Գլխավոր Լրահոս

Ռեյդերություն Երևանից դուրս

ՏՄՊՊՀ-ն, ուսումնասիրելով CPS-ի (մասնաբաժինը բենզինի շուկայում՝ 41,76%, դիզվառելիքի շուկայում՝ 40,8%) անցած տարվա գործողությունները մեծածախ և մանրածախ շուկայում, դրանք որակեց որպես գերիշխող դիրքի չարաշահում։

Անցած տարի CPS-ը 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը Երևանի և մարզերի մեծածախ շուկայում իրացրել է Դ415-ով: Երևանի իր բենզալցակայաններում CPS-ը բենզինը վաճառել է Դ440-ով, իսկ մարզերում՝ Դ420-ով: Այս մասին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի օգնական Արման Մանասարյանը՝ նշելով, որ փոքր բենզալցակայանները բողոքել են, որ չէին կարողանում աշխատել Դ5 մարժայով, և այդ գները հանգեցրել են նրանց սնանկությանը: Ըստ նրա՝ CPS-ի նման գնային քաղաքականության արդյունքում փոքր տնտեսավարողներն իսկապես հայտնվել են անմխիթար վիճակում, քանի որ չեն կարողացել բենզինը վաճառել ավելի բարձր գներով։

Մանասարյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն բացահայտել է տասնյակ դեպքեր, երբ CPS-ի քաղաքականության «զոհ» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված են եղել իրենց բիզնեսը վաճառել նույն CPS-ին կամ կնքել բենզալցակայանների համատեղ օգտագործման պայմանագիր։ «Պայմանագրերը բավական նվաստացուցիչ են, քանի որ շահույթի 98%-ը տնօրինել է CPS-ը, 2%-ը՝ բենզալցակայանի սեփականատերը»,– ասաց նա։

ՏՄՊՊՀ-ի կարծիքով՝ CPS-ի գործողությունները ոչ միայն խոչընդոտել են փոքր բիզնեսը, այլև խաթարել են մրցակցային դաշտը։ Հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակեց Դ100 մլն-ի տուգանք և CPS-ին պարտադրեց երեք օրում վերացնել խախտումները։

Նշենք, որ СPS-ը ՏՄՊՊՀ-ին ներկայացրել էր մարզերում և Երևանում բենզինի գների տարբերության հիմնավորումներ, մասնավորապես՝ մարզերում բենզինի ցածր գները պայմանավորված են եղել տրանսպորտային ծախսերով, տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ավելի ցածր տուրքերով։ Հանձնաժողովն այդ փաստարկները հիմնավորված չի համարել: Ուշագրավ է, որ երեկվա նիստին CPS-ի ներկայացուցիչները չէին մասնակցում։

Տուգանքը կարող էր ավելի մեծ լինել

Թեև CPS-ը տուգանվել է Դ100 մլն-ով, այնքան էլ պարզ չէ, թե որքանով են տուգանքի չափը և խախտումը համահունչ իրար։ Ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում Դ5 մլն-ից Դ200 մլն-ի չափ:

Անցած տարի Հայաստանն ընդհանուր առմամբ ներկրել է 358 հազ. տոննա նավթամթերք, ինչը նշանակում է, որ CPS-ին բաժին է ընկել մոտ 145 հազ. տոննա։ Եթե նույնիսկ հիմք ընդունենք 1 տոննա նավթամթերքի գինը՝ միջին մաքսային արժեքի չափով, ապա ընկերության հասույթն անցած տարի կարող է կազմած լինել առնվազն $150 մլն։ Ստացվում է, որ ընկերությունը տուգանվել է հասույթի ընդամենը 0,2%-ի չափով։

Նշենք, որ մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները (ուժի մեջ են մտել անցած տարվա մայիսին) գերիշխող դիրքի չարաշահման տուգանքի չափը կազմում էր իրավախախտման նախորդ տարվա հաuույթի 2%-ի չափ, բայց ոչ ավելի, քան Դ300 մլն։ Ստացվում է, որ դեռ 2010թ. այս նույն արարքի համար CPS-ը կտուգանվեր Դ300 մլն, այլ ոչ թե ինչպես հիմա՝ Դ100 մլն։

Թեև ընդհանուր առմամբ օրենքի փոփոխությունները ենթադրում են մրցակցային առանձին խախտումների տուգանքների չափերի ավելացում, բայց գերիշխող դիրք ունեցող ընկերությունների համար այդ փոփոխությունները կարծես ավելի նպաստավոր են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում