Լրագրողների հետ հանդիպմանը Ժուրբան ասել է, որ ավելի հեշտ և էժան է միջոցներն ուղղել էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը։ «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, ըստ իս, տարօրինակ նախագիծ է»,– ասել է նա (Arka.am)։
Ժուրբայի խոսքով՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ միջոցառումները պետք է սկսել հիմա։ «Եթե դա չկատարվի ժամանակին, ապա անհրաժեշտ կլինի առանց այլընտրանքի առկայության փակել կայանը։ Ռուսաստանում դա արդեն տեղի է ունեցել մի քանի օբյեկտներում»,– ասել է Ժուրբան։
Նշենք, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման տարբերակը սկսես քննարկվել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը հնարավոր չի լինի ավարտել մինչև 2016թ.: Այս տարվա փետրվարին ասուլիսի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ նոր էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել 2019-2020 թթ.:
Նախնական գնահատականներով՝ 1000 ՄՎտ-անոց նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2 մլրդ։ Եթե նույնիսկ Ռուսաստանը կատարի իր խոստումը և ներդնի միջոցների 50%-ը, միևնույն է, $2,6-3,6 մլրդ-ի ներդրումների խնդիրը Հայաստանի համար շարունակում է բաց մնալ։
Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանը լուրջ դերակատարություն ունի՝ ապահովում է արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 45%-ը: Բացի այդ՝ ատոմակայանի էլեկտրաէներգիան ավելի քան երեք անգամ էժան է ջէկի արտադրանքից։
Հաշվի առնելով Ռուսաստանի փորձը՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը կարելի է երկարացնել 10-15 տարով, ընդ որում՝ դրա համար կպահանջվի, նախնական գնահատականներով, $100-150 մլն։ Սա այն դեպքում, երբ ատոմակայանը շահագործումից հանելու համար անհրաժեշտ է $239 մլն։
Civilnet










