Գլխավոր Լրահոս

Բացակայող օղակը՝ լինել ընդդիմություն

«Հավատանք, որ փոխենք» կարգախոսը քաղաքական ասպարեզ հենց նոր ոտք դրած քաղաքական ուժի կամ գործչի կարգախոս է՝ ոչ ոք նրան չգիտի: Ընդհանրապես հավատը կարող է տարածվել կա՛մ Աստծո, կա՛մ անհայտ մեկի վրա, որի դրսևորման երաշխիքը դիմացինի հավատն է: Նա դեռևս ոչինչ չի արել, բայց ուզում է, որ իրեն հավատան:

ՀՀԿ-ի դեպքում քանի դեռ երկրում մարդուն վերաբերող որևէ դրական նկատելի փոփոխություն չկա, այն գաղութարարի կարգախոս է, որը զենքով մտել է օտար երկիր և ասում է՝ լավ կլինի: Ոչ գաղութարարը պետք է սկսեր փոփոխություններից, հետո գրոհեր մարդու հավատի վրա:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը՝ էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Ի՞նչ կապ ունի հայի արյունը ձեր բազում պարտականությունների հետ, որոնք պետք է արած-վերջացրած լինեիք: «Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել»,– շարունակում է երկրի ղեկավարը:

Այս նախադասությունը նա ասում է, որովհետև երբեք ընդդիմություն չի եղել, այլապես կտարբերեր «փնովել» և «քննադատել» հասկացությունները: Երկրի ղեկավարն ուզում է, որ մարդիկ հասկանան իրեն, ուզում է, որ գնահատեն իր առաջնորդած կուսակցության կատարած աշխատանքները: Նա թվերով է մատնանշում, թե հատկապես ինչը պիտի գնահատեն քաղաքացիները:

Ըստ իս՝ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին մի պարզ պատճառով՝ 1993-ից Հայաստանում լինելով միայն իշխանության մեջ՝ նա բացարձակապես կորցրել է կապը երկրի և քաղաքացու հետ: Նա գոնե երեք-չորս տարի պետք է լիներ ընդդիմության մեջ, պետք է իշխանության կամայականությունների արդյունքում ունենար անձնական շահույթի կորուստներ, որպեսզի հասկանար, թե ինչ է մարդկանց ուզածը:

Երբևէ ընդդիմություն չլինելը նրա գործունեության բացակայող օղակն է: Ինչո՞ւ շարքային քաղաքացին պետք է հասկանա նրան, եթե նախագահից շարքային քաղաքացի ամենաորոշակի տեղեկությունը միջազգային կառույցների հետ երկրի համար հետաքրքրություն ներկայացնող շատ հանդիպումների մասին այն է, որ «քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:

Սովի շեմին կանգնած քաղաքացին ի՞նչ իմանա, թե որոնք են երկրի ղեկավարի մոտիվները այս կամ այն նախադասությունն ասելիս: Ոչ ոք չգիտեր Ստալինի մոտիվները Ուկրաինայի արհեստական սովը կազմակերպելիս: Մենք ի՞նչ իմանանք, թե ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը, երբ ասում է. «Մարդը չի կարող բարոյական լինել մեկ մակարդակում՝ մյուս մակարդակի հաշվին»: Չէ՞ որ ՀՀ նախագահը գերազանց գիտի, որ վիճակն անտանելի վատ է, բայց այդ մասին չի խոսում:

Ոչ ոք չգիտի ճշմարտությունը տիեզերական մակարդակով, բայց դա չի նշանակում, որ հաղթաթուղթն ընդհանրապես ոչինչ չիմացողին բարդ համադասական նախադասություններ ներկայացնելու մեջ է: Մարդուն ցույց տուր բարոյական բոլոր մակարդակները իշխանության առանձին վերցրած մեկ անհաջողության օրինակով: Բայց քանի որ երկրի ղեկավարը խոսում է նվաճումների մասին, ուրեմն ճիշտ չէ. ինչպե՞ս հավատալ մի բանի, որն արդեն ճիշտ չէ: Հավատը չեն մուրում, կանգնում են մարդկանց առաջ՝ մարմնավորելով այդ հավատը: Եվ ընդհանրապես, մարդու գործը իր նմանին հավատալը չէ, այլ վստահելը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում