Գլխավոր Լրահոս

Թռի-վռի մի ճպուռ

ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն «Օրակարգ»-ին հայտնեց, որ վարչությունը միջնորդել է, որ երկու ընկերությունները քննարկեն անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրը։ Վարչապետի հանձնարարականով օրերս ստեղծվել էր աշխատանքային հանձնաժողով, որի կազմում, բացի ընկերության և ՔԱԳՎ ներկայացուցիչներից, ընդգրկվել էին Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Չերչինյանը «Օրակարգ»-ին ասաց, որ աշխատանքային հանձնաժողովի քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ «Արմավիա»-ն կշարունակի բնականոն գործունեությունը։ «Ինչ վերաբերում է պարտքին, ապա մշակվել է ժամանակացույց, որն ընկերությանը թույլ կտա մի կողմից մարել «Զվարթնոց»-ին կուտակած պարտքը, մյուս կողմից՝ իրականացնել բնականոն գործընթացը»,– ասաց ՔԱԳՎ խոսնակը։

Խնդրի նման հանգուցալուծումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի և ընկերության մյուս ներկայացուցիչների հայտարարությունները։ Մարտի 6-ին «Զվարթնոց»-ի գնային քաղաքականության դեմ «Արմավիա»-ի մի քանի ժամ գործադուլից հետո՝ մարտի 7-ին, Բաղդասարովը լրագրողների նեղ շրջանակում տված ասուլիսին հայտարարել էր. «Կա՛մ հայտարարում ենք սնանկության մասին և այլևս թռիչքներ չենք իրականացնում, կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանը 25%-ով իջեցնում է իր սպասարկման գները»։

Կառավարությունը «Արմավիա»-ին չի թողել գնալ սնանկացման թերևս այն պատճառով, որ վերջինս համարվում է ազգային ավիափոխադրող։ Մյուս կողմից՝ «Արմավիա»-ն պարտքեր է կուտակել ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս, և այդ ընկերության սնանկացումը կարող է հարվածել երկրի հեղինակությանը։

Պարտքեր, պարտքեր

«Արմավիա»-ի պարտքը «Զվարթնոց»-ին կազմում է մոտ $5 մլն, մոտ $2 մլն էլ ընկերությունը պարտք է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին։ «Արմավիա»-ն պարտքեր է կուտակել Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությանը («Ռոսավիացիա»)։ «Ռոսավիացիա»-ում «Օրակարգ»-ին հրաժարվեցին ասել, թե որքան է «Արմավիա»-ի ողջ պարտքը՝ նշելով, որ «Արմավիա»-ից երաշխավորող նամակ են ստացել, որ մինչև մարտի 20-ը պատրաստ են վճարել կուտակած պարտքի մի մասը՝ 2011թ. դեկտեմբերից մնացող id="mce_marker"78 հազ-ը։

«Վնուկովո»-ի մամուլի քարտուղար Ելենա Կռիլովան «Օրակարգ»-ին հաստատեց, որ «Արմավիա»-ն իրենց կուտակած պարտք ունի՝ մոտ 60 մլն ռուբլի ($2 մլն)։ «Պարտքի մի մասը կուտակվել է օդանավակայանի կողմից մատակարարված ծառայությունների, մի մասն էլ՝ լիցքավորման ծառայությունների դիմաց։ Մենք հայկական ընկերության հետ պայմանավորվածություններ, երաշխավորող նամակներ ունենք, որ պարտքը կմարվի։ «Վնուկովո» օդանավակայանի ղեկավարությունը հուսով է, որ «Արմավիա»-ն կկատարի իր պարտականությունները»,– նշեց Կռիլովան։

«Արմավիա»-ի պարտքի մասով «Օրակարգ»-ին հաջողվեց ճշտել այսքանը: Սակայն չի բացառվում, որ ընկերությունը նաև այլ պարտքեր ունենա, մասնավորապես՝ վարձակալած օդանավերի և այլ օդանավակայանների։

Ինչու Կառավարությունը միջամտեց

Հաշվի առնելով Հայաստանի նախընտրական իրավիճակը՝ «Արմավիա»-ի սնանկացումը կարող էր հարված լինել Կառավարության հեղինակությանը։ Թեև «Արմավիա»-ն ազգային փոխադրող և արժեք ներկայացնող ակտիվ է, դրա վաճառքը այդքան էլ հեշտ չէ։ «Արմավիա»-ի միակ արժեքը ՀՀԿառավարության տված՝ տասը տարով ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունքն է, որն ավարտվում է 2013թ.։ Դա նշանակում է, որ բացառիկության իրավունքը կորցնելուց հետո ընկերությունը ստիպված է գործել մրցակցային դաշտում, ինչը կարծես այդքան էլ ձեռնտու չէ ո՛չ «Արմավիա»-ի սեփականատիրոջը, ո՛չ էլ պոտենցիալ գնորդներին։ Մյուս կողմից՝ ընկերության գինը կախված է նաև կուտակած պարտքի չափից։

«Արմավիա»-ն, լինելով մասնավոր ընկերություն, այդուհանդերձ պարտավորություններ ունի Կառավարության առջև, և վերջինս կարծես որոշել է ժամանակ ձգձգել, մինչև կգտնվի մեկ այլ ընկերություն, որը կարող է փոխարինել «Արմավիա»-ին։

«Արմավիա»-ի շուրջ զարգացումները վկայում են այն մասին, որ մոտ ժամանակահատվածում այս ընկերությունը դուրս է մղվելու հայկական ավիացիայից։ Այսօր Հայաստանում, բացի «Արմավիա»-ից, օդանավ շահագործողի վկայական ունի 12 ընկերություն, որոնք կա՛մ գործունեություն են ծավալում Հայաստանից դուրս, կա՛մ իրականացնում են չարտերային չվերթներ։ «Արմավիա»-ի բացառիկ իրավունքն ուժը կորցրած ճանաչելուց հետո այդ ընկերությունների մի մասը կարող է գործունեություն ծավալել ազատականացված դաշտում։

Հ.Գ. Երեկ երեկոյան այս հոդվածը պատրաստ էր, երբ «Արմավիա»-ն հաղորդագրություն տարածեց հետևյալ բովանդակությամբ. «Մենք գնացել ենք զիջումների, բայց որոշ համաձայնություններից հետո, որոնց հասել էինք բանակցությունների ընթացքում, օդանավակայանը դարձյալ փոխում է որոշումները: «Արմավիա»-ում գտնում են, որ հարցը դեռևս լուծված չէ, և փաստաթղթերը ստորագրված չեն»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում