտավորյալ հանցագործությունը ի՞նչ է։ Ովքե՞ր են դատավորները։
Ոչ մի կասկած, որ ԿԸՀ նախագահի որոշումը պետք է գրավի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։ Սա մեկ։ Երկրորդ։ Ոչ մի կասկած, որ Տիգրան Մուկուչյանը պետք է հեռացվի իր պաշտոնից հասարակության համար վտանգավոր տարր լինելու հայտ ներկայացնելու համար։ Երրորդ՝ ԿԸՀ նախագահ կամ որևէ պաշտոն զբաղեցնելու համար դո՛ւք, երիտասա՛րդ, ներկայացրել եք համապատասխան փաստաթղթեր, որ պետության համար վտանգավոր չեք։
Եվ ո՞վ ասաց, որ չեք եղել այդպիսին։ 96-ին ԿԸՀ անդամ էիք, որը ճանաչեց այդ տարվա սեպտեմբերի 25-ի ՀՀ նախագահի խայտառակ ընտրությունները։ Հիմա մեզանից ո՞վ պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ կեղծ և չստուգված տեղեկություններ չի հրապարակել ընտրությունների մասին։
Չորրորդ՝ ո՞ր օրենքն (սա պետք է առաջին կետը լիներ) եք նկատի ունեցել նման որոշում հրապարակելիս։ Ես ձեզ չեմ հարցնում, թե ԿԸՀ-ի նախադեպ ենթադրող որ որոշմանն եք դուք հղում անում։ Ես հարցնում եմ ՀՀ Սահմանադրության ո՞ր կետը և ՀՀ բոլոր օրենքների ո՞ր դրույթն եք նկատի ունեցել նման որոշում հրապարակելու համար։ Ո՞ւմ եք փորձել լավություն անել այդ որոշումով։
Ո՞վ է այն անբիծը, որ ընտրական ամբողջ գործընթացն ուզում է հաղթահարել՝ իր վրա որևէ բիծ չկրելով։ Եվ ինչո՞ւ նրա շահերը պիտի հաշվի առնեք, իսկ լրատվամիջոցների ու լրագրողների շահերը՝ ոչ։ Հետևաբար՝ կարո՞ղ եմ հրապարակավ առայժմ ենթադրել, իսկ գոնե ձեր ականջին առնվազն պնդել, որ այս որոշումից կոռուպցիայի հոտ է գալիս, որովհետև ես անուն առ անուն կարող եմ ասել, թե ովքեր են շահելու ձեր որոշումից։
Ձեր որոշման մեջ ակնարկ կա, որ լրատվամիջոցները խուլիգանության են դիմում ընտրությունները լուսաբանելիս, ասենք՝ կեղծ տեղեկություն են հաղորդում և ափերից հանում օրենսդիրներին։ Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ պատգամավոր են ուզում դառնալ մարդիկ, որոնք քրեական անցյալ ունեն, որոնք մականուններ ունեն, որոնք անցնում են կոռուպցիոն այս կամ այն գործով, որոնք մեկ անգամ արդեն եղել են պատգամավոր ու ԱԺ չեն մտել։
Ովքե՞ր են այս տեղեկությունները հասցրել հասարակությանը։ Հաստատ՝ ոչ դուք։ Իսկ ո՞վ պետք է մտածի ԱԺ վարկը չգցելու մասին, եթե, ի դեպ, օրենքը հստակ սահմանում է ԱԺ հեղինակության համար անհրաժեշտ բոլոր նորմերը։ Հետևաբար՝ ձեր որոշումը անհարմար դրության մեջ է դնում ձեր կառույցը, քանի որ այնտեղ, հանձին ձեզ, հայտնվել է մեկը, որը խաղում է ԿԸՀ հեղինակության հետ, որն ի դեպ, առանձնապես չի էլ եղել։
Հ.Գ.- Հինգերորդ՝ ի՞նչ գործ ունեք լրագրողների հավատարմագրման կարգի հետ։
Թեմա
Մհեր Արշակյան










