Ըստ զեկույցի՝ չնայած գործազրկության աճին՝ Եվրոպայում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 24%-ը, ինչը 4%-ով գերազանցում է 2009թ. ցուցանիշը: Եվրոպայում ղեկավար պաշտոններում ներգրավված կանանց թիվը կայուն աճ է գրանցում: Միանգամայն հակառակ իրավիճակ է զարգացող շուկաներում, որտեղ նախկինում ավելի մեծ թվով կանայք էին ղեկավար պաշտոններ զբաղեցնում, ինչի հետևանքով համաշխարհային միջին ցուցանիշն այս տարի ընդամենը 21% է, որն աննշան կերպով գերազանցում է 2004թ. ցուցանիշը:
Ըստ «Գրանթ Թորնթոն»-ի՝ Եվրոպայի տարբեր երկրների իշխանություններ արդեն շատ տարիներ մտահոգված են կանանց զբաղվածության խնդրով: «Մտահոգիչ է այն կայուն անկումը, որ գրանցվում է զարգացող երկրներում: Անհանգստացնում է այն, որ անընդմեջ նվազող այս ցուցանիշը կարող է ամբողջ աշխարհի կտրվածքով հանգեցնել ղեկավար օղակներում կանանց ոչ լիարժեք ներկայացվածության»,– ասել է «Գրանթ Թորնթոն»-ի հանրային քաղաքականության պատասխանատու Էյփրիլ Մակ-Քենզին:
Նրա խոսքով՝ զարգացող շուկաների կառավարություններն ու գործարարները պետք է քայլեր ձեռնարկեն այդ անկումը կանգնեցնելու համար. «Հարկավոր է նախաձեռնել հանրային քննարկում, որի արդյունքում կմշակվեն կանանց զբաղվածությունը հնարավոր դարձնող և խթանող քաղաքականություններ»:
Որպես այս բացասական միտումը շտկող միջոց՝ զեկույցի հեղինակներն առաջարկում են դիտարկել ճկուն աշխատանքային ժամերի ներմուծման սխեման: Ներկայում Եվրամիությունում հարցված ընկերությունների գրեթե 2/3-ից ավելին (65%), որտեղ կանանց թիվը ղեկավար պաշտոններում շարունակում է աճել, կիրառում է ճկուն աշխատանքային ժամերի մոտեցումը: Այս ցուցանիշը կտրուկ տարբերվում է Հայաստանում գրանցված ցուցանիշից, որտեղ հարցված գործարարների 59%-ը պատասխանել է, որ նման պրակտիկա իրենց ընկերություններում չի կիրառվում։
Civilnet










